‘Մարինե Պետրոսյան. Կա երկու տարբերակ, ես ընտրում եմ առաջինը ‘

2106

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Մարինե Պետրոսյանը նյութը, որը լույս է տեսել Tert.am կայքի բլոգում:

«Մարտի 1-ին Ազատության հրապարակը լիքն էր։ Ու մարդիկ խիտ էին կանգնած, ոչ միայն հարթակին ամենամոտ՝ առջեւի շարքերում, այլ մեջտեղում ու տեղ տեղ նույնիսկ հետեւներում՝ տեղաշարժվելը շատ դժվար էր։ Ես հանրահավաքների ժամանակ սիրում եմ տեղաշարժվել՝ պտտվում եմ մեկ ծայրից մյուսը, գոնե մոտավորապես հասկանալու համար՝ ովքեր են հրապարակում։ Վերջին մեկ տարվա միջոցառումներից քաջ ծանոթ ակտիվիստական միջուկը կենտրոնացել էր Թումանյանի աջ թեւի կողմերը, որոշ ինտելեկտուալ հատված էլ՝ ամենավերջերում, ոնց որ միշտ։ Մնացածը հիմնականում 2008-ի պարզ ժողովուրդն էր, դեմքերով մեկ մեկ իհարկե չեմ հիշում մեծ մասին, բայց բարեւներից ու ժպիտներից հասկանում էի ովքեր են։ 2008-ի ժողովուրդն էր հիմնականում, բայց ահագին փոխված էին։ Ավելի զուսպ էին մի տեսակ, ոնց որ զգուշանում էին՝ շատ ոգեւորվել։ Հետո երթ եղավ, երթից հետո տուն հասա՝ ֆեյսբուքն արդեն ողողված էր հանրահավաքը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հեգնող ստատուսներով։ Հեգնական ստատուս գրողների մեջ կան իմ ընկերները, մի մասը՝ 2008-ի շարժումից, մի մասն էլ՝ վերջին տարիների քաղաքացիական շարժումներից։ Ու քանի որ իմ ընկերներն են, ճանաչում եմ, կարող եմ հասկանալ ինչն ա իրանց ջղայնացրել։ Ու քանի որ հասկանում եմ, հենց հասկանալով էլ՝ ուզում եմ էդ ջղայնացնող պահերին անդրադառնալ եւ փորձել քննարկել։

Ամենասուր արձագանք հարուցածը Լեւոնի երկու պնդումներն էին՝ էն մասին, որ Մաքսային միություն չմտնել արդեն չենք կարող, եւ էն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Բիձինա Իվանիշվիլուց պակասը չի։ Փորձեմ էս երկու հարցին էլ անդրադառնալ։

