‘«Մանչեսթեր Յունայթեդ» — «Այաքս» 2:0. մանկունյանցիները նվաճում են Եվրոպա լիգայի գավաթը (տեսանյութ)’

928

Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում Ամստերդամի «Այաքս»-ը մրցում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 0:2 հաշվով: «Յունայթեդ»-ը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին առջևի գծում, իսկ ամստերդամցիների գործողություններում որոշակի խուճապ էր նկատվում։ Հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ Պոլ Պոգբայի հարվածից հետո գնդակը, Սանչեսից անդրադարձով, հայտնվեց Անդրե Օնոնայի պաշտպանած դարպասում։ «Այաքսը» փորձեց նախքան ընդմիջում վերականգնել հավասարությունը, սակայն Սերխիո Ռոմերոյի դարպասն անառիկ մնաց։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել «կարմիր սատանաներ»-ի մեկնարկային կազմում: Խաղի 38-րդ րոպեին հայ կիսապաշտպանը մրցակցի նկատմամբ կոպիտ խաղալու համար դեղին քարտի արժանացավ: Երկրորդ խաղակեսի մեկնարկում եկավ Մխիթարյանի աստեղային ժամը: 48-րդ րոպեին 28-ամյա կիսապաշտպանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ և ամրապնդեց իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցեց եվրագավաթային եզրափակչի։ Երկրորդ գոլը հոգեբանորեն կոտրեց «Այաքսի» ֆուտբոլիստներին, ովքեր այդպես էլ չկարողացան փոխել հանդիպման ընթացքը․ հաշվի մեջ այլևս փոփոխություններ չարձանագրվեցին։ 74-րդ րոպեին Մխիթարյանը դաշտում իր տեղը զիջեց Ջեսի Լինգարդին:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն ստացավ։
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և 74-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։

Եվրոպա լիգա, եզրափակիչ

«Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2
Գոլերը՝ Պոգբա 18՛, Մխիթարյան 48՛

Նախորդ հոդվածը‘Մխիթարյան. Հաղթանակս նվիրում եմ բոլոր հայաստանցիներին (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘ Marca.Կարվախալը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին’