‘Մարդու իրավունքների օրը աշխարհում եւ Հայաստանում (լուսանկարներ)’

1468

Հայ ազգային կոնգրեսը, իր քաղաքական գործընկերների`ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՀԺԿ-ի հետ միասին, երեկ հերթական՝ յոթներորդ անգամ իրականացրեց ավանդական դարձած Մարդու իրավունքների երթը: Շուրջ 10 000 քաղաքացիներ Ազատության հրապարակից երթով անցան Մաշտոցի, Ամիրյան փողոցներով, Հանրապետության հրապարակով, հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովի հուշարձանի մոտով եւ վերադարձան Ազատության հրապարակ: Երթի մասնակիցների անունից հայտարարվեց, թե քանի որ գործող իշխանությունն իր քաղաքականության հետեւանքով ավելի ու ավելի է խախտում մարդու իրավունքները,  առաջիկայում ընդդիմությունը կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը, որի նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ՝ ազատ ու արդար ընտրություններով՝ ժողովրդի իշխանության ձևավորումը:

Ինչպես հայտնի է, 1948-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչն առիթ հանդիսացավ աշխարհի տարբեր երկրներում այդ օրը նշելու որպես Մարդու իրավունքների օր: Վերջին տարիներին դեկտեմբերի 10-ը նշանավորվում է բողոքի ցույցերով տարբեր երկրներում:

Այս տարի բողոքի ցույցեր են եղել Ռուսաստանի մի քանի քաղաքներում: Մասնավորապես, Մոսկվայում մի քանի ակտիվիստներ իրականացրել են «Վերջին հասցե» ակցիան՝ խորհրդանշական հուշատախտակներ փակցնելով քաղաքի մի շարք փողոցներում՝ ի հիշատակ Ռուսաստանում 1917-ից սկսված և մինչ օրս տեղի ունեցող քաղաքական բռնաճնշումների զոհերի:

Մարդու իրավունքների օրվան նվիրված բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Ղրիմի թաթարների շուրջ 500 ներկայացուցիչներ հիմնականում պահանջել են բարելավել Ղրիմի թաթարների կյանքի պայմանները եւ երաշխավորել թերակղզում նրանց հետագա բնակությունը, տեղեկացնում է Newsru.com-ը:

Մարդու իրավունքների պաշտպանության երթը պաղեստինյան Տուրմուս Այա քաղաքում ավարտվել է սպանությամբ: Մի քանի հարյուր ցուցարարների եւ իսրայելցի իրավապահների միջեւ բախման հետեւանքով սպանվել է ՖԱԹՀ կազմակերպության ակտիվիստ Զիյադ աբու Այնը: Palinfo-ի փոխանցմամբ, իսրայելացի զինվորները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: 

Դեկտեմբերի 10-ին շուրջ երկու հարյուր հոգի Մարդու իրավունքների օրվան նվիրված հանրահավաք է անցկացրել նաեւ Պրահայի Յիրժի հրապարակում՝ արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ նախագահ Միլոշ Զեմանի, տեղեկացնում է չեխական Novinky գործակալությունը:  Ակցիայի մասնակիցներն իրենց համերաշխությունն են արտահայտել ուկրաինացիների, Տիբեթի անկախականների հետ, ինչպես նաեւ պարզել են նախագահ Զեմանի հրաժարականը պահանջող պաստառներ: Հավաքի կազմակերպիչների համոզմամբ, Զեմանն իր արտաքին քաղաքականությամբ վնասում է Չեխիայի՝ մարդու իրավունքների պաշտպան երկրի իմիջը:

 

Վերջերս ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում սեւամորթ անչափահասի սպանությունից հետո մեկնարկած բողոքի ակցիաներին դեկտեմբերի 10-ին միացան նաեւ լոնդոնցի ակտիվիստները: Մի քանի հարյուր մարդ «պառկացույց» էին հայտարարել Լոնդոնի առեւտրի կենտրոններից մեկում՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ: Ոստիկանությունը ցույցի մեկնարկից անմիջապես հետո փակել է առեւտրի կենտրոնի մուտքը: Ներս մտնելու փորձի համար բերման է ենթարկվել ավելի քան 70 մարդ: Ուշագրավ է, որ հենց ԱՄՆ-ում այդ օրը բողոքի ակցիաների մասին տեղեկատվություն չկա:

Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ ավանդական ցույց է տեղի ունեցել նաեւ Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Ցույցին մասնակցել են շուրջ 30 քաղաքական այլախոհներ, այդ թվում՝ «սպիտակազգեստ կանայք»: Ոստիկանությունը նրանց մեծ մասին բերման է ենթարկել:

Մի քանի տասնյակ ակտիվիստներ խոսքի ազատության բացակայության եւ ձերբակալվածների խոշտանգումների դեմ ցույց են անցկացրել նաեւ Թուրքիայում, ինչպես նաեւ՝ Իրանում, որտեղ ձերբակալվել է հայտնի իրավաբան Նասրին Սոդուտեհը:

Բազմամարդ ցույց է տեղի ունեցել նաեւ Պակիստանի Կարաչի քաղաքում: Ցուցարարները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել եւ պարզել են քաղաքացիների վրա կրակ բացած ոստիկաններ Մայքլ Բրաունի եւ Թամիր Ռիսի լուսանկարները, ինչպես նաեւ՝ պակիստանցի գիտնական Աաֆիք Սիդդիկիի լուսանկարը, որը մի քանի տարի առաջ խորհրդավոր հանգամանքներում անհայտացավ Կարաչիի բանտից:  

 

Ամփոփելով՝ նշենք, որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ նախօրեին Կոնգրեսի կազմակերպած Մարդու իրավունքների ավանդական երթը աշխարհի տարբեր երկրներում անցկացված նմանատիպ միջոցառումների համեմատությամբ ամենազանգվածայիններից մեկն է (եթե ոչ ամենազանգվածայինը): Նույնիսկ՝ եթե ուսումնասիրում ենք այն երկրները, որտեղ մարդու իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ:

Փաստենք, որ սա Հայաստանում քաղաքացիական գիտակցության էական բարձրացման վկայությունն է, ինչում մեծ է ընդդիմադիր ուժերի ու, նախեւառաջ՝ Հայ ազգային կոնգրեսի դերը: 

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի, ՀԺԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հայտարարությունը’