‘«Մանչեստեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ»՝ Ռոնալդոյից մինչև Ռոնալդու..’

958

Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում այս թիմերը հանդիպել են 4 անգամ, իսկ եթե հաշվի առնենք նաև Չեմպիոնների գավաթի խաղարկության հանդիպումները, ապա այնտեղ թիմերը հանդիպել են ևս 4 անգամ:

Մինչ փետրվարին և մարտին տեղի ունենալիք հանդիպումները՝ նրանք հանդիպել են միայն ՉԼ-ի կիսաեզրափակչի և 1/4րդ եզրափակիչ փուլերում: Առավելությունը դեռևս մադրիդցիների կողմն է, ում Ֆերգյուսոնը դեռևս չի կարողացել հաղթահարել երկու խաղերի արդյունքում:

Վերհիշենք վերջին շրջանի ուշադրության արժանի երկու հանդիպումներ:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Ռեալ Մադրիդ»՝ 2-3, 2000-ի ապրիլի 19, ՉԼ-ի 1/4րդ եզրափակչի պատասխան հանդիպում

«Սերուցքայիններ»-ը այդ մրցաշրջանի ընթացքում շատ ավելի վատ վիճակում էին հայտնվել, քան Մոուի թիմն այս տարի: Ջոն Տոշակի գլխավորած թիմը նոյեմբերին «Սանտյագո Բերնաբեու»-ում «Սարագոսա»-ից կրած 1-5 պարտությունից հետո հայտնվել էր 17-րդ հորիզոնականում: Ակումբի նախագահ Լորենսո Սանսը, «Պրիմերա»-ից դուրս մնալու վտանգի առջև կանգնած լինելով, հեռացրեց Տոշակին և նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց իսկական մադրիդիստ Վիսենտե Դել Բոսկեին: Մադրիդցիները, կենտրոնանալով ՉԼ-ի վրա, կարողացան հաղթահարել 2-րդ խմբային փուլը և 1/4րդ եզրափակչում պետք է հանդիպեին ՉԼ-ի գավաթակիր «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ, ովքեր վստահորեն գլխավորում էին «Պրեմիեր լիգա»-ի մրցաշարային աղյուսակը և համարվում էին այդ խաղարկության ՉԼ-ի հաղթողի գլխավոր ֆավորիտը:

Մադրիդում առաջին հանդիպումը ավարտվել էր 0-0 հաշվով, և Ֆերգյուսոնի սաները շարունակում էին ֆավորիտ համարվել պատասխան խաղից առաջ: Առաջին խաղակեսի միջնամասում Ռոյ Քինը, գրավելով սեփական դարպասը, հաշիվը դարձրեց 0-1, և մինչև խաղակեսի ավարտ տանտերերը այդպես էլ չկարողացան հաշիվը հավասարեցնել: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռաուլը նախ հաշիվը դարձրեց 0-2՝ օգտվելով միանգամից  գրոհների նետված «Յունայթեդ»-ի ստեղծած ազատ տարածություններից, իսկ 2 րոպե անց Ռեդոնդոն իր կրնկով անցման շնորհիվ ստեղծեց հանրահայտ «Taconazo de Redondo»-ն: Մանկունյացիները վերջին րոպեներին կարողացան հաշիվը դարձնել 2-3, բայց նույնիսկ 3-3-ը մադրիդցիներին դուրս կբերեր կիսաեզրափակիչ: Հետագայում Դել Բոսկեն, որպես մարզիչ, նվաճեց իր առաջին մեծ տիտղոսը, իսկ «Պրիմերա»-ում կարողացավ գրավել 5-րդ հորիզոնականը:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Ռեալ Մադրիդ»՝  4-3, 2003-ի ապրիլի 23, ՉԼ-ի 1/4րդ եզրափակչի պատասխան հանդիպում

