‘Մանուկյանը՝ նախարարին. «Էս վարկերի տակից ո՞նց եք դուրս գալու». (Տեսանյութ)’

1532

ԱԺ-ում քննարկվում է 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը, որով հիմնական զեկուցողը Աշխատանքի եւ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն է:

Քննարկման ընթացքում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Ասատրյանին. նախ՝ ի՞նչ վիճակում են գտնվում իր ղեկավարած նախարարության վերցրած վարկերը, որքա՞ն են դրանք կազմում եւ այլն: Բացի այդ,  Մանուկյանի խոսքով՝ համաձայնագրում նշված է, որ գումարի մի մասը պետք է ուղղվի կենսաթոշակային համակարգի բարելավմանը: Արդյո՞ք այդ գումարը նախատեսված էր կուտակային կենսաթոշակային ծրագրի համար, եւ ապա՝ համաձայնագիրը կնքվել է մայիսին, իսկ  եթե ԱԺ-ն չընդուներ այդ օրինագիծը, ապա ի՞նչ պետք է լիներ այդ գումարի հետ:

Ի պատասխան՝ Ասատրյանը հայտարարեց, թե վարկերի մասով այս պահին մոնիթորինգ չի իրականցվել, հետեւաբար՝ այդպես էլ չասաց՝ որքան է կազմում իրենց կողմից վերցված վարկերի հանրագումարը: Ապա նշեց, թե այս ծրագրով գումար նախատեսված չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար,  այլ՝ նախատեսված են հաշվառման եւ տեղեկատվական համակարգերի եւ դրանցում առկա միջոցառումների համար:

Արամ Մանուկյանը արձագանքեց. «Էս վարկերը, որ անընդհատ ավելացնում եք, ո՞վ է  մուծելու, ինչպե՞ս եք գտնելու գումարը, ձեզ չի՞ անհանգստացնում, որ մենք հինգ մլրդ դոլարի սահմանին ենք: Անընդհատ վարկ եք վերցնում, բայց տալու մեխանիզմ չեք ստեղծում: Էս վարկերի տակից ո՞նց եք դուրս գալու»:

Ի պատասխան՝ Ասատրյանը մի անհոդաբաշխ հայտարարություն արեց: Նախ ասաց, թե բա գիտե՞ք՝ իսկապես, բոլորիս մտահոգում է երկրի արտաքին պարտքի չափը: Հետո էլ թե՝ «բնականաբար, կառավարությունը նայում է ցանկացած այս կարգի համաձայնագիր, ինչ խնդիր է դրված լուծելու, եւ արդյո՞ք նպատակահարմար է այն խնդիրների լուծումը, որոնք նախատեսված են այդ ծրագրերով լուծել, իրականացնել վարկային ծրագրով»:  Ու այսպես, երկար գովելուց հետո, Ասատրյանը սկսեց նաեւ այս վարկային համաձայնագիրը գովել, թե «այս ծրագրի արդյունավետությունը միանշանակ պետք  է գնահատել նպատակային»: Բայց թե, ի վերջո, երկիրը ո՞նց է այս վարկերի տակից դուրս գալու՝ այդպես էլ չասաց:  

Նախորդ հոդվածը‘Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Վարկ եք վերցնում, որ կառավարությունն իր պարտականություննե՞րը կատարի (Տեսանյութ)’