‘Մաո Ցզեդունը՝ Չինաստանի խամրող խորհրդանիշ’

1077

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Չինաստանում նշում են «մեծն առաջնորդ» Մաո Ցզեդունի ծննդյան 120-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ իշխանությունները խոստացել են լվանալ Մաոյի բոլոր հուշարձանները, նոր հոբելյանական դրոշմանիշներ թողարկել՝ նրա դիմապատկերով, և հեռուստատեսությամբ ցուցադրել նրա կյանքի և կոմկուսի պատմության մասին պատմող վավերագրական կինոնկարներ ցուցադրել:

Մաոյի ժառանգությունը մինչ օրս կարևոր դերակատարում ունի Չինաստանում. կոմկուսի ներկա առաջնորդների օրինակարգությունը հիմնվում է նրա գաղափարախոսությանը հավատարմության վրա: Իհարկե, անցել են այն ժամանակները, երբ Մաո Ցզեդունը Չինաստանում, փաստորեն՝  աստված էր. Չինաստանի ներկայիս իշխանավորները ճանաչում են նրա վաստակը, սակայն՝ վերապահումներով, և գործող նախագահ Սի Ցզինպինը հրահանգել է չափավորել տոնակատարությունների շքեղությունը:

Վերջին սոցհարցումների համաձայն՝ չինացիների մեծ մասը, ամեն դեպքում, Մաոյին համարում է ազգային հերոս: Ի դեպ, որքան ավելի երիտասարդ և կրթված են հարցման մասնակիցները, այնքան քիչ են հակված այդ կարծիքին: Ավագ սերունդը կարոտախտի զգացում ունի «մեծն առաջնորդի» ժամանակների հանդեպ, ինչպիսի կարոտաբաղձություն կա Սովետական Միության հանդեպ՝ Ռուսաստանում: Տարեցները հիշում են, որ Չինաստանը Մաոյի օրոք է դարձել հզոր երկիր, որ կրթությունն ու առողջապահությունն անվճար էին, և հարուստների ու աղքատների միջև այսքան խորը վիհ չկար:

Չինաստանի կոմկուսի ներկա ղեկավարները ժառանգել են Մաո Ցզեդունի գաղափարախոսության ընդամենը մի մասը: Սի Ցզինպինը, օրինակ, նրան հիշում է միայն այն ժամանակ, երբ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարելու մասին:

Մաո Ցզեդունի մարմինը հանգչում է Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակի դամբարանում: Չինաստանի խանութներում մինչև օրս կարելի է ձեռք բերել Մաոյի ասույթների ժողովածուն: Իհարկե, նրա մահվանից 37 տարի անց երկրում այնքան էլ հաճույքով չեն հիշում, թե որքան զոհեր են արժեցել նրա իրականացրած բարեփոխումները, փոխանցում է  Lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սնոուդենի ամանորյա ուղերձը. դադարեցրե՛ք համատարած լրտեսումը’
Հաջորդ հոդվածը‘«Մուսուլման եղբայրները» դատարանում կբողոքարկի իր «ահաբեկչական կարգավիճակը»’