‘«Մատաղիսի» գործով սպանվածի հորեղբայր. «Զարուհի Փոստանջյանի բանդան էնքան ուժեղ ա, որ մամուլով էսպիսի մթնոլորտ ստեղծեցին» ‘

2230

Ինչպես հայտնի է` այսօր ՀՀ Շիրակի մարզի դատարանը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Խաչատրյանի և Մարտին Սարոյանի մասնակցությամբ, արդարացրել է իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ հանցագործության հետ առնչություն չունենալու հիմքով:

Լուրը հրապարկվելուց քիչ անց մեր խմբագրություն զանգահարեց սպանված Ռոման Եղիազարյանի հորեղբայրը՝ Արթուր Եղիազարյանը, եւ նշեց, որ ինքը ավելի քան համոզված է, որ իր եղբորորդու սպանության մեջ մեղավոր են այսօր անմեղ ճանաչված Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը ու Մուսա Սերոբյանը:

iLur.am-ի հետ զրույցում պարոն Եղիազարյանը ներկայացրեց գործի որոշ մանրամասներ, որոնք, իր կարծիքով, ապացուցում են նշված անձանց մեղքը Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության գործում:

«Մենք 2003-ի դեկտեմբերին Մատաղիսի զորամասից լուր ստացանք, որ մեր երեխան չաստում չի գտնվում: Անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք, հասանք Մատաղիս: Դեկտեմբեր ամիսն էր: Մոտ մի շաբաթ ման ենք եկել երեխաներին, էլ տեղ չի մնացել, որ չփնտրենք: Ես վստահ էի, որ մեր երեխան զորամասից փախնող չէր, դրա համար անհանգիտ էի: Ասացին, որ ջրանցքի մոտ զինվորական գոտի են գտել:  Ասեցի որ վադալազ հրավիրեն: Վադալազներն եկան, առաջին օրը հանեցին Մկրտումյան Հովսեփի դին, երկրորդ օրը՝ մեր երեխայինը»:

Արթուր Եղիազարյանի պատմելով, գործով հետագայում որպես ամբաստանյալ ներգրավված երեք զինծառայողները դեպքի օրը զորամասին կից քանդված շինությունում նրանցից մեկի հարազատների ուղարկած «տուլիկն» էին ուտում, երբ խանութից վերադարձող Ռոմանը եւ Հովսեփը նկատել են նրանց: 

«Ռոբերտ Սարգսյանը Երեւանի Զինվորական դատախազությունում  ցուցմունք տալիս պատմեց, որ զորամասից դուրս քանդված շինության մոտ  հաց ուտելիս են եղել, մեր երեխաները կոմիսիոնից վերադառնալուց նրանց տեսել են: Ռոմանը հարցրել է՝ ի՞նչու եք մենակով տուլիկ ուտում, գնացեք բատալյոն՝ ձեր ընկերների հետ կերեք: Կռիվն էդտեղից է սկսվել, ու էդտեղ խփել են իրար», — պատմում է սպանվածի հորեղբայրը:

Ըստ նրա, դեպքից հետո Արայիկը, Ռազմիկն ու Մուսան գնացել զորամաս, «շորերով մտել են անկողին, Ռ. Սարգսյանը մոտեցել է երկու հրեշներին, ասել է՝ եկեք գնանք տեսնենք, ինչ եղան էդ տղաները»:

«Գնացել են, տեսել են, որ արդեն մահացած, ջրանցքի մոտ ընկած են: Ռազմիկ Սարգսյանը, մոտենալով սպանված զինծառայողներին, ձեռքը տարել է  Ռոմանի զարկերակին, տեսել, որ զարկերակը կանգնած է: Մյուս երկուսին ասել է՝ գցենք ջուրը փախնենք: Առաջինը ջրանցքի մեջ են գցում Ռոմանին՝ մի քանի քայլ հեռու, կամրջի մոտ, իսկ Հովսեփին գցում են նույն տեղում», — պատմում է Արթուր Եղիազարյանը:

Նա հիմնվում է ամբաստանյալներից Ռազմիկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքների վրա, որոնք, իր համոզմամբ, արժանահավատ են:

