‘Մանրամասներ Տիգրան Սիմոնյանի մահվան հանգամանքների վերաբերյալ. Ձերբակալվել է սպա’

2520

Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։  ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը և մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այսօր այցելել էին Եղնիկներ զորամասի զինծառայող, մարտական հենակետում փետրվարի 10-ին մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին՝ դեպքի մասին մանրամասներ ճշտելու նպատակով: ՀՔԱ-ի կայքի տեղեկացմամբ, հայրը՝ Սամվել Սիմոնյանը, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 1.15-ի սահմաններում զանգ է ստացել հարևանից, ով նրան շտապ կանչել է իրենց տուն: Ինչպես նշեց հարևանը, Վանաձորի զինկոմիսարիատից մինչ այդ զանգել են իրենց տուն և տեղեկացրել մահվան դեպքի մասին՝ ոչ մի այլ մանրամասնություն չհայտնելով: Իսկ արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, զինկոմիսարիատի աշխատակիցն անձամբ այցելել է Սիմոնյաններին, զրուցել նրանց հետ և ներկայացրել դեպքի մասին որոշ մանրամասներ, որոնք, սակայն, հարազատների համար խելամիտ չեն հնչել: Ըստ հարազատների՝ զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը:   Վազելով հակառակ ուղղություններով և մի կետում դուրս գալով միմյանց դիմաց՝ Տիգրանի ծառայակիցը արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում: Սակայն, հարազատներն այս իրավիճակը խելամիտ չեն համարում, քանի որ կարծում են, որ տղաները չէին կրակի միմյանց ուղղությամբ՝ արդեն իսկ իմանալով, որ այդ տարածքում հնարավոր էր հակառակ ուղղությամբ վազելու դեպքում դուրս գալ դեմ դիմաց:

Հարազատների տեղեկացմամբ Տիգրանի մարմինը դեռևս չի տեղափոխվել Վանաձոր:

Նախորդ հոդվածը‘Կիեւին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կաճի մինչեւ 40 միլիարդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի դատապարտված վա բանկը ‘