‘«Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում Հայաստանն իր հարևաններից միայն Թուրքիայից է առաջ’

1448

ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը (UNDP) հրապարակել է«Մարդկային զարգացման ինդեքս 2013» ամենամյա զեկույցը, որտեղ մեր երկիրը զբաղեցնում է 87-րդ տեղը, ինչը հարևան երկրների շարքում ամենացածր տեղն է, բացի Թուրքիայից, որից Հայաստանն առաջ է 3 կետով, հայտնում է Tert.am-ը: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը մեկ կետով ներքև է իջել աղյուսակում:

Նշենք, որ «Մարդկային զարգացման ինդեքսը» ամենամյա զեկույց է, որը ներկայացնում է աշխարհի երկրների բնակչության կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և եկամուտների (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով) ցուցանիշների հիման վրա մշակված համապարփակ վիճակագրություն է, որով երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող 4 ընդհանուր խմբերի՝ խիստ բարձր, բարձր, ցածր և միջին:

Այս տարվա զեկույցում, որը վերնագրվել է «Հարավի աճը. Մարդկային առաջընթացը բազմազան աշխարհում», ընդգրկվել է 187 երկիր: Աղյուսակը, ինչպես և անցյալ տարի, գլխավորում է Նորվեգիան: Նրան հետևում է Ավստրալիան, ապա՝ ԱՄՆ-ն: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև հաջորդաբար՝ Նիդեռլանդները, Գերմանիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Ճապոնիան:

Հայաստանը իր հարևան բոլոր երկրների հետ հանդերձ մտնում է երկրորդ՝ «Բարձր մարդկային զարգացում» խմբի մեջ. Այս խմբում են ընդգրկված 48-ից 94-րդ տեղը զբաղեցնող երկրները:

Մեր հարևաններից ամենաբարձր դիրքում Վրաստանն է՝ 74-րդ տեղ, որն, ի դեպ, մեկ տարվա ընթացքում բարձրացել է 3 կետով: Վրաստանից հետո Իրանն է՝ 76-րդ տեղ, այնուհետև՝ Ադրբեջանը՝ 82-րդ տեղ:

Զեկույցում, ինչպես և կարելի է ենթադրել վերնագրից, ուշադրություն է դարձվում հարավի, մասնավորապես, հարավային և հարավարևելյան Ասիայի, Հարավային Ամերիկայի, ինչպես նաև Աֆրիկայի երկրների՝ մարդկային զարգացման համաշխարհային միտումներում արձանագրվող աճող դերակատարությանը և այդ երկրների առանձնահատկություններով պայմանավորված նոր մարտահրավերներին, ինչպիսին է օրինակ՝ պետության դերակատարության մեծացումը մարդկային զարգացման գործում:

«Մարդկային զարգացման զեկույցը» հրապարակվում է ամեն տարի 1990թ.-ից ի վեր:
Թեև զեկույցը ընդհանուր պատկեր է ստեղծում այս կամ այն երկրում մարդկային զարգացման մակարդակի վերաբերյալ և ունի ուղենշային դերակատարություն՝ նաև տվյալ երկրում ներդրումներ կատարելու կամ գործունեություն սկսելու առումով, այնուամենայնիվ, զեկույցի վերաբերյալ կան նաև քննադատական տեսակետներ: Համաձայն դրանցից մեկի, օրինակ, զեկույցում ներառված չեն էկոլոգիական խնդիրները: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ՝ զեկույցն առավելապես արտացոլում է տվյալ երկրի և ոչ թե գլոբալ բնույթի խնդիրներ: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 15-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» փրկեց խաղը’