Այս անգամ նորից առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մադրիդում, որտեղ տանտերերը հաղթել էին 3-1 հաշվով: Ֆլորենտինոյի կառուցած «Գալակտիկոսներ»-ի թիմը գտնվում էր իր զարգացման կիզակետում, որտեղ սկսել էր փայլել մրցաշրջանի սկզբում ձեռք բերված Ռոնալդոն: Իսկ Ֆերգյոսոնի թիմում, անկախ թիմի արդյունքներից ծայրաստիճան լարվել էին ֆուտբոլիստի կերպարից հեռվացող Դևիդ Բեքհեմի և Սեռ Ալեքս ֆերգյուսոնի հարաբերությունները, և ինչքան էլ անսպասելի էր թվում, բայց արդեն պարզ էր որ Բեքհեմը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է հարազատ ակումբը:

Մադրիդցիները Մանչեստերում ցույց տվեցին իրենց լավագույն խաղը, որտեղ հատուկ առանձնանում էին Զիդանն ու Ռոնալդոն, ով ձևակերպեց ՉԼ-ի պատմության ամենահիշարժան «հեթ տրիկ»-ներից մեկը: Ֆերգյուսոնի սաները Բեքհեմի խաղադաշտ դուրս գալուց հետո նրա 2 գոլերի շնորհիվ, որոնցից հետո Դևիդը ցուցադրաբար դրանք չէր տոնում հաշիվը դարձրին 4-3՝ հօգուտ իրենց, բայց կիսաեզրափակչի համար անհրաժեշտ էր ևս 2 գոլ: Հետագայում «Գալակտիկոսներ»-ին կարողացավ կանգնեցնել Մարչելո Լիպպիի Յուվեն: Իսկ «Մանչեստեր»-ը թեև կարողացավ հաղթել «Պրեմիեր լիգա»-ում, բայց չկարողացավ իր կազմում պահել թիմի գլխավոր աստղին` Դևիդ Բեքհեմին: Անգլիացի գերաստղը, երկար ժամանակ բանակցություններ վարելով Բարսայի հետ, ի վերջո նախընտրեց տեղափոխվել ավելի աստղային թիմ, որով և սկիզբ դրեց առաջին «Գալակտիկոսներ»-ի քայքայմանը: Նույն 2003-ի ամռանը Ֆերգյուսոնը, որպես Բեքհեմին փոխարինող, փորձում էր ստորագրել դեռևս երիտասարդ Ռոնալդինյոյին, բայց Ռոնին տեղափոխվեց Բարսա, իսկ Ֆերգին Բեքհեմի 7 համարը հանձնեց դեռևս 18 տարին չբոլորած Կրիշտիանո Ռոնալդուին…

Ինչ կարելի է սպասել փետրվարին և մարտին տեղի ունենալիք հանդիպումներից

.. Այժմ Ռոնալդուն «Մադրիդ»-ում է, որտեղ փայլուն ֆուտբոլ ցույց տալով՝ միևնույն է, չի կարողանում մրցակցել Լեո Մեսսիի հետ և առիթը բաց չի թողնում դժգոհելու իր ներկայիս «չգնահատված» կարգավիճակից: Իր հերթին՝ Ռոնալդուի կարիքը զգացող Ֆերգին, իր կազմում ունենալով Վան Պերսիի կարգի գոլահար, պետք է փորձի մինչ փետրվար լուծել կենտրոնում կառուցողի խնդիրը: Կագավան սպասելիքները չի արդարացնում, Սքոուլզը ոչ միշտ է լավ մարզավիճակում, իսկ Ռունիին կենտրոնում խաղացնելը հաճախ թուլացնում է հարձակման հզորությունը: Մոուրինյոյի մոտ ամեն ինչ շատ ավելի վատ է, պորտուգալացին իր մարզչական կարիերայի ընթացքում առաջին ագնամ մինչև մրցաշրջանի երկրորդ մասը ստիպված է հրաժեշտ տալ ներքին առաջնությունում հաղթելու մտքին: Այս իրավիճակին, իհարկե, մեծապես նպաստում է մադրիդցիների հանդերձարանում տիրող քաոսային իրավիճակը, բայց միևնույն է՝ Մոուն կարող է փորձել հպարտ հեռանալ «Ռեալ»-ից, եթե կարողանա Սիբելես բերել մադրիդցիների 10-րդ «մեծ ականջները»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին. ԵՊՀ գործունեությունը գնահատվել է բավարար’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայում» սպասում են Աբիդալի վերադարձին’