‘Մանուկյան. Չե՞ք հասկանում, որ երկրին պետք է ժողովրդի կողմից ընտրված նախագահ’

1503

«Սերժ Սարգսյանը փորձեց հիմնավորում ներկայացնել, թե ինչու է հանում նախագահական ինստիտուտը, մեր ամբողջ աղմուկը նաեւ նրա համար է, որ Հայաստանն այսօր` պատերազմական վիճակում ունի ժողովրդի կողմից ընտրված նախագահի անհրաժեշտություն: Ասաց` Հայաստանում կան մարդիկ, որոնք խարիզմատիկ են, որոնք կարող են կուսակցություններ չունենալ, բայց ընտրվել նախագահ: Ուրեմն, իր վախը տեսեք որն է` խարիզմատիկը ժողովրդի կողից ընդունված մարդն է, ասում է` կարող են մարդիկ լինել, որոնք դեմ են, որ մեր Սահմանադրությունն անցնի, որ հետո իրենք դառնան նախագահ: Ուժեղ տրամաբանություն է: Ասում է` եթե այս Սահմանադրությունը չանցավ, մնում է հին Սահմանադրությունը, որի դեպքում պետք է առաջադրվի նախագահ, եւ ասում է` մենք արդեն ունենք երեք հոգի, որոնք կարող են լինել նախագահի թեկնածու: Վստահ եմ` ինքը մի քանի հոգու ասել է, որ եթե չանցավ, դու կարող ես լինել նախագահի թեկնածու, ուղիղ հարց եմ տալիս` ձեր կարծիքով, կամ հենց էդ մարդկանց կարծիքով, որոնք իրենց նախագահ են երազում տեսնել, իրենք այս նախագծին ինչպե՞ս են քվեարկելու: Իրենք պոտենցիալ նախագահ են, բայց պիտի պայքարեն, որպեսզի Սարգսյանի նախագիծը անցնի, որ Հայաստանը նախագահ չունենա:

Կարո՞ղ եք այս կազուսը լուծել: Այսինքն, ինքը նախագիծ է առաջ քաշում ու ասում է, որ եթե չանցկացնեք, ես ինձ նման երեք հոգի ունեմ, որոնցից մեկը ձեզ կարող է նախագահ դառնալ: Սա է երկրի ղեկավարի տրամաբանությունը եւ փորձում է վախեցնել ժողովրդին, որ եթե հանկարծ էսպես չանեք, էսպես կլինի կամ անվտանգության խնդիրները կարող են խարխլվել: Սա անլրջության դրսեւորում է: Էսպես չի կարելի երկրի հետ խաղալ: Չե՞ք հասկանում, որ երկրին պետք է ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Չի կարելի գնալ այսպիսի արկածի: Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ, եւ մենք մեր փամփուշտներով` քվեաթերթիկով, պիտի գնանք մասնակցենք՝ այս չարիքի դեմն առնելու համար»,- քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:  

 

Նախորդ հոդվածը‘Սեֆիլյան. Այս տարի առանց Սերժի’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Հիմա կամ երբեք’