‘Մարտի 1, ընտրակեղծիքներ, քաղբանտարկյալների հարց. Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը համազեկուցողների հետ ‘

1456

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը հանդիպել են խորհրդարանականների հետ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մի շարք առանցքային հարցեր են քննարկվել, ընդ որում՝ քննարկվող հարցերի օրակարգը, համազեկուցողների առաջարկով՝ հենց այս կողմն է առաջարկել: Հանդիպումից հետո «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ, մասնավորապես, քննարկել են մարտի մեկի, ընտրությունների կեղծման, Հայաստանում ժողովրդավարության վիճակի, հեռուստատեսության եւ քաղբանտարկյալների խնդիները: Նա նաեւ հիշեցրեց, որ ինքը, որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ՝ հատկապես վերջին շրջանում հիշեցրել է համազեկուցողներին, որ վերջիններս տեւական ժամանակ չէին զբաղվում Հայաստանի հարցով, ինչից հետո գերմանացի համազեկուցող Աքսել Ֆիշերը պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան:

Մարտի մեկի խնդրի քննարկման վերաբերյալ Զուրաբյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսը երբեք որեւէ առիթ բաց չի թողել այս հարցը բարձրացնելու համար, եւ այս հանդիպմանն էլ համազեկուցողներին հիշեցրել է դեռեւս ԵԽԽՎ-ում իր կողմից բարձրացված այն հարցը, որ անզեն ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելը վտանգավոր երեւույթ է, եւ եթե ժամանակին իրենք մարտի մեկի դեպքերին ավելի խիստ արձագանք տային, ապա գուցե Ուկրաինայի դեպքերն այլ ընթացք ստանային, այս էսկալացիան չլիներ, իսկ Յանուկովիչն էլ ցուցարարների դեմ չկարողանար անպատիժ ուժ կիրառել: Զուրաբյանը համազեկուցողներին նաեւ հիշեցրել է, որ թեեւ իշխանություններն իրենք իսկ համաձայնել էին մարտի մեկի դեպքերի կապակցությամբ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով եւ խնդրել էին դա անել նախագահական ընտրություններից հետո, սակայն իրենք իսկ դրժել են իրենց խոստումը: «Սա գլխավոր ապացույցներից մեկն է, որ իրականում այդ ամբողջ հրամանի շղթան տանում է պետության առաջին ղեկավարներին, եւ դրանով է պայմանավորված այս ամբողջ պարտակումը»,- տեղեկացրեց Զուրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ ինքը համազեկուցողներին փոխանցել է, որ նրանց հետ խոսում է նաեւ մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատների անունից, որոնց հետ մինչ այդ հանդիպում են ունեցել, եւ ծնողները խնդրել էին համազեկուցողներին փոխանցել իրենց ցավը:

Իր հերթին՝  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով այս հարցի քննարկմանը,՝ նշեց. «Կրկին անհրաժեշտություն ենք ներկայացրել՝ մարտի 1-ի դեպքերը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար, որը համարում ենք երկրի կարեւորագույն խնդիրներից մեկը»:

Բացի այդ՝ Կոնգրեսի ներկայացուցիչները համազեկուցողների հետ քննարկել են Հայաստանում ժողովրդավարության իրավիճակը, պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության համակարգը, ընտրացուցակներում 700 հազար ավելորդ մարդկաց անունների գրացման ու ընտրությունները կեղծելու նպատակով դրանց օգտագործումը, որի հետեւանքով Հայաստանանում հնարավոր չէ իշխանափոխություն ընտրությունների միջոցով: Զուրաբյանի խոսքով՝ գերմանացի Աքսել Ֆիշերը խնդրել է այս մասին ավելի մանրամասն հաշվետվություն ներկայացնել: Զուրաբյանը նշեց, որ ինքը համազեկուցողներին մի պարադոքս է ներկայացրել, որ Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը բոլոր ցուցանիշներով անկման մեջ է, եւ միայն ընտրությունների պաշտոնական մասնակիցների թիվն է աճում:  

Խոսելով հեռուստատեսության խնդրից՝ Կոնգրեսի ներկայացուցիչներն ասել են, որ ամենաճիշտ ձեւը այդ հարցը լուծելու համար կլիներ այն, որ ցանկացած ուժ կարողանար ինքն իր հեռուստատեսային ալիքն ունենալ, այնինչ՝ այդ համակարգը գտնվում է նախագահական աշխատակազմի խիստ վերահսկողության տակ:

Խոսելով սահամանադրական փոփոխությունների մասին՝ Կոնգրեսի ներկայացուցիչները պարզաբանել են, որ երկրում քաղաքական եւ տնտեսական համակարգերի արատները չեն բխում սահմանադրությունից, եւ որ մենք այդ փոփոխությունների կարիքը չունենք, այդ փոփոխությունները միայն այդ ռեժիմի կողմից իրենց վերարտադրելու համար են նախաձեռնվել:

Արամ Մանուկյանը նշեց, որ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ իրենք ցույց են տվել դրանց իրական էությունը: «Ասացինք, որ դա Սերժ Սարգսյանի համար իշխանությունը պահպանելու միջոց է: Ներկայացվել են նաեւ քաղաքական ուժերի մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»,- նշեց Մանուկյանը:

Կոնգրեսի ներկայացուցիչները նաեւ քաղբանտարկյալների խնդրից են խոսել: Մասնավորապես, համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Շանթ Հարությունյանի եւ նրա հետ ձերբակալված անձանց, ինչպես նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործերի վրա: Ամենայն հավանականությամբ՝ մոտ ժամանակներս Կոնգրեսն իր կարծիքը կհայտնի, թե արդյո՞ք նրանց գործերը համապատասխանում են ԵԽԽՎ-ի կողից ընդունված՝ քաղբանտարկյալների մասին չափանիշներին: 

Նախորդ հոդվածը‘Պարտադիր կուտակային՝ պետծառայողների համար’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն ուղղումներ է մտցրել գոլերը որոշող տեխնոլոգիայի աշխատանքում’