‘Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Ստեփանակերտում և Երևանում’

1224

Երգչուհի Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Արցախում և Հայաստանում: Ռուսական հեղինակավոր «Голос» նախագծի մասնակիցը ապրիլի 1-ին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում, ապրիլի 5-ին՝ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ «Մեցցո» ակումբում: Երգչուհու հետ հանդես կգա նաև «Միրայֆ» ջազ-բենդը, որի գեղարվեստական ղեկավարը նրա ամուսին Արմեն Մերաբովն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»:

Մերաբովան հանդես կգա նաև վարպետության դասով, որին կկարողանան մասնակցել երաժշտական կառույցների աշակերտներն ու ուսանողները:

«Երևանում իմ ամեն մի համերգի ես սպասում եմ անհասկանալի հուզմունքով: Լեգենդար բեմին կանգնելն իսկական երջանկություն է, մի դահլիիճում, որտեղ անցել է իմ մանկությունը: Հայաստանի հետ հանդիպումը միշտ յուրահատուկ իրադարձություն է իմ և ամուսնուս՝ Արմեն Մերաբովի համար: Իմ մանկության քաղաքում լինելն ինձ ոչ միայն ուղղակի վերադարձնում է իմ կյանքի սկիզբ, այլև իմ ժողովրդի արմատներին: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը»,-համերգների մասին ասել է Մարիամ Մերաբովան: Երգչուհին արդեն հանդես է եկել Հայաստանում՝ Երևանյան երաժշտական շաբաթի շրջանակում 2013 թվականին:

Ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան ծնվել է 1972 թվականին Երևանում: Մանկուց ապրել է երաժշտական միջավայրում. Մերաբովայի տատիկը նվագում էր դաշնամուր և երգում ռոմանսներ: 5 տարեկանից Մարիամը սկսեց հաճախել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակեց Մոսվայի Գնեսինների անվան դպրոցում՝ դաշնամուրի դասարանում: Մի քանի տարի անց տաղանդավոր երգչուհին ընդունվեց Գնեսինների ուսումնարանի էստրադա-ջազային ֆակուլտետի վոկալ բաժինը: 1998 թվականին

Մարիամն իր ապագա ամուսնու և ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսում է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվեց «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: «Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում:

Նախորդ հոդվածը‘Պիրլո. «Մեզ հնարավոր չէ մոլորեցնել «Բորուսսիայի ներկայիս դիրքով ու նրա իրական ներուժով»’
Հաջորդ հոդվածը‘Էդեգոր. «Զիդանը հրաշալի մարզիչ է և օգնում է ինձ»’