‘Մարտի մեկը և Արևմուտքը’

1432

Այս օրերին շատերն են տարակուսանք հայտնում, թե ինչու Մայդանի դեպքում Արևմուտքը կանգնեց Ուկրաինայի ժողովրդի կողքին, իսկ 2008-ին Հայաստանում տեղի ունեցող դեպքերի ժամանակ Արևմուտքը ոչ միայն չկանգնեց հայ ժողովրդի կողքին, այլ նաև ամեն ինչ արեց, որպեսզի Սերժ Սարգսյանը, չունենալով ժողովրդի քվեն, դառնա ՀՀ նախագահ:

Չիմացության վարկածը չի քննարկվում, քանզի «վիկիլիքսյան» բացահայտումներով պարզորոշ երևում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ամեն ինչ էլ իմացել  և զեկուցել է Պետքարտուղարությանը. զեկուցել է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ, զեկուցել է, որ  Սերժ Սարգսյանը հրաման է տվել գնդակահարել խաղաղ ցույցերին մասնակցող ժողովրդին, որ հրաման է տրվել բանակն օգտագործել՝ ճնշելու համար ժողովրդի ձայնը: Արևմուտքին հայտնի է եղել, որ Հայաստանում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ, տեղի են ունեցել հարյուրավոր խոշտանգումներ և մարդու իրավունքների խախտումներ, բայց Արևմուտքը որևէ կերպ չի արձագանքել դրան:

Եթե Արևմուտքին դիտարկում ենք որպես «իրավապաշտպան կառույց», ապա մարդիկ կարող են նեղանալ նրանից՝ ցուցաբերած երկակի ստանդարտների համար, սակայն, երբ ավելի սթափ ենք դատում, ապա հասկանում ենք, որ ցանկացած պետություն՝ ինչքան էլ ժողովրդավար լինի, ոչ թե իրապաշտպան կառույց է, այլ՝ քաղաքական մարմին, որը, ըստ այդ պահի իրերի դասավորվածության եւ իր երկրի շահերից ելնելով, կարող է կիրառել ոչ միայն երկակի, այլեւ նույնիսկ՝ եռակի ու քառակի ստանդարտներ: Այդ մեր «միամիտ» հայրենակիցներն են, որոնց թվում է, թե անբարոյականություն է երկակի ստանդարտների կիրառումը՝ այն դեպքում, երբ քաղաքականության հիմքը հենց երկակի ստանդարտներն են, ու անմտություն է կարծել, որ նմանատիպ խնդիրների շուրջ այս կամ այն երկիրը կարող է նույն կերպ արձագանքել:

Վերադառնանք մեր «Օպերա»՝  բառիս բուն ու փոխաբերական իմաստով, և փորձենք ավելի սթափ դատել, թե ինչու Արևմուտքը «չկանգնեց» մեր մեջքին: Հանգամանքները շատ են, սակայն դրանցից նշենք ամենակարևորները:

Նախ՝ որովհետև Հայաստանն այն կարևորությունը չունի, ինչ Ուկրաինան. ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինան գտնվում է Եվրոպայի սրտում և Ռուսաստանից հետո՝ իր բնակչության թվով հետսովետական ամենաբազմամարդ երկիրն է: Այսինքն, Ուկրաինայում քսան անգամ ավելի շատ մարդ է բնակվում, քան՝ Հայաստանում:
Տարածքի առումով էլ՝ միայն Ուկրաինայի մի մարզը՝ Ղրիմը, ամբողջ Հայաստանի չափ է, և եթե մնացած հանգամանքներն էլ մի կողմ թողնենք, միայն իր աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը և տարածքի մեծությունը բավական են, որ այլ համեմատություններ չանենք:

Բայցեւայնպես, փորձենք այլ տարբերություններ էլ գտնել: Նախ՝ Ուկրաինայի կորստով Ռուսաստանը կորցնում է իր՝ «իմպերիան» վերականգնելու հավակնությունը, և Ռուսաստանի ամբիցիաները խեղճացնելու համար Ուկրաինայի պես շանս՝ Արևմուտքն իր ձեռքից բաց չի թողնի: Եթե նույնիսկ Սիրիայի դեպքում Արևմուտքը զիջեց Ռուսաստանի պահանջներին, ապա Ուկրաինան լիովին այլ դեպք է:

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ռուսաստանի՝ դեպի Եվրոպա անցնող կոմունիկացիաների մեծ մասն անցնում է հենց Ուկրաինայի տարածքով, հետեւաբար՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արևմուտքի համար Ուկրաինան ունի կենսական նշանակություն: Իսկ Հայաստանի դեպքում ցանկացած կոմունիկացիա հնարավոր եղավ շրջանցել՝ հարևան երկրների կառուցած նոր երկաթգծերի, գազատարների և նավթատարների միջոցով:

Կարող եմ անվերջ շարունակել տարբերությունների թվարկումը, չմոռանալով նշել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի ընդդիմությունը հայաստանակենտրոն էր ու դեմ չգնաց ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին, այդ իսկ պատճառով երկու կողմերն էլ չաջակցեցին ընդդիմությանը, կամ որ՝ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և ունի Արցախի խնդիր, որի հանգուցալուծումը մեծապես կախված է Ռուսաստանի՝ Ադրբեջանին հարձակվողական տեսակի մեծաքանակ զենք վաճառելու կամ նվիրաբերելու հանգամանքից, կամ որ՝ ի տարբերություն Յանուկովիչի, Սերժ Սարգսյանը լեգիտիմ ընտրված նախագահ չէր և այլ այսպիսի տարբերություններ: Սակայն, այսքանն էլ բավական է Արևմուտքից չնեղանալու և հասկանալու համար, որ Հայաստանի պարագայում մեր հույսը միայն հայաստանածին ուժերն են, որոնց միավորումից է կախված՝ արդյո՞ք Հայաստանը կփրկվի, թե՞ կդառնա այս կամ այն պետության կցորդ:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Երևանում նշվելու է Խաչատրյանի անվան եռյակի 15 — ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է պահանջել ‘