Ընդ որում, ըստ նրա, դեպքի վայրի տեղազննությունը եւ տարատեսակ փորձաքննությունները «հատիկ առ հատիկ» հաստատել են Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը:

«Ես տեսագրությունն ունեմ, թե ինչպես է Ռազմիկը 45 րոպե հանգիստ, առանց կողմնակի միջամտության պատմում, թե ինչպես է դեպքը եղել: Նա ցույց է տվել նույնիսկ, թե ինչ չափի երկաթի կտորով է հարվածել Ռոմանին: Սանտիմետր առ սանտիմետր բռնում էր»,- նշում է տուժողի հորեղբայրը:

Այնուհետեւ, ըստ նրա, մեղադրյալները որպես պաշտպան ներգրավել են Զարուհի Փոստանջյանին եւ Ատոյան ազգանունով մի փաստաբանի: «Մի ամիս հետո երեք մեղադրյալներն էլ ցուցմունքը փոխեցին՝ թե մենք մարդ չենք սպանել»:

Այնուամենայնիվ, Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մանասարյանի նախագահությամբ, Եղիազարյանի խոսքերով՝ «հալալ լինի, 15 տարի տվեց նրանց, իսկ Վերաքննիչը` ցմահ»:

«Պաշտպանները Վերաքննիչ դատարանում միշտ ասում էին, համոզված էին, որ Վճռաբեկ դատարանը կարդարացնի դրանց: Իրենց ասածն էլ եղավ: Նրանք մի բան գիտեին: Նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղարկեցին մեր գյուղ, եկավ հարսիս (սպանվածի մորը) տեսավ, ասեց՝ իրենք չեն սպանողները: Հարսս  ասել էր՝ դուք ո՞վ եք, դատախա՞զ եք, թե՞ դատավոր եք:  Մենք իմացանք, որ Վճռաբեկն ուզում է մախինացիա անի՝ արդարացման վճիռ կայացնի: Ես անմիջապես դիմում գրեցի Վճռաբեկի նախագահ Մանուկյանին, ասեցի՝ մենք էդ դատավճռով ենք սփոփվում, թող անարդար բաներ չանեն: Ես դիմում գրեցի էն ժամանակվա նախագահին (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին-խմբ.): Բայց Վճռաբեկը իր սեւը գործն արեց», — պատմում է Արթուր Եղիազարյանը:

Նա հիշեց նաեւ, որ դատաքննության ընթացքում, երբ ինքը ներգրավված է եղել գործի մեջ որպես տուժողի շահերի ներկայացուցիչ, իր տուն են եկել երկու հոգի՝ «Զինվոր եւ օրենք» հասարակական կազմակերպությունից, եւ առաջարկել են «բարիշել»:

«Մի տղա էր՝ անունը Վաչիկ, մեկ էլ մի բոյով աղջիկ: Ասացին՝ ինչ եղել-եղել է, եկեք, քարը փեշներիցդ թափեք: Նույնիսկ փող առաջարկեցին: Մենք ասացինք, որ մեր երեխայի արյունը չենք վաճառում», — հիշում է պարոն Եղիազարյանը:

Ըստ նրա, գործը նման ընթացք ստացավ, որովհետեւ «Զարուհի Փոստանջյանի բանդան էնքան ուժեղ ա, որ մամուլով բանով էսպիսի մթնոլորտ ստեղծեցին, իրենց գործը առաջ տարան»:

Սպանվածի հարազատը պնդում է, որ, եթե դատարանը գտնում է, որ մարդասպաններն այս երեքը չեն, ուրեմն բոլորը՝ գործը քննած քննիչները, դատախազներն ու դատավորները պետք է պատասխանատվություն կրեն:

«Անմեղ մարդուն ո՞նց կասես մարդասպան ես: Բայց ես համոզված եմ, որ նրանք են մարդասպանները: Մինչեւ կյանքներիս վերջ պայքարելու ենք», — ասում է նա:

 

 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը կոչով դիմել է «Բորուսիայի» երկրպագուներին’
Հաջորդ հոդվածը‘Երեկ լրացավ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի մահվան 10 տարին’