‘Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրապարակել են մի քանի «գծատերերի» անուններ’

1252

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող մի շարք ակտիվիստներ այսօր հայտարարություն են տածածել, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Երեւանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները եւ առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով՝ հայտարարում ենք, որ չենք ընդունում քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշումը:

Չեն կազմակերպվել հանրային քննարկումներ եւ որոշման մասին հասարակությանը տեղյակ են պահել միայն որոշման ընդունումից երկու օր առաջ: Սա ըստ էության խոսում է այն մասին, որ նրանք գործել են սեփական շահերի տեսանկյունից եւ գերշահույթ ստանալու ցանկություն ունեն»,- ըստ ԳԱԼԱ-ի,  ասել են ակտիվիստները:

Նրանք հրապարակել են նաեւ «գծատերերի» անուններ, որոնց ձեռնտու է ուղեվարձի թանկացումը. « Նեմեց Ռուբո, կաթողիկոս, Գալուստ Սահակյան, Ծաղիկ Ռուբո եւ այլն: Նրանք են կանգնած այս ամենի ետեւում»,- ասել են ակտիվիստները եւ հավելել, որ այս որոշումով Երեւանի քաղաքապետարանը նաեւ խախտել է իր իսկ որդեգրած՝ հանրային մասնակցության եւ բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը:

 «Մենք մեր բոլոր գործողություններով նպատակ ունենք բարելավել Երեւան քաղաքի հանրային ուղեւորափոխադրումների ոլորտը, այն դարձնել արժանապատիվ, մատչելի, որակյալ , անվտանգ եւ քաղաքակիրթ»,- ասել են ակտիվիստները:

Ակտիվիստները հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Նրանք բողոքի ակցիաները կշարունակեն ինչպես Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում եւ կանգառներում:

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը՝ քաղաքապետին. Թանկացումը դատապարտելի է, եթե կատարվում է օրենքի խախտումով ‘
Հաջորդ հոդվածը‘Նկարահանվում է հոլովակ՝ հայտնիների մասնակցությամբ՝ «Մի՛ վճարեք 150 դրամ» (տեսանյութ)’