‘Մանուկյան. «Freedom House»-ի տվյալներով՝ ՀՀ-ն կիսաավտորիտար երկիր է (Տեսանյութ)’

2161

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը՝ Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ.

Ճգնաժամը մի վիճակ է, երբ ժողովուրդը դժգոհում է, իսկ իշխանությունները անկարող են: Հայաստանում այժմ այդպիսի վիճակ է: Ես կներկայացնեմ 2014 թվականի միջազգային կառույցների զեկույցները՝ նվիրված Հայաստանին: Այս փաստերին որեւէ մեկը չի կարող հակափաստարկներ բերել:

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2014 թվականի զեկույցում մարդկային կապիտալի ցուցանիշով Հայաստանը 122 երկրների մեջ զբաղեցնում է 73-րդ տեղը: Սրա վրա ազդել է գործազրկության ցուցանիշը՝ շուրջ 40 տոկոս, աղքատությունը՝ 36 տոկոս, իսկ գործազրկության մակարդակով 122 երկրների մեջ ՀՀ-ն 113-րդ է: Սա ճգնաժամ է: Գործազրկության մակարդակով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում գրավում է առաջին տեղը:

ՄԱԿ-ի մարդկային զարգացման ցուցանիշով՝ անացած տարի Հայաստանը գրավել է 80-րդ տեղը ուսումնասիրվող երկրների շրջանակում եւ նահանջել է 1-2 տարվա ընթացքում եւս 1, 2 կետով:  Մարդկային զարգացման ցուցանիշով մենք հետ ենք Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից:

Ըստ «Լեգատում» միջազգային կազմակերպության 2014 թվականի զեկույցի՝ զարգանալու եւ բարգավաճելու ցուցանիշով 142 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 98-րդ տեղը: Նույն կառույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը 129-րդ տեղում է, իսկ անցած տարի եղել է 116-րդ տեղում: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում մեր երկրի տնտեսական ընդհանրական ցուցանիշը նվազել է 13 կետով: Այստեղ այս ցուցանիշը գնահատվում է պետության կողմից իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությամբ, ինչպես նաեւ զարգացման եւ ֆինանսական արդյունավետ կառավարմամբ: Գործարարության համար ստեղծված պայմանների գործակցով 2014 թ. Հայաստանը եղել է 81-րդ տեղում՝ 2013-ի 75-ի փոխարեն: Նահանջը ակնհայտ է: Առողջապահության մակարդակը 142 երկրների մեջ 98-րդ է՝ այն դեպքում, երբ 2013-ին եղել է 87-րդը: 2007-2012 թվականներին Հայաստանի կրթական զարգացման ինդեքսը, ըստ «Յունեսկոյի», 29-րդ հորիզոնականից իջել է մինչեւ 52-րդ հորիզոնական: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատմամբ՝ 2014թ. գենդերային հավասարության վարկանիշով Հայաստանը 142 երկրների մեջ զբաղեցնում է տարածաշրջանում վատագույն՝ 103-րդ տեղը:

2008-2009 թվականներին ՀՀ ներդրումները կազմել են ՀՆԱ-ի 41 տոկոսը, անցյալ տարի՝ 16 տոկոսը, իսկ այս տարի 15 տոկոսից ցածր են:

Անձնական ազատությունների ցուցանիշով Հայաստանը 122-րդ տեղում է՝ 2014 թվականին, իսկ 2013-ին եղել է 117-րդ տեղում: 5 կետով ՀՀ ժողովրդավարության ցուցանիշը նահանջ է ապրել: Սոցիալական կապիտալի եւ բարգործության ցուցանիշով 2014-ին մենք եղել են 124-րդ տեղում: Սրա մեջ մտնում է բնակչության ակտիվությունը՝ ընտանիքների մասնակցությունը համայնքային եւ քաղաքական կյանքին:

Կառավարման ընդհանուր գնահատականների մեջ նշածս ցուցանիշները իրենց մեջ ընդգրկում են.

ա) Պատասխանատու կառավարություն ունենալը

բ) Արդար ընտրությունների կազմակերպումը

գ) Քաղաքացիական մասնակցության չափը

դ) Զարգացման եւ ֆինանսական սեկտորի արդյունավետությունը:

Բարեկեցիկ երկրների ցուցանիշով, որի ուսումնասիրությունը կատարվել է 140 երկրների մեջ, Հայաստանը զբաղեցնում է 90-րդ տեղը:

«Freedom house»-ի տարեկան ամփոփոչ զեկույցում, որը հրապարակվել է վերջերս, Հայաստանը  2003-ին եւ 2014-ին համարվել է կիսաավտորիտար կառավարման երկիր: 1-ից 7 բալային սանդղակով, որտեղ 7 բալով գնահատվում են ավտորիտար երկրները, Հայաստանի ցուցանիշը կազմել է 5.75: Անցած տարիների ընթացքում ընդհանուր առումով բան չի փոխվել: Այս ցուցանիշը կազմվել է ընտրական գործընթացների գործունեության, քաղաքացիական ազատությունների մակարդակի, մամուլի ազատության, ժողովրդական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական համակարգերի եւ կոռուպցիայի չափի արդյունքներում: Ասեմ նաեւ, որ կա միայն մի ցուցանիշ, որտեղ ՀՀ-ն առաջընթաց է ձեւակերպել. դա քաղաքացիական ազատությունն է: Մնացած բոլոր կետերում ցուցանիշը պահպանվել է կամ նվազել: Մենք Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ գնտվում ենք նույն մակարդակում:

Ըստ ժողովրդավարության սանդղակի՝ Հայաստանը  167 ուսումնասիրված երկրների շրջանակում 114-րդ է:  Իրաքը մեզնից առաջ է գտնվում, իսկ մեզնից հետո գալիս են Հայիթին եւ Մարոկկոն: Մեզ ընդամենը երկու միավոր է պակասում, որ կիսաավտորիտար համակարգ ունեցող երկրներից անցնենք ավտորիտարի:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում կատարված բռնաճշնումների արդյունքում հաստատ Հայաստանը կհայտնվի ավտորիտար համակարգ ունեցող երկրների շարքում: Սա իրականություն է, եւ այս իրականության հետ դուք պետք է հաշվի նստեք:  Երբ կառավարման բոլոր ոլորտներում ճգնաժամ է, համատարած հուսահատություն, բնականաբար՝ այս ամենը պետք է բերեր արտագաղթի:

Օրինակ՝ անցած տարի արտագաղթի պաշտոնական թիվը կազմել է 47 հազար՝ դրան նախորդող 43 հազարի փախարեն: Այս տարվա միայն հունվար ամսին օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնել եւ չի վերադարձել 5 հազար ՀՀ քաղաքացի, իսկ ցամաքային ճանապարհներից գնում են երկու անգամ ավելի շատ: Վերջին երկու մարդահամարների ցուցանիշներով՝ մեր բնակչության թիվը պակասել է 320 հազարով, եւ եթե դրան գումարում ենք նաեւ 2011 թվականից հետո ՀՀ-ից գնացածների թիվը՝ պաշտոնապես գնացածների թիվը կազմում է 452 հազար մարդ:

Սա համատարած ճգնաժամ է:

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Հայաստանում առաջացած կառավարման ճգնաժամի մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Խարկովցի պարտիզանները» Ավակովին են մեղադրում պայթյունի կազմակերպման մեջ’