‘Մարդկանց իրենց անունով կոչելու ժամանակը’

2432

Շանթ Հարությունյանին և իր ընկերներին դատում են իբր ոստիկանների դեմ բռնություն իրականացնելու մեղադրանքով: Այս մեղադրանքն ստիպեց անդրադառնալ այն հարցին, թե արդյոք Հայաստանում ճի՞շտ են ընտրված այն անունները, ում մասին մենք խոսում ենք:

Ի՞նչ պետք է մենք հասկանանք «ոստիկան» ասելիս. մարդ, ով պաշտպանում է քաղաքացուն հանցագործից:

Իսկ եթե ոստիկանը ոչ թե մարդուն է պաշտպանում հանցագործից, այլ հանցագործին է պաշտպանում արդարադատությունից, կամ ինքն է կատարում հանցագործություն, այդ դեպքում ի՞նչ ոստիկանի մասին է խոսքը:

Ես չեմ մանրանում ու չեմ խոսում այն մասին, թե ոստիկանն այդ պահին համազգեստո՞վ է եղել, թե՞ ոչ, կամ ինչպիսի համազգեստ է կրել: Կարևորն այստեղ ոչ թե հագածն է, այլ ոստիկանի կատարած գործառույթը. երբ ոստիկանը կատարում է ակնհայտ ապօրինի հրամաններ, նա արդեն դադարում է ոստիկան լինելուց և վերածվում է սովորական հանցագործի:

Ոստիկանապետ կոչված Վովա Գասպարյանը, ով նախկինում ղեկավարել է Ռազմական ոստիկանությունը, հայտարարում է, որ ինքն այդ կարգավիճակում մասնակցել է Մարտի մեկի տեղազննությանը ու նաև ՝ մինչև արտակարգ դրություն մտցնելը՝ Կառավարության շենքի պաշտպանությանը: Միայն այս հայտարարությունը հերիք է՝ հասկանալու համար, որ նա հակաօրինական արարք է գործել և կատարել է հանցագործություն:

Հիմա կրկին չխորանանք, թե այլ տեսակի ինչ հանցագործություններ է կատարել թատերական ֆակուլտետի կլոունադայի բաժինն ավարտած մի ոստիկան. միայն այն փաստը, որ որևէ ոստիկան բացահայտվում է որպես հանցագործ, հերիք է, որ նրան վերաբերվեն ոչ թե որպես ոստիկանի, այլ որպես շարքային հանցագործի:

Այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ Արցախի անկախությանը նվիրված զինվորական շքերթը տրիբունայից կարող են ընդունել Նեմեցը, Բոգոն, Շմայսն ու Լֆիկը:

Հիմա այն զինվորականները, ովքեր «չեստ» են տվել տրիբունայում գտնվողներին, արդյո՞ք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը կամ Արցախի Հանրապետությանը, թե՞ արդեն դադարում են զինվորական լինելուց: Թե՞ նրանցից որևէ մեկը կարող է հայտարարել, թե չի իմացել Նեմեցի, Բոգոյի Շմայսի ու Լֆիկի ով լինելը: 

Հիմա մարդիկ ինչպե՞ս վերաբերվեն այն բարձրաստիճան  զինվորականներին, ովքեր Մարտի մեկին խաղաղ ցուցարարների  վրա կրակել կամ կրակելու հրաման են տվել: Իշխանությունները, իրենց դատարաններով ու դատախազությունով՝ պահանջում են, որ նրանց վերաբերվեն այնպես, կարծես որևէ հանցագործություն տեղի չի ունեցել, և որ նրանք ոստիկաններ, զինվորականներ, կամ դատավորներ են՝ մոռանալով, որ նրանք դադարում են այդպիսին լինելուց՝ այն պահից սկսած, երբ կատարում են հանցագործություն, և նրանց նկատմամբ վերաբերմունքն էլ փոխվում է այն պահից սկսած, երբ նրանք կատարում են տվյալ հանցագործությունը:

Ենթադրենք՝ որևէ մեկը մտնում է տուն և տեսնում, որ  իր ընտանիքի անդամներին մի ոստիկան գերի է վերցրել և փորձում է տանջամահ անել, որից հետո նա ոստիկանին չեզոքացնում է և ընտանիքը փրկում անխուսափելի մահից: Դրանից հետո Հայաստանի անկախ դատարանները այդ մարդուն դատապարտում են ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ տվյալ ոստիկանը տանջամահ էր անում այդ մարդու ընտանիքի անդամներին, այսինքն՝ հանցագործություն էր կատարում:

Նույն կերպ էլ այժմ դատում են Շանթին ու իր ընկերներին, իբր՝ ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով` մոռանալով, որ այդ նույն ոստիկանները բոլորի աչքի առաջ տարիներ շարունակ կատարել են տարբեր տեսակի ծանրագույն հանցագործություններ ու մնացել անպատիժ: Այս պարագայում ոչ թե Շանթն ու իր ընկերները պետք է դատվեն, այլ նրանց հերոսի կոչում պետք է տրվի հանցագործությունը կանխելու և հանցագործ «ոստիկաններին» վնասազերծելու համար, այլապես Օսիպովների պես ոստիկանների ազգականները մարդ կդանակահարեն ու անպատիժ կմնան, իսկ Վովա Գասպարյանն էլ անդադար ասուլիսներ կտա ու կխոսի ոստիկանական նոր համազգեստի միջի պարունակության մասին:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ջախջախեց «Լևանտեին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի երազները. Չնայած Ավետիք Բուդաղյանի սպանությանը՝ Սյունիքում իրեն սիրում են’