‘Մասիս Մայիլյան. Արցախի ժողովրդավար իմիջը կնպաստի ԼՂՀ ճանաչմանը’

812

ԼՂՀ վարկանշի բարձրացումը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վարկանիշում սպասելի էր, եւ դա կարելի է միայն ողջունել: iLur.am-ին փոխանցեց ԼՂՀ «Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ» վերլուծական կենտրոնի ղեկավար Մասիս Մայիլյանը:

«Իմ հարցազրույցներից մեկում 2012-ի հունիսին ես կարծիք եմ արտահայտել, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները մեզ համար հնարավորություն են՝ բարձրացնել երկրի վարկանիշը քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների սանդղակով: Այդ ընտրություններին այլընտրանքային թեկնածուի՝ Վիտալի Բալասանյանի մասնակցության շնորհիվ հաջողվեց վերականգնել ԼՂՀ նախկին կարգավիճակը (որը կորսվել էր 2010-ի խորհրդարանական ընտրությունների չմտածված կազմակերպման պատճառով) եւ լրացնել ԼՂՀ խորհրդարանում զգալի ժամանակահատվածում թափուր մնացած ընդդիմադիր բեւեռը:

ԼՂՀ վարկանշի բարձրացումն սպասելի էր, եւ դա կարելի է միայն ողջունել: Ինչ վերաբերում է նախորդ գնահատականին, ապա այն բանից հետո, երբ 2007-ի նախագահի ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանեցին իշխանության թեկնածուին, երկրում վերացավ ընդդիմությունը, նրա հետեւից էլ՝ ազատ մամուլը: Այսինքն՝ ժողովրդավարական արժեքներից որոշակի հետքայլը ակներեւ դարձավ», — նշեց պարոն Մայիլյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին նա հրապարակավ իր անհամաձայնությունն է արտահայտել Freedom House-ի գնահատականի վերաբերյալ այն մասով, որ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մակարդակով ԼՂՀ-ը համեմատում էին Ադրբեջանի հետ, որը պարբերաբար անազատ երկրի որակում է ստանում:

«Պետք է հասկանալ, որ ժողովրդավարության ամրապնդման միջոցով ապահովվող արժանապատիվ կյանքն առաջին հերթին անհրաժեշտ է Արցախի քաղաքացիներին: Միաժամանակ, Արցախի ժողովրդավար իմիջը կնպաստի գլխավոր արտաքին քաղաքական խնդրի լուծմանը՝ ԼՂՀ ճանաչմանը», — եզրափակեց Մասիս Մայիլյանը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» կարող է պատժել Սուարեսին’
Հաջորդ հոդվածը‘Ալժիրում պատանդառվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա՞. ՀՀ ԱԳՆ–ն դեռ տվյալներ չունի’