‘Մանուկները հաղթեցին «ագահ կառուցապատողներին» (տեսանյութ)’

913

Սուրենյան փողոցի մի խումբ բնակիչներ փետրվարի 23-ին Սուրենյան փողոցում գտնվող Հ. Պարոնյանի պուրակում կազմակերպեցին մանկական նկարների ցուցահանդես «Մանուկներ, արև, ծառեր» խորագրով` ընդդեմ պուրակի մի հատվածի ապօրինի օտարման և մասնավոր կառուցապատման: Շատ ցավալի է, երբ արդեն երեխաներնն են դուրս գալիս պայքարի և ձեռք ձեռքի տված պահանջում արդարություն, ծառեր ու թթվածին: Ցավալի է, երբ երեխաները ծառ ու արև նկարելու փոխարեն նկարում են բուլդոզերներ, որոնք արմատախիլ են անում ծառեր, անիվների տակ ճզմում խոտ ու ծաղիկ, թիթեռ ու թրթուռ:

Երեխաների հոգու այս ճիչն անսիրտ դահիճների դեմ  հասավ տեղ, և ցուցահանդեսի ավարտին տեղի ունեցավ հանդիպում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանի, մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի և բնակիչների միջև: Լրագրողների և բնակիչների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՏԻՄ ղեկավարը և ՀՀ ԱԺ պատգամավորը խոսք տվեցին` տղամարդու խոսք, որ հարցը կլուծվի հօգուտ հանրության, և ապօրինի կառուցապատում տեղի չի ունենա, իսկ տարածքը շղթայած ցանկապատը կապամոնտաժվի և կվերադարձվի բնակիչներին, տեղում կկառուցվի մանկական խաղահրապարակ և հանգստի վայր, չի կտրվի և ոչ մի ծառ, որից հետո բնակիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց ուժերով անհապաղ ապամոնտաժել շինարարական ցանկապատը: Բոլոր ներկա բնակիչները, երեխաները միասնական ուժերով, առանց վնասելու ծառերը և կառուցապատողի սեփականություն հանդիսացող ցանկապատը, ապամոտաժեցին և ըստ հարգի դասավորեցին այն պուրակի մի անկյունում:

Տարածքը փաստացի վերադարձվեց հանրությանը: Զզվելի ցանկապատը փշրվեց: Սակայն իրավական ցանկապատը դեռևս անտեսանելի շրջապում է ազատագրված պուրակը: Քանի դեռ այն սեփականաշնորհված է մնում, միշտ կլինի վտանգ, որ կգա մեկ ուրիշ ագահ կառուցապատող կացինը ձեռքին ու կասի` էս սարն իմն է, էս ծառն իմն է… Բայց բնակիչները ձեռք են առնում բոլոր միջոցները նման սցենար թույլ չտալու և վերադարձը նաև իրավական իրողություն դարձնելու համար: Այդ հարցում նրանք ակնկալում են բոլոր այն ԶԼՄ-ների աջակցույթունը, որոնք արդեն շուրջ 1 տարի է կողք կողքի պայքարել են իրենց հետ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին ժամը 13:30-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում:

Նախորդ հոդվածը‘Աքելլան վրիպեց. «Ոհմակը» զգում է վտանգը’
Հաջորդ հոդվածը‘«Ինտերի» երկրպագուները «Միլանի» հետ խաղում Բալոտելիին փչովի բանան են ցույց տվել. Ֆոտո’