‘Մարդիկ հավաքվում են ԱԺ շենքի մոտ ‘

1206

Այս պահին ԱԺ շենքի գլխավոր մուտքի մոտ են հավաքվել արդեն ավելի քան 500 մարդ: Նրանց թիվը, սակայն, գնալով ավելանում է: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիներին» երեկ կոչ է արել այսօր ժամը 14-ին հավաքվել ԱԺ շենքի մոտ:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր ժամը 12-ին, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ պետք է գումարվեր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀԿ-ականները հայտարարել էին, թե տապալելու են ԱԺ արտահերթ նիստը եւ քվորում չեն ապահովելու: Այսօր ժամը 12-ին Աժ-ում 44 պատգամավոր է գրանցվել արտահերթ նիստի ժամանակ՝ չապահովելով անհրաժեշտ քվորումը, այն է՝ 66 պատգամավոր:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ըստ կանոնակարգի՝ նիստը կարող է սկսվել, եթե առաջիկա 3 ժամում ապահովվի քվորում: Ժամը 15:00-ին լրանում է անհրաժեշտ 3 ժամը:

Լուս.` Epress.am-ի արխիվից  

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Մեծամասնության այս քայլը արհամարհանք է ԱԺ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ Էկոնոմիկայի նախարար. Մեզ համար այդքան էական չի՝ ծագումը որտեղից է, կարևորը՝ որ կապիտալը մտնում է տնտեսություն’