‘«Մատաղիսի գործը» անհարկի ձգձգվում է. ՀԿ-ների հայտարարությունը’

949

Մի շարք հկ-ներ «Մատաղիսի» գործի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում խստորեն դատապարտել են փորձերը՝ կասկածելի և անթույլատրելի միջոցներով հիմնավորել անմեղ երիտասարդների առնչությունը քրեական գործի հետ, և կոչ են արել դատարանին և դատախազությանը՝ հավատարիմ մնալ օրենքին և Սահմանադրությանը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Մատաղիսի գործը զինվորական գործերով արդարադատության կարևորագույն փորձաքար է: Խստորեն դատապարտում ենք փորձերը՝ կասկածելի և անթույլատրելի միջոցներով հիմնավորել անմեղ երիտասարդների առնչությունը քրեական գործի հետ: Այս երիտասարդներն արդեն իսկ իրենց կյանքի երեք լավագույն տարիներն անցկացրել են բանտերում, իսկ ինը տարի ամբաստանյալի աթոռին, ենթարկվել են անտանելի խոշտանգումների և ճնշումների՝ մի բանի համար, որում իրենք մեղավոր չեն, և որի իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ: Կոչ ենք անում դատարանին և դատախազությանը՝ հավատարիմ մնալ օրենքին և Սահմանադրությանը: Հայտարարում ենք, որ ամեն ինչ անելու ենք արդարության հաղթանակի համար, այդ թվում՝ մշտադիտարկման ենթարկելով դատավարության ընթացքը, ներգրավելով տեղի և միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը»:

Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել թիվ 33651 զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Զինվորական դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։  ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։ 

Սպանված զինծառայողներից մեկի հայրը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։

2006 թ. դեկտեմբերի 22-ին՝ սպանությունից  մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հայր Մ. Մկրտումյանի ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ 

Հայտարարության տակ ստորագրել են 24  հասարակական կազմակերպություններ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը պատրաստել է ՍԴ դիմելու հայցը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան. Ասանժի կյանքը վտանգի տակ է’