‘Մանուկյան. Սա մսխող բյուջե է. Տեսանյութ’

1532

Աժ-ում շարունակվում է 2016-ի բյուջեի քննարկումը: Բյուջեի նախագծի վերաբերյալ այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ Հայ ագային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Խոսելու եմ միայն պետական պարտքի մասին:

Բեռլինում՝ քաղաքի կենտրոնական մասերից մեկում, կա մեծ էլեկտրոնային ցուցատախտակ, որտեղ ամենօրյա ռեժիմով ցուցադրվում է երկրի պարտքը եւ նրա դինամիկան, որը անընդհատ փոխվում է: Երկրի արտաքին պարտքը ամենալավ ցուցանիշն է, որը ցույց է տալիս տվյալ կառավարության ստեղծագործ կամ մսխող բնույթը:

Եւ այստեղ այնքան էլ կարեւոր չէ վարկի բացարձակ չափը, հիմնական ցուցանիշը պարտքերի հարաբերակցությունն է ՀՆԱ-ին, եւ երկրորդ ցուցանիշը՝ նրա արդյունավետությունը, նրա ստեղծագործական լինելը երկրի զարգացման համար:

Եւ ես փորձեմ ցույց տալ, որ մեր վերցրած պարտքերը ամենեւին ստեղծագործական չեն, ընդամենը մսխվող գումարներ են, որոնք ոչ մի զարգացում Հայաստանում չեն բերում, ընդհակառակը, բերում են պարտքեր՝ եկող սերունդների համար:

Թվերն ավելի խոսուն են. պետական պարտքը 2014-ին եղել է 4.4 մլրդ, 2015-ին դարձել ՝ 5 մլրդ, հիմա սպասվում է 5.6 մլրդ:

Արտաքին պարտքը աճել է 1.1 մլրդ-ով 2 տարվա ընթացքում՝ 3.7 միլիարդից հասնելով 4.8 մլրդի: ԿԲ պարտքը 440 մլն-ից հասել է 550 միլիոնի:

Ներքին պարտքը 650 մլն-ից դարձել է 747 մլն: 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում, ՀՀ պետական պարտքը եղել է 1.6 մլրդ, եւ 1.6 մլրդից ձեր իշխանության ժամանակ թիվը դարձել է 5.6 մլրդ:

Միայն Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ պետական պարտքը ավելացել է 1.7 մլրդով: Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում պետական պարտքն ավելացել է 580 մլն-ով: Ապրիլից այս կողմ՝ ավելացել է 900 մլն դոարով: Սա է մեր պարտքերի սարսռեցնող, ոչ հեռանկարային  ֆինանսատնտեսական զարգացումը: Ընդ որում, ամռանը դուք քվեարկեցիք «պետական» բառը կառավարական բառով փոխելու օգտին, որի արդյունքում վերջին շեմի սահմանափակ լինելուց դուրս եկավ ԿԲ պարտք հասկացողությունը: Եւ սրա արդյունքում ԿԲ-ն որքան ուզի՝ կարող է պարտք վերցնել, որի վերին սահմանը չի կարող լինել սահմանափակ: Իսկ վերին սահմանի համար գոնե երկու թիվ կա, երբ համաշխարհային բանկը կամ վալյուտային ֆոնդը սահման են դնում, որ եթե կառավարությունները գող են, եթե իշխանությունները չեն մտածում իրենց ապագա սերունդների մասին, սահմանվում է վերեւի շեմ՝ 50 տոկոս ՀՆԱ-ի հետ կապված, եւ դեֆիցիտի հետ կապված՝ մինչեւ 3.5 տոկոս: Այսինքն, որ դու, լինելով ՀԲ անդամ՝ դրանից ավելի իրավունք չունես պարտք վերցնես:

