‘Մարմարաշենում առաջնագիծ մեկնած կամավորներին դիմավորեցին երգուպարով’

7235

Այսօր առաջնագծից վերադարձան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի «Հայդուկ» ջոկատի կամավորները, որոնց գյուղում անակնկալ էր սպասվում: Երբ ավտոբուսները տեղ հասան, Մարմարաշեն գյուղի հենց կենտրոնում նրանց դիմավորեցին զուռնա-դհոլով, բացի դա, գյուղի հենց կենտրոնում սեղաններ էին գցել, մատաղ էին արել, քանի որ «Հայդուկ» ջոկատն ամբողջ կազմով ողջ-առողջ վերադարձել էր:

«Հայդուկ» ջոկատը կազմավորվել է ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում: Մեզ հետ զրույցում ազատամարտիկ, «Հայդուկ» ջոկատի անդամ Արսեն Հարությունյանը պատմեց, որ այս ջոկատը ստեղծել են ազատամարտիկներ՝ մարմարաշենցի Սայադ Հայրապետյանը՝ Մասիսի Սայադը, և Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, և ապրիլի սկզբին գնացել են առաջնագիծ ու կանգնել զինվորների կողքին: Արսեն Հարությունյանի խոսքով, թեև իրենց հրահանգված էր, դրա համար էլ վերադարձան, սակայն ցանկացած պահի նորից պատրաստ են գնալ ու առաջնագծում կանգնել մեր զինվորների կողքին: Ի դեպ, երբ ջոկատի անդամները վերադարձան գյուղ, հենց տեղում ջոկատի շատ անդամների հանձնեցին շնորհակալագրեր՝ ցուցաբերած արիության համար: Շնորհակալագիր հանձնեցին նաև Մարմարաշենի գյուղապետ Էդուարդ Հակոբյանին, որն այս ամբողջ ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերել առաջնագիծ մեկնած մարմարաշենցիներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադեւոսյան

Նախորդ հոդվածը‘ՌՔԿ-ն քրեական գործ է հարուցել «ВКонтакте» ցանցում «մահվան խմբերի» վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» ռեկորդային 18-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)’