‘Մայդանը չի վախենում սառնամանիքից’

863

Կիևի Մայդանի հակակառավարական ակտիվիստները մտադիր չեն ցրվել և ազատել գրաված հաստատությունները՝ չնայած համաներմանը, որի քվեարկությունը Գերագույն ռադայում տեղի ունեցավ անցյալ չորեքշաբթի երեկոյան: Ցուցարարները մտադիր են սպասել առնվազն այնքան, մինչև որ նախագահ Յանուկովիչը ստորագրի այդ փաստաթղթերը, և դրանք հրապարակվեն, ու օրենքներն ուժի մեջ մտնեն: Ցուցարարների մարտական տրամադրվածությանը չի խանգարում նաև Ուկրաինայի մայրաքաղաքում վ հաստատված սառնամանիքը: Նրանք հավաստիացնում են, որ դա, ավելի շուտ, միլիցիայի համար է մեծ խնդիր, այլ ոչ թե նրանց համար, ովքեր պաշտպանում են իրենց ազատությունը: «Տեսեք, ես նույնիսկ վերարկու չեմ հագել: Սառնամանիքները մեզ չեն վախեցնում: Թող «Բերկուտը» վախենա դրանցից: Սառնամանիքը միայն օգնում է մեզ»,- ասել է ցուցարարներից մեկը:

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում երկրում ձերբակալվել է 234 մարդ, նրանցից 140-ը կալանավորվել են:

Նախագահ Յանուկովիչը հայտարարել է, որ ձգձգում է օրենքների ստորագրումը, քանի որ, նախ, սպասում է արդարադատության նախարարության եզրակացությանը՝ փաստաթղթերի օրինականության վերաբերյալ, և երկրորդ՝ վատառողջ է: Պաշտոնական վարկածով՝ Ուկրաինայի նախագահը շնչուղիների սուր վարակի հետևանքով բարձր ջերմություն ունի: Սակայն մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, թե իբր Յանուկովիչն ինքը նախօրեին պատգամավորներին խոստովանել է, որ ուղեղում արյան զեղում է տեղի ունեցել, և ինքը ռադա է եկել «ուղղակի կաթիլայինի տակից»:

Այնուհանդերձ, առողջական վիճակը չի խանգարել, որ Յանուկովիչը երեկ հանդիպի ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ իշխանությունների ապաշնորհության հետեւանքը. ՌԴ-ն վերջին 13 տարում այլ երկրների «ներել է» $100 մլրդ արտաքին պարտք. մերն ավելանում է ‘
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայում կրկին աճում է գրիպով հիվանդների և զոհերի թիվը’