‘Մարտակերտի Ճանկաթաղ գյուղում օծվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին’

2639

Մարտակերտի Ճանկաթաղ գյուղում հունիսի 27-ին օծվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին: Օծման արարողությունը իրականացրեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այնուհետեւ վերականգնված եկեղեցում պատարագ մատուցվեց:

Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արեւելքում գտնվող Ճանկաթաղ գյուղի եկեղեցին հիմնովին պայթեցվել էր 1930-ականներին՝ խորհրդային մարտնչող անաստվածության տարիներին:

1992-ից գյուղը շուրջ մեկ տարի գտնվել է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Բնակչությունը տարհանվել է, ապա, ազատագրումից հետո գյուղացիները վերադարձել են: Այժմ նրանք հիմնականում զբաղվում են  անասնապահությամբ ու հողագործությամբ, որոշներն էլ աշխատում են հարեւանությամբ գործող ոսկու հանքավայրում:

Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սուրբ Գեւորգ տաճարի մասին ամենահին վկայությունը թվագրվում է 13-րդ դարով, բայց շրջակայքի խաչքարերի արձանագրություններից պարզ է դառնում, որ այստեղ եկեղեցական կառույց է եղել դեռ ավելի հին ժամանակներից՝ ենթադրաբար, դեռ 4-րդ դարից, երբ Արցախում հիմնադրվեցին առաջին քրիստոնեական տաճարները:

Եկեղեցու վերականգնումը իրականացվել է ռուսաստանաբնակ գործարար Էդուարդ Սարգսյանի եւ նրա ընտանիքի միջոցներով:

2011-ին հայրենիք վերադարձած Սարգսյանը որոշեց իրականացնել մանկության երազանքը:  7 տարի տեւած շինարարության ընթացքում գյուղի տրածքից հավաքվեցին հին եկեղեցու մնացորդները՝ խաչքարեր, կամարաքարեր, խոյակներ: Բարերարը նախատեսում էր անձամբ մասնակցել եկեղեցու բացմանը: Սակայն, դժբախտաբար, անբուժելի հիվանդության պատճառով վախճանվեց այս տարվա ապրիլին: Բացման օրը, որը համընկնում էր Էդուարդ Սարգսյանի ծննդյան տարեդարձի հետ, Արցախի տարբեր շրջաններից ժամանած հյուրերից բացի այստեղ էին բարերարի՝ Ռուսաստանից ժամանած ազգականները եւ ընկերները:

Գյուղի հնաբնակ Սլավիկ Մանգասարյանը ոգեւորությամբ է հետեւում տոնակատարությանը «Էսօրվանից հետո նոր սերունդը, (մունք հեչ, մունք պրծալ ենք), ուսումնասիրելու ա ուրան հավատը, ուրան ռելիգիան, իրան Աստուծի տուն ա տվալ», — ասում է նա:


Նախորդ հոդվածը‘«Շիրակ» ՖԱ.«Կշարունակենք լույս սփռել ՀՖՖ ապօրինի գործողությունների վրա»’
Հաջորդ հոդվածը‘Էկտոր Կուպերը հեռացել է Եգիպտոսի հավաքականի ղեկից’