Երբ որ Լեւոնը հանրահավաքում արտասանեց հայտնի նախադասությունը՝ «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին», մարմնովս սառը դող անցավ։ Հաճելի պնդում չի, մեղմ ասած։ Ջղայնացնող պնդում ա։ Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունը սեպտեմբերին արեց, բոլորս հիշում ենք, ինչ ստորացուցիչ պայմաններում։ Ես ինքս մասնակցել եմ էդ հայտարարության դեմ բռնկած ցույցերին, մասնակցություն եմ ունեցել դրանից երեւի թե ամենազանգվածայինի՝ Սեպտեմբերի 21-ի երթի կազմակերպմանը։ Սկզբում չէի ուզում հավատալ, որ Սերժի արածը անդառնալի ա, մտածում էի՝ կարելի ա մարդկանց ոտքի հանել, Սերժին հեռացնել ու նոր նախագահը ուժը կորցրած հայտարարի Մաքսային միություն մտնելու մասին որոշումը։ Դա լավագույն տարբերակն էր, եթե հնարավոր լիներ։ Կուսակցությունները միավորվեին քաղաքացիական նախաձեռնությունների հետ, մարդկանց հանեին փողոց, հասնեին Սերժի հրաժարականին՝ որպես երկրի ինքնիշխանությունը վտանգածի, ու նոր նախագահը, որը կընտրվեր նոր ընտրությունների արդյունքում, Մաքսային միություն մտնելու որոշումը ուժը կորցրած համարեր։ Գիտեմ՝ շատերի մտքում սա կար, ու էս տարբերակը չփորձելու համար շատերը հենց Հայ ազգային կոնգրեսին են մեղադրում, քանի որ, ու շաբաթ օրվա հանրահավաքը եւս մեկ անգամ դա հաստատեց, հենց ՀԱԿն ա կարողանում զանգվածներ հանել հրապարակ։ Իմ մտքում էլ մի պահ էս տարբերակի հույսը կար։ Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, անցած տարվա դեկտեմբերի հայտնի ելույթում, հայտարարեց թե Հայաստանում Մայդան հնարավոր չի՝ Մաքսային միության դեմ պայքարի կարգախոսով Սերժ Սարգսյանին հեռացնել հնարավոր չի։ Հիշում եք երեւի փաստարկները՝ պատմական պատճառներով Հայաստանում հակառուսականություն չկա, իսկ Արեւմուտքին վստահել, Արեւմուտքի օգնության հույսին մնալ մենք չենք կարող, քանի որ 2008-ի շարժման ժամանակ Արեւմուտքը բռնեց սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությունների կողմը։ Մինչեւ վերջերս էս փաստարկներին դեռ կարելի էր հակաճառել, կարելի էր ասել՝ հակառուսականություն իհարկե չկա, բայց եթե Մաքսային միություն մտնելու Սերժի որոշումը կապվի հենց իրա՝ Սերժի ոչ լեգիտիմության հետ, էդ ձեւով հնարավոր ա մարդկանց հանել հրապարակ, ի վերջո հասնել Սերժի հեռացմանը ու Մաքսայինի որոշումն էլ չեղյալ հայտարարել։ էսօր արդեն՝ տեսնելով էն, ինչ կատարվում ա Ուկրաինայում, անհնար ա նույնը պնդել ու պարզ ա արդեն, որ Լեոնը ճիշտ էր։ Լեւոնը մի քիչ անուղղակի էր ասում, բայց իրա ասածը ըստ էության էս էր՝ մենք չենք կարող դուրս գալ Ռուսաստանի դեմ, որովհետեւ կպարտվենք, Ռուսաստանը մեզանից անհամեմատ ուժեղ ա, իսկ Արեւմուտքը մեզ չի օգնի։ Հաճելի չի, չէ՞, նման բան լսելը։ Այո, բոլորովին հաճելի չի։ Կարծում եմ դրա համար էլ Լեւոնը էսքան ուղղակի չէր ասում, ուղղակի տեքստով նման բան ասելը իսկապես վիրավորական ա ազգային արժանապատվության համար։ Բայց դա իրողություն ա։ Ռուսաստանն իսկապես մեզանից անհամեմատ ուժեղ ա, Արեւմուտքն իսկապես մինչեւ հիմա մեզ ոչ մի անգամ չի օգնել ու էս անգամ էլ դժվար օգներ։ Իսկ եթե անգամ օգնե՞ր։ Ուկրաինային, օրինակ, սկզբից կարծես թե օգնում էր եւ հիմա էլ, ոնց որ, ասում ա թե կօգնի, բայց չէ՞ որ պարզ ու ակնհայտ ա՝ Ուկրաինան աղետի եզրին ա կանգնած եւ անգամ Արեւմուտքի ամենավճռական օգնության դեպքում՝ չի կարող հաղթած դուրս գալ Ռուսաստանի հետ հակամարտությունից։

Հայաստանի համար ամենաճիշտը կլիներ Եվրոպա-Ռուսաստան մրցամարտին ընդհանրապես չմասնակցելը՝ քանի դեռ Սերժ Սարգսյանը պատանյակին վայել խրոխտությամբ Եվրոասոցացման առաջամարտիկ չէր ինքնառաջադրվել, ռուսներին մեր Մաքսային միություն մտնել չմտնելը առանձնապես չէր հուզում։ Բայց Սերժը նետվեց դեպի Բրյուսել, եւ արդյունքում սեպտեմբերի 3-ին հայտվեց Մոսկվայում։ Սերժի Բրյուսել վազելով ոգեւորվածները քիչ չէին, դրանում Հայաստանի փրկությունն էին տեսնում, մտածում էին՝ ոչինչ որ Սերժը լեգիտիմ չի, ոչինչ որ երկիրը աղետի ա հասցրել, կարեւորը՝ մի կերպ հայտնվենք Եվրոպայում, հետո լավ կլինի։ Պարզվեց՝ սխալ հաշվարկ էր, պարզվեց՝ եթե նախագահդ երկրի ներսում հենարան չունի, իրան շատ հեշտ ա էս ու էն կողմ շպրտելը։ Ու փոխանակ խոստովանելու, որ սխալ են եղել, փոխանակ խոստովանելու, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նվաստացման մեջ, մեր Մաքսային միություն մտնելու մեջ իրանց մեղքն էլ կա, փոխանակ վերջապես ընդունելու, որ Հայաստանի դեմոկրատացումն ու զարգացումը ներքին հարց են, ներքին հարցերը լուծելով են ձեռք բերվելու, ոչ թե Արեւմուտքի չեղած օգնությամբ, Եվրոասոցացման կողմնակիցները էսօր մեծ մասամբ վերածվել են ուկրաինական մայդանի ֆանատների, իսկ Հայաստանում ներքին փոփոխությունների գործընթաց սկսելու խնդիր դրած հանրահավաքին եթե մասնակցում էլ են, մասնակցում են ընդամենը հեգնական ստատուսների նյութ քաղելու համար։

