‘«Մանչեստեր Յունայթեդը» պատրաստվում է պայքարել Բեյլի համար’

956

Ամառային տրանսֆերային պատուհանի ամենաերկարատև «հեռուստասերիալը» կարող է շարունակություն ունենալ: Բրիտանական մամուլի պնդմամբ, Գարեթ Բեյլի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը, որի մասին իսպանական մամուլը արդեն երկու շաբաթ է, խոսում է որպես կայացած փաստ, հեռու է իրականությունից: Ըստ «Sky Sports-ի», «Տոտենհեմը» ոչ միայն որևե գործարք չի կնքել իսպանացիների հետ, այլև պատրաստ է քննարկել այլ թիմերից առաջարկներ:

Ի սկզբանե Բեյլին գնելու համար մայիսից ի վեր նշվում էր երկու ակումբների անուն՝ «Ռեալ Մադրիդ» և «Մանչեստեր Յունայթեդ»: Չէր կարելի բացառել նաև նորահայտ հարուստներին՝ ՊՍԺ կամ «Մոնակո»: «Ռեալ Մադրիդի» և «Մանչեստեր Յունայթեդի» ցանկությունը նման է. երկու թիմերն էլ ցանկանում են գերաստղ գնել ՝ մադրիդցիները այս տրանսֆերային պատուհանին գնած իսպանացիներին ցանկանում են ավելացնել մեկ աստղային ձեռքբերում, իսկ մանկունյանցիներն ունեն կառուցող և եզրային կիսապաշտպանի կարիք, կառուցողի համար նրանք մինչև վերջ կփորձեն ստորագրել Օզիլին կամ Սեսկին, իսկ եզրայինի դիրքում դիտարկվում է միայն Բեյլը:

Անցյալ ուրբաթ օրը, երբ համացանցում հայտնվեցին խաղացողի նկարները Մարբելյայում, շատերը նրա Մադրիդ տեղափոխությունը համարեցին կատարված: Վիլաշ Բոաշը, ով ամեն անգամ ավելի է դժվարանում լրագրողներին Բեյլի տրանսֆերի վերաբերյալ հարցերին պատասխան գտնելուց, հայտարարեց, որ խաղացողին տրամադրվել է հավելյալ հանգստյան օրեր, և նա իրավասու է այն տնօրինել ինչպես ցանկանա, հավելելով, որ Լոնդոնում սպասում են, որ խաղացողը երեքշաբթի օրը կվերսկսի իր մարզումները ընդհանուր խմբի հետ:

Մադրիդում մինչ օրս վստահություն ունեին, որ խաղացողն ի վերջո կհայտնվի իրենց կազմով, այդպիսով Ֆլորենտինո Պերեսը կգոհացներ ոչ միայն թիմի երկրպագուներին, այլ ինչը գուցե ավելի կարևոր է՝ Զինեդին Զիդանին: Ֆրանսիացին վաղուց չի թաքցնում իր հիացմունքը վալիացու վերաբերյալ և համարում է նրան Ռոնալդուի կամ Մեսսի կարգի խաղացող: Իհարկե, խաղացողի տրանսֆերային արժեքը չափազանց բարձր է  թվում, և ինչպես «Տատա» Մարտինոն է ասում, «այն անհարգանք է մեր իրականության համար», բայց Մադրիդում հստակ գիտեն. նրանց անհրաժեշտ է խաղացող, ով ապագայում կարող է փոխարինել Ռոնալդուին:

Հ.Գ. Մեկ ժավ առաջ «Manchester Evening News»-ը տեղեկատվություն տարածեց, որի համաձայն Մոյեսի թիմը պատրաստ է Բեյլի գործարքի մեջ ներգրավել նաև Ուեյն Ռունիին: «Յունայթեդը» պատրաստ է խաղացողի համար վճարել £60 մլն, գումարած Ուեյն Ռունի: Եթե հաստատվի այս տեղեկատվությունը, Բեյլի Մանչեստեր տեղափոխվելու միակ խոչնդոտը կդառնա հենց Ռունին, ում շատ բարդ կլինի համոզել տեղափոխվել մի թիմ, որը այս մրցաշրջանում խաղալու է «Եվրոպայի լիգայում»: Ամեն դեպքում Ֆլորենտինոն մտահոգվելու առիթ ունի և հնարավոր է՝ վերադառնա 90 մլն գումարած Լուկա Մոդրիչ տարբերակին: 

Նախորդ հոդվածը‘Հրետակոծվել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցին. Կա մեկ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մի գեղեցիկ օր ես կխաղամ Լեւոն Արոնյանի հետ’