‘Մարգվելաշվիլին հույս ունի ստանալ ընտրողների 70-75% աջակցությունը ‘

833

Վրաստանի նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին «Квирис Палитра» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ենթադրում է, որ հոկտեմբերի 27-ին նշանակված Վրաստանի նախագահական ընտրություններում կստանա ընտրողների 70-75 տոկոսի աջակցությունը: Նա հայտարարել է, որ թե՛ տեսականորեն և թե՛ գործականում դժվար է պատկերացնել, որ բնակչությունը ցանկանում է Սաակաշվիլիի վարչակազմի վերադարձը:

«Հետևաբար՝ երբ մեզ հարցնում են՝ կլինի՞ երկրորդ փուլ, թե՞ ոչ, պատասխանը միանշանակ է: Եթե մենք այդպես սխալվում ենք մեր գնահատականներում, եթե Բիձինա Իվանիշվիլին այդպես սխալվում է նրանում, որ մեզ սատարում է ընտրողների մեծամասնությունը, նշանակում է, որ մենք սխալ ուղի ենք նախանշել բարեփոխումների և երկրի զարգացման համար: Եթե հոկտեմբերի 27-ին մեր կողմնակիցների մեծ մասը, ինչպես նաև նրանք, ովքեր համակրում են մեր ընդդիմախոսներին, մասնակցեն ընտրություններին, ես ենթադրում եմ, որ կստանամ ընտրողների ձայների 70-75 տոկոսը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Մարգվելաշվիլիին խորհուրդ էր տվել չմասնակցել երկրորդ փուլին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ավելի ուշ «Վրացական երազանքի» թեկնածուն հայտարարել էր, որ եթե առաջանա երկրորդ փուլի անհրաժեշտություն, ինքը կհանի իր թեկնածությունը:

Նախորդ հոդվածը‘Հրեական «Նոբելը» հանձնվել է Նյու Յորքի քաղաքապետին’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է ReAnimania V միջազգային փառատոնը’