Հեգնանքը հաճախ բուն խնդրից խուսանավելու միջոց ա։ Իսկ խնդիրը կա, խնդիրը սուր ա եւ անհետաձգելի։ Մեր շուրջը կատարվում են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ, որոնց ելքը նախօրոք դժվար ա գուշակել։ (Վաղը կարող ա ամեն ինչ էնքան փոխվի՝ Մաքսային միության հարցն ընդհանրապես վերանա, որովհետեւ էդ միությունը վերացած լինի)։ Նման պատմական պահերը իրանց մեջ եւ ռիսկ են պարունակում, եւ հնարավորություն։ Կկարողանա՞նք չեզոքացնել վտանգն ու ռիսկերը, կկարողանա՞նք շահած դուրս գալ մեր շուրջը կատարվող փոփոխություններից՝ եթե դրա հնարավորությունը լինի, էս հարցերի պատասխանը կախված ա նրանից, թե ինչ իշխանություն կունենանք մենք Հայաստանում։ Մենք բոլորս, շատ հարցերում տարբեր կարծիք ունենալով հանդերձ, մի հարցում կարծում եմ համակարծիք ենք՝ Բաղրամյան 26-ում էսօր նստած մարդն ու իրա վարչախումբը զրոյացնում են ներկա իրավիճակից օգտվելու մեր շանսերը եւ սարսափելի մեծացնում են ռիսկերը։ Ուրեմն պետք ա հասնել նրան, որ Սերժը հեռանա եւ անցկացվեն նոր ընտրություններ։ Ծառուկյանի գործոնը կարեւորվում ա հենց էս կոնտեքստում։ Հաղթելու համար պետք ա պայքարի դուրս գալ երեք ճակատով՝ հրապարակ + խորհրդարան + խոշոր բիզնես։ 2008-ին խոշոր բիզնեսը չպաշտպանեց հրապարակին եւ մարտի 1-ը հնարավոր դարձավ։ Էսօր իրավիճակը ուրիշ ա, էսօր հնարավորություն կա, որ խոշոր բիզնեսը փաստացի հրապարակի կողմն անցնի, եւ էդ հնարավորությունը իրականություն կարող ա դառնալ հենց Ծառուկյանի միջոցով, որի քայլը ազդանշան կդառնա մյուս բիզնեսմենների համար, եւ ոչ միայն նրանց։ Էդ դեպքում Սերժին հնարավոր կլինի հեռացնել եւ կանցկացվեն արտահերթ ընտրություններ։

Էս ա մարտի 1-ի հանրահավաքում Լեւոնի ներկայացրած տարբերակը։ Համաձայն եմ՝ հեքիաթային տարբերակ չի։ Հաջողության հավանականությունը 100 տոկոսի հաստատ չի մոտենում, ռիսկերը մեծ են։ Ռիսկը մենակ էն չի, որ հնարավոր ա՝ Սերժին չհաջողվի հեռացնել։ Մյուս, ավելի մեծ ռիսկը, շատերին տանջող հարցը էն ա, թե եթե Սերժին հեռացրեցինք, նոր ընտրությունները արեցինք, դրանց արդյունքում ո՞վ ա դառնալու նախագահ։ Բա որ հանկարծ Քոչարյա՞նը դրեց ու դարձավ..

Ես սուտ խոսել չեմ սիրում, չեմ պնդի թե Քոչարյանի վերադարձի փորձը լրիվ բացառվում ա։ Կփորձի՞ Քոչարյանը վերադառնալ, թե չի փորձի՝ դա կերեւա երկրորդ փուլում, երբ որ Սերժին հեռացրած կլինենք։ Քաղաքական գործընթացը, որի սկիզբը դրվեց մարտի 1-ի հանրահավաքում, երկու փուլ ա ունենալու՝ ա. Սերժին հեռացնելու փուլ բ. նոր ընտրությունների անցկացման փուլ։ Չգիտեմ, նախօրոք չեմ կարող ասել, ու ոչ ոք չի կարող ասել՝ երկրորդ փուլի արդյունքում ով կդառնա Հայաստանի նոր նախագահ։ Չեմ բացառում, որ Քոչարյանն էդ փուլում իրա թեկնածությունը դնի։ Եվ ի՞նչ։ Էն վախից, թե Քոչարյանը կարող ա իրա թեկնածությունը մեկ էլ տեսար դնի, սարսափահար հետ քաշվենք ու ոչ մի բան չանե՞նք։

Որպեսզի Քոչարյանի ուրվականը մեզ չխանգարի ճիշտ որոշում ընդունել, պետք ա հստակ ձեւակերպել այլընտրանքը.

կամ՝ հրապարակ + խորհրդարան + խոշոր բիզնես (Ծառուկյան) ֆորմատով փորձում ենք հասնել Սերժի հեռացմանը, որից հետո անցկացնում ենք նոր ընտրություններ

կամ՝ վախենալով, թե նոր ընտրությունների արդյունքում հանկարծ թեկնածություն կդնի եւ մեկ էլ տեսար կհաղթի Քոչարյանը, ոչ մի բան չենք անում, Սերժը հանգիստ մնում ա իրա տեղում, Հայաստանն էլ՝ էս վիճակում։

Ես էս երկու տարբերակներն եմ տեսնում եւ ընտրում եմ առաջինը։
Երրորդ տարբերակը չկա։ Թե՞ կա։ Եթե կա եւ տեսնում եք, ասեք»։

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել՝ իր մորը պաշտպանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները Տարոն Մարգարյանից պահանջում են վերացնել Ռուսաստանի դրոշները հանրային տրանսպորտից’