‘Մարտի մեկի էջը չի փակվել, Մարտի մեկը բացահայտվելու է’

2102

Երեկ ԱԺ-ում մարտիմեկյան սպանդի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի հարցով քվեարկությունից հետո բավականին զավեշտալի արձագանքներ հնչեցին: Եւ դրանց առաջին ու հիմնական մեսիջն այն էր, թե «բա տեսա՞ք, ՀՀԿ-ն քցեց, ո՞նց կարելի էր ՀՀԿ-ին վստահել այդ հարցում»: Ասել կուզեն, թե իբր ինչ-որ մարդիկ վստահել են ՀՀԿ-ին, որն էլ՝ իր խասյաթի համաձայն, քցել է:
Սա, թերեւս չափազանց պարզունակ մոտեցում է, եթե բացառենք գիտակցաբար մարդկանց մոլորեցնելու կանխավարկածը: Այս վարկածները, ի դեպ, շրջանառվեցին նաեւ այն ժամանակ, երբ հարցը քննարկվում էր գլխադասային՝ Պետաիրավական հանձնաժողովում: ՀՀԿ-ն առաջարկեց հանել քաղաքական ասպեկտները եւ թողնել միայն իրավականները: Պայմանն ընդունվեց, նաեւ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն առաջարկեց հարցին անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո:

Հիմա, քննադատողների հիմնական մեսիջն այն է, թե հարցը պետք էր այն ժամանակ քննարկել: Ե՞ւ: Ի՞նչ էր փոխվելու դրանից: Եթե ՀՀԿ-ն ցանկանար, ապա խնդրի քննարկումը հենց այն ժամանակ կվիժեցներ՝ գլխադասային հանձնաժողովում: Իսկ եթե դա չաներ, ապա կաներ արդեն այն ժամանակ, երբ հարցը մտներ օրակարգ եւ դրվեր քվեարկության: Բայց այստեղ կա, թերեւս, մեկ այլ՝ ավելի կարեւոր հանգամանք: Մարտիմեկյան սպանդը կոծկելու առաջամարտիկները՝ ՀՀԿ-ականները, հենց իրենք ի սկզբանե խնդիր են ունեցել վիժեցնել հարցի շուրջ ցանկացած քննարկում եւ այդ հույսով ի սկզբանե փորձել են քաղաքական շահարկումների առարկա դարձնել ցանկացած նախագիծ: Իսկ ահա նախագծի հեղինակները՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ընդամենը ցույց են տվել, որ մարտիմեկյան սպանդի հարցի շուրջ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը իրենց համար ոչ թե քաղաքական պատեհականության հարց է, այլ՝ հռչակված սկզբունքի: Հեղինակները ապացուցել են, որ իրավական առումով այնքան փաստարկներ ունեն, որ կարող էին հարցի քննարկումը նույնիսկ հետաձգել, միայն թե՝ այն քննարկվեր:

Եթե այլ ուժերի համար Մարտի մեկը քաղաքական դիվիդենտներ ստանալու, քաղաքական շահարկումների հարց էր, ապա նախագծի հեղինակների համար այն առաջին հերթին մարդկային սկզբունքի հարց էր եւ է, եւ հենց դա է պատճառը, որ շահարկումներ կատարելու փոխարեն՝ հեղինակներն ասում են՝ իրավակա՞ն հարթություն եք ցանկանում, շատ լավ, եկեք քննարկենք այդ հարթությունում: Ժամկետներից վախենո՞ւմ եք, շատ լավ, եկեք քննարկենք նախագահական ընտրություններից հետո: Սա, թերեւս, ամենակարեւոր նրբությունն է, որը, սակայն, ոմանք համառորեն չեն տեսնում: Իսկ ավելի ճիշտ, երեւի չեն ցանկանում տեսնել: Ընդ որում, տարօրինակորեն՝ այդ նրբությունը չցանկացան տեսնել ոչ միայն ՀՀԿ-ականները՝ եւ դա օբեկտիվ էր, այլ նաեւ՝ մարդիկ, ովքեր կատաղի ընդդիմադիրների հռչակ էին ձեռք բերել ժամանակին: Այ դա արդեն օբեկտիվ չէ: Դառնանք, սակայն, ՀՀԿ-ականներին:

Գուցե ՀՀԿ-ի համար մարտիմեկյան սպանդի էջը փակված է, գուցե Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում այլեւս «վիզը հետ ծռել» դեպի այդ էջը, բայց դա իրենց խնդիրն է: Բայց կա քաղաքական ուժ, որը ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական պարտավորություն է ստանձնել մինչեւ վերջ հետամուտ լինել մարտիմեկյան սպանդի բացահայտմանը, եւ այդ ուժն իր պարտավորությունից հետ չի կանգնել ու չի կանգնելու: Մարտի մեկի էջը չի փակվել: Մարտի մեկը բացահայտվելու է:

Հ.Գ. ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները այդ առումով բավականին ուշագրավ էին: Նույնիսկ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ նախընտրեցին ընդհանրապես չքվեարկել, քան՝ քվեարկել այնպես, ինչպես որոշվել էր իրենց խմբակցությունում: Նույնիսկ մեկ ՀՀԿ-ական կողմ քվեարկեց: Իսկ կողմ եւ դեմ ձայների հարաբերակցությունը բավականին սակավ էր: Կասեք՝ մանրո՞ւք է: Գուցե նրանց համար, ովքեր իրապես չէին ցանկանում, որ օրինագիծը անցնի: Իրականում, սակայն, սա լուրջ քայլ էր: Քվեարկության արդյունքը ցույց տվեց, որ բոլորը չէ, որ ցանկանում են ապրել մարտիմեկյան ցավի հետ: Այդ ցավը մեր ներսում է, եւ վաղ թե ուշ բոլորը առերեսվելու են նրան: Միայն թե հարց է՝ ինչպե՞ս: Կոծկողի՞, թե՞ բացահայտողի, զղջացողի, փարատողի կարգավիճակում:

 

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Արմեն Խաչատրյան. Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերը առավել քան բավարար են’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքը՝ «Հարսնաքարի» գործով. Տեսանյութ’