‘Մարզական լրագրողների ֆեդերացիան պարզաբանում է, թե ինչու է Հենրիկ Մխիթարյանը բացակայում Հայաստանի տարվա լավագույն մարզիկների ցանկից’

1031

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը «Հրապարակում» այսօր հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ` անդրադառնալով տարվա լավագույն մարզիկների ընտրությանը, դրա շուրջը բարձրացված աղմուկին, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարություններին` միաժամանակ պարզաբանելով, թե ինչու են անտեսել ֆուտբոլիստներին: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.

«Ուզում ենք Աժ պատգամավորին ասել, որ Մարզական լրագրողների ֆեդերացիան ինքնուրույն հասարակական կազմակերպություն է, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում և չի ենթարկվում որևէ պետական և հասարակական կազմակերպության: Իսկ այն, որ Ս. Ֆարմանյանին զայրացրել է «հայտնի մեկնաբանների» բացակայությունը, ապա այս հարցում սահմանափակում չի եղել: Շարունակենք աղմկարարության թեման: Դժվար չէ կռահել, որ հիմնական դրդապատճառը ֆուտբոլիստներն են, ովքեր տեղ չեն գտել տասնյակում: Ասենք, որ, օրինակ, Հենրիկ Մխիթարյանի հասուն ու նուրբ վարպետությունը ոչ ոքի մոտ կասկածի նշույլ անգամ չի հարուցում: Պատահական չէ, որ նրան թիվ մեկ ֆուտբոլիստ են ճանաչել և Հայաստանում, և Ուկրաինայում, և ԱՊՀ -ում: Բայց եթե հարցին մոտենանք սկզբունքային դիրքերից, պետք է ասենք, որ մեր լավագույն ֆուտբոլիստն ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է ընդամենը երեք պաշտոնական խաղի, և, կարծում ենք, ընդհանուր արդյունքից գոհ չի կարող լինել հենց ինքը` Մխիթարյանը (2 պարտություն` Բուլղարիայի և Իտալիայի թիմերից, և 1 հաղթանակ մալթացիների նկատմամբ): Իսկ ահա «Շախտյորում» նա անցկացրել է ինն անգամ ավելի` 27 խաղ:

2012 թ. տարեմուտին Հայաստանի ֆուտբոլի որոշ գործիչներ ընդգծեցին, թե մրցաշրջանը հաջող էր մեր ֆուտբոլի համար: Ի՞ նչը նկատի ունեին… Մինչև 17 և 19 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի խմբային մրցաշարերում պարտվել են համապատասխանաբար 0:5` սերբերին, 0:5` բելառուսներին, 0:3` մոլդովացիներին և ապա 0:4` շոտլանդացիներին, 0:4` շվեյցարացիներին և 0:1` ռումինացիներին: Էլ չենք խոսում կանանց հավաքականի մասին, որն ութ խաղում կրել է նույնքան պարտություն, մրցակիցների դարպասը խփել երկու գնդակ, սեփականում ընդունելով 44-ը: Ասել է թե նշած երեք թիմերը մասնակցել են պաշտոնական 14 խաղի, կրել նույնքան պարտություն, ընդհանուր հաշվով խփել են 2 ու բաց թողել 66 գնդակ: Ուրախանալու առիթ չտվին նաև Հայաստանի առաջնության երեք մրցանակակիրները և գավաթակիրը: Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարերում մերոնք կրկին ձախողվեցին ու դուրս մնացին մրցանակների համար մղվող պայքարից:

Հակիրճ` ազգային հավաքականի մասին: Եվրոպա աշխարհամասի 52 պետությունների գրեթե կեսը (24 երկրների հավաքականներ) մասնակցեցին Լեհաստանում և Ուկրաինայում անցկացված եզրափակիչ մրցաշարին: Մերոնք անկարող եղան հայտնվել մասնակիցների ցանկում: Իսկ աշխարհի առաջնության երեք հանդիպումների մասին արդեն վերևում ասացինք: Թերևս արժե հավելել, որ ազգայինի համեմատաբար լավ խաղի համար առավելապես պարտական ենք Բրազիլիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ֆուտբոլի դպրոցներին: Բանն այն է, որ այդ երկրներում են մարզաձևի այբուբենը սերտել ու վարպետացել մեր հավաքականի առաջատար խաղացողները, որոնց թիվը շուտով կավելանա Ուրուգվայի և Ռուսաստանի հայազգի ևս մեկական խաղացողներով (Մաուրո Գևգևոզյան, Միխայիլ Մարկոսով): Այսքանից հետո ավելորդ կլինի խոսել մեր ֆուտբոլի ներքին տնտեսության աշխատանքի արդյունավետության ու «նվաճումների» մասին»:

Նախորդ հոդվածը‘Բեյոնսեն Օբամայի երդմնակալությանը երգել է «ֆաներայի» տակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Քաղաքացիական պայմանագիրը. Մամուլ’