‘«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» միավորվել են՝ օգնելու համար ահաբեկչության հետևանքով տուժածներին ‘

1062

Անգլիական Մանչեսթեր քաղաքի երկու ոխերիմ մրցակիցները` «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» միավորվել են, որպեսզի օգնեն մայիսի 23-ին «Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածներին: Նախ «Սիթին» նախօրեին շնորհավորել է ՄՅՈՒ-ին ԵԼ եզրափակչում հաղթանակի կապակցությամբ, այնուհետև երկու թիմերը կյանքի են կոչել #ACityUnited հաշթեգը` բարեգործական նպատակով միասին աշխատելու համար:

Այդ մասին տեղեկությունը հաստատվել է այսօր: Sky Sports, PA Sport, ինչպես նաև երկու ակումբների պաշտոնական կայքերում կարելի է կարդալ համատեղ բարեգործության մասին տեղեկությունը: Մանկունիանցիները 1 միլիոն եվրո կհատկացնեն ահաբեկչությունից հետո հատուկ այդ նպատակով ստեղծված “We love Manchester Emergency Fund” ֆոնդին: 

Ավելի վաղ Manchester Evening News-ը սկսել էր “We Stand Together” շարժումը, որին միացել էր նաև Կարմիր Խաչը և 24 ժամում հավաքվել էր մոտ 2 միլիոն ֆունտ: Ֆոնդին 100 հազարական ֆունտ էին նվիրաբերել Յայա Տուրեն «Սիթիից» և Ուեյն Ռունին` «Յունայթեդից»: «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» համատեղ նվիրատվությունից հետո ֆոնդում հավաքված գումարը կազմել է 3 միլիոն ֆունտ և կփոխանցվի ահաբեկչությունից տուժածներին ու զոհերի հարազատներին: 

Հիշեցնենք որ Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22 մարդ զոհվել էր, մոտ 120-ը ստացել էին մարմնական վնասվածքներ: 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Խեսուս Նավասը հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան կանձրեւի’