‘Մասուդ Բարզանի. Իրաքը պառակտման եզրին է’

859

Իրաքը պառակտման եզրին է, հայտարարել է Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, այսօր տեղեկացրել է Al Jazeera Turk հեռուստատեսությունը:

Ըստ Բարզանիի՝ Իրաքի կենտրոնական կառավարությունը, վարչապետ Նուրի ալ-Մալիկիի գլխավորությամբ, չի վերահսկում իրադրությունը երկրում: Ինչպես նշել է Բարզանին, վաղ թե ուշ Քրդական ինքնավարությունը հայտարարելու է իր անկախությունը, ինչը քրդերի իրավունքն է Իրաքում, ընդ որում՝ իրենք չեն հավակնի տարածաշրջանում այլ տարածքների ևս:

Ավելի վաղ Բարզանին հայտարարել է, որ Քրդական վարչակազմը պատրաստ է հանաքվե անցկացնել Քիրքուք քաղաքի կարգավիճակի վերաբերյալ: Ըստ նրա՝ ներկա պահին Քիրքուքի կարգավիճակը վիճելի է (Քիրքուքը վիճելի տարածք է Քրդական ինքնավարության և Իրաքի կենտրոնական կառավարության միջև), և Իրաքի օրենսդրության համաձայն՝ նրա կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացվեր 2007 թ., սակայն այն այդպես էլ չկայացավ՝ քաղաքական նկատառումներով: «Քիրքուքը պատմական քաղաք է, որին շատ տառապանքներ են բաժին հասել: Մենք խոստանում ենք, որ Քիրքուքի ապագան ավելի պայծառ է լինելու՝ «Փեշմերգեի» (Քրդական վարչակազմի ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատներ) պաշտպանության շնորհիվ»,- նշել է Բարզանին: Նա նաև շեշտել է, որ հատկապես կենտրոնական կառավարության քաղաքականությունն է հանգեցրել Իրաքում անջատականության և ահաբեկչության աճին, և երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին պետք է փոխի իր քաղաքականությունը սուննիների, քրդերի, ինչպես նաև՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում նոր գործողություն է նախապատրաստվում ընդդեմ Գյուլենի շարժման’
Հաջորդ հոդվածը‘ԱՄԷ-ում ահաբեկչական կազմակերպությունների սեփական ցուցակն են կազմում’