Համեմատելու համար, արտաքին պարտը 1.5 մլրդից կտրուկ վերելքով բարձրացել է 3.7 մլրդ՝ 2012-ին, 2013-ին՝ 4 մլրդ, 2014-ին՝ 4.5 մլրդ, 2015-ին՝ 5, եւ 2016-ի համար նախատեսվում է 5.5 մլդր: Աճել է 4 անգամ: ՀՆԱ-ն, 2016-ի համար կազմելու է 11.3 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2008-ին ՀՆԱ-ն եղել է 11.6 մլրդ: Այսինքն, 2008-ից մինչեւ հիմա դոլարային ցուցանիշով Հայաստանի ՀՆԱ-ն աճ չի գրանցել: Սա դուք երբեմն պատճառաբանում էիք արտաքին վիճակներով, տնտեսական ճգնաժամով, լրիվ ընդունում եմ, բայց համեմատության համար՝ Ադրբեջանը 2009-ին եւ 2010-ին ամբողջությամբ հաղթահարեց ճգնաժամի հետեւանքները, Վրաստանը 2011-ին վերադարձավ 2008-ի եւ նախորդ տարիների ցուցանիշներին: Իսկ մեզ մոտ հաշվարկված է, որ Հայաստանը 2019 թվականին միայն կարող է հասնել ՀՆԱ-ի 2008-ի մակարդակին: Այսինքն, մենք տարածաշրջանում մեզ նման երկրների շարքում 10-11 տարով հետ ենք ընկել:

Իմ ձեռքին է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Կառավարության պարտքի կառավարման 2015-17 թվականների ռազմավարական ծրագիր», որը հաստատվել է 2014 թվականին:

Միայն պարտքերի մասով ներկայացնեմ կառավարության հաստատած այս ծրագիրը: 2012-ին Հայաստանի պարտքը ՀՆԱ-ի հետ կապված՝ 44 տոկոս, 2013-ին՝ 43 տոկոս (սա կանխատեսումն է եւ ծրագիրը՝ ամեն տարի պակասեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը), 2014-ին՝ 42 տոկոս, 2015-ին՝ 41, 2016-ին՝ 40 տոկոս, 2017-ին՝ 37 տոկոս:

Ծրագրի առումով հրաշալի է, ամեն տարի ՀՆԱ-ի հետ հարաբերակցության մեջ մեր պարտքը պետք է նվազեր: Բայց իրականությունը այն է, որ այսօր մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցության մեջ կազմում է 49.3 տոկոս: Այսինքն, մենք ամենավտանգավոր եզրի վրա ենք, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը արդեն 50 տոկոսի շրջանակում է: Այսինքն, մեկ տարի առաջ ծրագիր եք գրել, կանխատեսել եք հարաբերությունը իջեցնել  37 տոկոսի, բայց հիմա դարձել է 49 տոկոս, այսինքն 12 տոկոսով մեր պարտքը կառավարության հաշվարկից վեր է:

Նույն վիճակն է նաեւ դեֆիցիտի հետ կապված: Եկող տարվա բյուջեում դեֆիցիտի տոկոսը 3.5-3.8 տոկոս է նախատեսված: Այն դեպքում, երբ նորմալ երկրներին արգելվում է 3 տոկոսից ավելի դեֆիցիտ, եթե չես անցել ՀՆԱ-պարտք հարաբերակցության 50 տոկոսը: Դինամիկան այսպիսին է, 2014-ին՝ 1.9 տոկոս, 2015-ին՝ 2.3 տոկոս, 2016-ին նախատեսվում է 3.5 տոկոս: Կտրուկ աճ, այսինքն՝ փող չեք հավաքում, դեֆիցիտը ավելացնում եք:

Հաջորդ թիվը. եկող տարվանից պարտքերի մարումը գրավելու է մեր բյուջեի մեջ 3-րդ տեղը: 1-ինը սոցիալ-մշակութային ծրագրերն են, 2-րդը պաշտպանական եւ անվտանգության համակարգերն են, եւ 3-րդ տեղում՝ պարտք մարելու չափը, մենք եկող տարի մեր բյուջեից մարելու ենք 320 մլն դոլար: Իսկ 2020 թվականին դա անցելու է 400 մլն դոլարը: Այ էս է, որ ասում ենք՝ սերունդների համար պարտք եք հավաքում: Եւ ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա մեր պետական պարտքի բաժինը հասնում է 1590 դոլարի: Սա է ամենախոսուն ցուցանիշը: Եւ գնալով այս թվերը ծանրանալու են:

Ամփոփեմ: Սա վաղվա օրը, հեռանկարը կործանող բյուջե է, եւ լրջագույն պարտքերի տակ գցող այն սերունդներին, այն կառավարությանը, որը վաղն է լինելու: Սա ուղղակի համարում եմ մսխող բյուջե: Մեր կառավարությունը մսխող կառավարություն է»: 

Տեսանյութը՝ Ա1+-ի

Նախորդ հոդվածը‘Փարիզ. Փորձագետները պարզում են սպանված ահաբեկիչների ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘«Խիյարը թարս է աճում, դրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք»’