‘ Մարկեդոնով. Թույլ չտալ ԼՂ խնդրի միաձուլումը՝ հետխորհրդային մյուս հակամարտությունների հետ’

915

Այսօր կարևորագույն խնդիրն է` թույլ չտալ Ղարաբաղյան խնդրի միաձուլումը հետխորհրդային մյուս հակամարտությունների հետ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ, վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքն ու Ռուսաստանը գոնե նվազագույն հաջողությամբ շփման և համագործակցության շատ քիչ կետեր ունեն, անթույլատրելի շքեղություն կլիներ քանդել Լեռնային Ղարաբաղի արդեն գոյություն ունեցող հարթակը: Ի տարբերություն Վրաստանի և իր երկու նախկին ինքնավարությունների միջև դիմակայություններին` Լեռնային Ղարաբաղի պարագայում Ռուսաստանն ու Արևմուտքը հաջողությամբ փոխգործակցում են արդեն ոչ առաջին տարին: Սակայն 20 տարվա փխրուն հրադադարը, որը կանոնավոր կերպով խախտվում է գնդակոծություններով և դիվերսիաներով, ոչ միայն Ղարաբաղի տարանջատման գծում, այլև` հայ-ադրբեջանական սահմանում, Հայաստանին և Ադրբեջանին չեն հանգեցրել փոխզիջմանն ուղղված քայլերի», — նշել է նա: Վերլուծաբանի կարծիքով, Ղարաբաղի շուրջ այդ փոխգործակցությանն սպառնացող վտանգն զգալիորեն մեծացավ Ուկրաինայի շուրջ սրընթաց զարգացող ճգնաժամի առնչությամբ, որը հակադրեց Արևմուտքն ու Ռուսաստանը: Այդ լույսի ներքո, նրա խոսքով, Մոսկվան և Վաշինգտոնը կարող են վերածվել ուկրաինական ճգնաժամի պատանդների` մյուս արտաքին քաղաքական հարթակները փոխակերպելով Ուկրաինայի համար պայքարի մասնաճյուղերի: Որպես օրինակ Մարկեդոնովը նշել է Քարնեգի հիմնադրամում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթի բովանդակությունը:

«Դիվանագետի կողմից «տարրեր» որակված մադրիդյան հին ու բարի 6 սկզբունքները ներկայացվել են ոչ թե որպես համանախագահող երկրների միասնական դիրքորոշում, այլ` որպես ԱՄՆ վարչակազմի մոտեցումներ: Դա տեղիք է տալիս տարբեր մեկնաբանությունների, որոնց նշանակությունը հակամարտությունները կարգավորելիս անցողիկ չէ, ուստի տերմինաբանության հստակությունն այստեղ հարկավոր է` ինչպես որևէ այլ տեղ»,- հայտարարել է Մարկեդոնովը: Ընդ որում եվրոպական միջազգային մտավոր կենտրոններ ներկայացնող մարդկանց ելույթներում Ռուսաստանի բացառիկ քննադատություն, գործնականում, չկա: Այն, Մարկեդոնովի ասելով, ավելի քան բավականաչափ է միայն ամերիկյան և բրիտանական մասնագետների շրջանում, և անտեսել դա չի կարելի, հաշվի առնելով, որ ԱՄՆ և Ռուսաստանն առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Նախորդ հոդվածը‘Բուրկհալտերը պնդում է, որ հակամարտության հաշտեցման գործընթացը արվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա’
Հաջորդ հոդվածը‘Օբաման հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ’