‘Մայդանում որոշել են ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորել ողջ Ուկրաինայում’

978

Ուկրաինայում ցուցարարները, աչքերն ու բերանները կապած, բողոքի երթ են կազմակերպել դեպի Կիևում Գերմանիայի դեսպանատուն: Ըստ ցուցարարների՝ Եվրամիությունը, որում կարևոր դերակատարություն ունի Բեռլինը, աչքերը փակում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա և միանշանակ ոչինչ չի ասում: Այդ լռությունը, ակցիայի մասնակիցների կարծիքով, ձեռնտու է նախագահ Յանուկովիչին, որի անունից էլ ցուցարարները ծաղրական շնորհակալական տեքստ են գրել և այն թողել  դիվանագիտական ներկայացուցչության մոտ:

Ընդդիմությունը պահանջում է միջազգային պատժամիջոցներ կիրառել ուկրաինական իշխանությունների նկատմամբ, որոնք նրանց կստիպեն երկխոսության գնալ ցուցարարների հետ: «Քանի դեռ ցույցերը շարունակվում են, առաջին հերթին՝ նախագահից է կախված իշխանության և ժողովրդի միջև փոխզիջումներ գտնելը»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն:

Շաբաթ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ հնարավոր է համարում Ուկրաինայի ղեկավարության առանձին անդամների դեմ պատժամիջոցների կիրառումը, սակայն միայն այն դեպքում, եթե հանրապետությունում խախտվեն ժողովրդավարության սկզբունքները:

Իսկ Կիևի Մայդանում կիրակի օրը տեղի է ունեցել տասներորդ ժողովրդական վեչեն, որտեղ հայտարարվել է ամբողջ Ուկրաինայում ինքնապաշտպանության ջոկատներ կազմավորելու և առաջիկա հինգշաբթի համազգային գործադուլ հայտարարելու մտադրության մասին, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստ. Հանցավոր վարչախումբը վախեցած է’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է ԼՂ վերաբերյալ փաստաթուղթ ընդունել’