‘«Մարզահամերգային համալիրը ՊՆ-ին հանձնելով՝ իշխանությունները սպանում են մշակութային կյանքը»’

1004

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռին: «Սա ուղղակի աբսուրդի ժանրից է. ես վստահ եմ, որ ՄՀ-ի աշխատակիցների կողմից Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակները տեղ չեն հասել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ սա ուղղակի միջոց է, որով իշխանությունները ցանկանում են ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից, իսկ հիմնական խնդիրը ՀՀ բյուջեից 25 միլիոն դոլարի անհետանալն է: «Ստացվում է այնպես, որ մենք պարտք  ենք կառավարությանը, բայց բյուջեում դա նշված չէ՞: Ինչի՞ համար, ու՞ր է այդ գումարը:  Ես կցանկանայի ասել, որ մենք պայքարելու ենք իրավական դաշտում, և եթե ՀՀ իրավական դաշտը չկարողանա բավարարել մեզ, ապա կդիմենք Եվրադատարան»,- նշեց Կորյուն Գրիգորյանը:

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՄՀ-ն պաշպանության նախարարությանը հանձնելով` իշխանությունները սպանում են Հայաստանում մշակութային կյանքը: «Արդեն իսկ կային մի շարք կազմակերպված միջոցառումներ, որոնք չեն կայացել: Ես չեմ պատկերացնում, թե Պաշտպանության նախարարությունը ինչպես է պատրաստվում շահագործել համալիրը, իսկ այն փակ պահելու դեպքում կտուժի մշակութային կյանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ Մարզահամերգայի համալիրն այս պահին խայտառակ վիճակում է՝ բազմոցները և սեղանները հայտնվել են դրսում:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Պետության ամրության գրավականը Գալուստի ջիպն է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնել է Բաքու’