‘Մանուկյան. Ձեր երեխեքի եւ պատմության համար. եթե անգամ կողմ չեք կարող քվեարկել, ապա՝ մի քվեարկեք’

1554

ԱԺ-ում շարունակվում են մարտի մեկի հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումները: Քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով իր խոսքի սկզբում խորհուրդ տվեց ՀՀԿ-ին այս հարցով իրենց տեսակետները մատուցել այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր գոնե վարկաբեկված չեն: Նա նշեց, որ համոզված է, որ գալու է այն ժամանակը, որ հենց նույն ՀՀԿ-ն է միանալու Կոնգրեսի նախաձեռնությանը, քանի որ եթե արդեն այդ նախաձեռնությանը 46 պատգամավոր է միացել, ապա դժվար չի լինելու այդ թիվը հասցնել 66-ի: Եւ այդ մարդկանց, ովքեր կմիանան, Մանուկյանի խոսքով, չարությամբ չեն վերաբերվելու: Նա հիշեցրեց, որ անձամբ իրեն հազարավոր ՀՀԿ-ականներ բերել ու հանձնել են իրենց անդամատոմսերը: Նա նշեց, որ համաձայն է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն մտքի հետ, թե քաղաքական փոփոխության արդյունքում է, որ պետք է արդարադատություն ակնկալել: «Մենք քայլ առ քայլ, կաթիլ-կաթիլ ուզում ենք ձեր իշխանությունը թուլացնել եւ, բնականաբար, մեղավորները կպատժվեն, երբ իշխանությունը փոխվի»,- նշեց Մանուկյանը:

Նա ասաց, որ իրականում բացահայտման ջատագովները հենց ՀՀԿ-ականները պետք է լինեն, եթե պնդում են, որ իրենք էլ են ցանկանում բացահայտում: «Գնացեք, ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին հավաքվել, քաղխորհրդի նիստ հրավիրել, կանչել դատախազին, ասել՝ գնում ենք բացահայտման, գնացեք էդ համարձակ քաղաքական քայլին: Էդ ժամանակ մենք ոչ ասելիք կունենանք, ոչ՝ կգանք այստեղ հանձնաժողով կպահանջենք, հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է: Ասում եք՝ բա հոկտեմբերի 27-ը՞, է գնացեք-բացահայտեք, ո՞վ է ձեզ խանգարում: Չեք անում, այդ ժամանակ մեր լեզուն երկարում է, արեք»,- հայտարարեց Մանուկյանը:

Նա նաեւ հավելեց, որ հանցագործություն բացահայտելը ոչ թե պատժելու ֆունկցիա ունի, այլ  դաստիարակելու խնդիր է լուծում. այսինքն՝ մեկին պատժում ես, միլիոններին բացատրում ես, որ այս հանցանքի համար կպատժեմ: «Մարդիկ էսօր գնում են ոչ թե սոցիալական խնդիրների պատճառով, այլ իրավական անպաշտպանվածության պատճառով: Այստեղ լուրջ բարոյական խնդիր կա եւ ես ձեզ դիմում եմ ՝զուտ բարոյական արժեքների պահպանման առումով, ձեզ փրկօղակ է տրվում: Դուք եկեք ստեղծեք, մենք էլ միանանք՝ հանցագործներին բացահայտենք: Ընկել եք բարդ վիճակի մեջ՝ գաք, պրոբլեմ եք ունենալու Գալուստ Սահակյանի հետ, չգաք՝ ձեր խղճի հետ: Մարդը անկեղծ է, երբ մենակ է մնում իր հետ, երբ մենակ մնաք ինքներդ ձեզ հետ, հարցրեք ՝ էս դեմ քվեարկելով ճի՞շտ եմ անում: Ձեր երեխեքի եւ պատմության համար, եթե անգամ կողմ չեք կարող քվեարկել, ապա մի քվեարկեք կամ գոնե ձեռնպահ քվեարկեք»,- հայտարարեց Մանուկյանը:  

Այժմ Աժ-ում հայտարարվել է մեկժամյա ընդմիջում: Նիստը եւ քննարկումները կշարունակվեն ընդմիջումից հետո: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան հնարավոր է մեկ շաբաթից ստորագրի Եվրաասոցացման պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Տնօրենը բիզնես օբյեկտ է դարձրել Ավանի հոգեբուժարանը. Հոգեբուժարանի բժիշկներ’