‘Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 29 տարեկան ‘

1527

Այսօր 2008թ.-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է՝ 29-ամյակը: Տիգրան Խաչատրյանը զոհվել է «Չերյոմուխա-7» զինատեսակից: Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Տիգրան Խաչատրյանի հարազատների հետ կայցելեն նրա գերեզմանին:

Այս առիթով վերահրապարակում ենք նախորդ տարի Տիգրան Խաչատրյանին եւ մյուս զոհերին նվիրված «Լույսն արդեն երևում է, քիչ մնաց» նյութը:

***

Իր ելույթներից մեկում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր հերոսի կոչում տալ այն տղաներին, ովքեր սպանվել էին մարտիմեկյան սպանդի ժամանակ: Չտվեցին: Փոխարենը` նրանց մասին մենք կարդացինք պատմության դասագրքում և սարսռացինք: Մեր ներկան զոռով պատմություն են դարձնում, և մեր աչքի տեսածն անգամ փոխում, վերափոխում և ձևափոխում են, խեղում են ու խեղում: Բայց դրանից հո մեր աչքի տեսածը չի՞ փոխվում: Առնվազն 10 ՀՀ քաղաքացի սպանվել է Երևանի սրտում, և ոչ մի մեղադրյալ, ոչ մի ձերբակալված: Չկա: Չեն բացահայտում: Եւ դա սպասելի էր: Ո՞ւմ պիտի ձերբակալեն, որ լռի, որ կծիկը մինչև ամենավերևները չհասնի: Դրա համար էլ լռում են: Ձևացնում են, թե ոչինչ էլ չի եղել: Այն հույսով, որ տարիներ են, կանցնեն, կգնան ու մարդիկ կմոռանան:

Ու սխալվեցին: Ինչպես միշտ: Սա այլևս ձեր իմացած, ձեր պատկերացրած, միայն հավատալով փոխվող Հայաստանը չէ, պարոնայք իշխանավորներ, պարոնայք Սարգսյան և Քոչարյան: Սա այն Հայաստանն է, որը մի բանին հավատալու համար այն պետք է տեսնի: 2007 թվականից այս կողմ, սա քաղաքական, քաղաքացիական նոր զարթոնք ապ՝րած Հայաստան է: Սա Հայաստանն է, որն այլևս չի լռում, սա Հայաստանն է, որն 2008-ին արդեն կատարել է իր ընտրությունը, և դրանով իր ընդվզումը չի դադարեցրել: Սա Հայաստանն է, որն արդեն 5 տարի շարունակ պայքարում է: Ու ի հեճուկս իշխանությունների բոլոր ջանքերի` քանակապես նվազեցնել պայքարողների շարքերը, այն որակապես ավելի է ամրանում ու հզորանում: Սա այլևս քաղաքացիական գիտակցության Հայաստանն է, որտեղ օտարը կարող է պայքարել մեկ այլ օտարի ոտնահարված իրավունքների համար, և այդ ընթացքն անկասելի է: Սա Հայաստան է, որի քաղաքացիները երկար տարիներ հետ վարժվելուց հետո, նորից սովորել են քաղաքական խոսք լսել: Սա այն Հայաստանն է, որն արդեն ունի քաղաքական խոսքի, քաղաքական գործչի, քաղաքական ուժերի իր չափման միավորը: Սա այն Հայաստանն է, որին այլևս «ծուռ բուսնող խիյարներով» անհնար է խաբել: Սա հնգամյա քաղաքական, քաղաքացիական դիմադրության Հայաստանն է, որտեղ քաղաքական միջակությունները սկսել են պարտվել: Սա Հայաստանն է, որի քաղաքացիները քաղաքական բարձրագույն դասընթացներ են անցել` օր ու գիշեր անցկացնելով Ազատության հրապարակում, դատարանների մոտ, փողոցներով երթ անցկացնելիս:

Սա այն Հայաստանն է, որը կարողացավ զերծ մնալ բռնապետի գլուխը ջարդելու գայթակղությունից, և գնաց քաղաքական-քաղաքացիական պայքարի այնպիսի ճանապարհով, որը թեև երկար էր, սակայն, վերջում չի կարող չտանել դեպի հաղթանակ: Սա Հայաստանն է, որտեղ բռնապետն այլև չի կարող ինքն իրենով, իր գոյությամբ ահաբեկել քաղաքացուն, սա Հայաստանն է, որտեղ բռնապետը անցել է պայքարի վերջին` հուսահատական` մարդկանց կաշառելու, գնելու փուլին: Իսկ երբ բռնապետը սկսում է կաշառել և գնելու փորձեր կատարել բոլորին և յուրաքանչյուրին, դա նշանակում է, որ բռնապետին քիչ է մնացել:

Սա արդեն թացը չորից զատող Հայաստան է: Այո, սա նաև մեկ-մեկ հուսահատվող ու հուսալքվող, արտագաղթող Հայաստան է, բայց եթե այդ ամենի կողքին հասունանում է պահանջատեր Հայաստանը, նշանակում է, պահանջատեր Հայաստանը շուտով իշխանությունից քշելու է բոլոր նրանց, ովքեր խրախուսում են արտագաղթը, ովքեր դարձել են արտագաղթի, հուսալքության և հուսահատության պատճառ: Սա Հայաստանն է, որտեղ մարդիկ 5 տարին մեկ անցկացվող նախագահական ընտրությունների քվեարկության մեկ օրը չեն դիտարկում որպես փրկության միակ պատուհան:  Սա Հայաստանն է, որտեղ մարդիկ իրենք են ստեղծում այդ պատուհանը, և իրենք են որոշում, թե այն երբ պետք է բացվի: Եւ հենց այդ պատճառով էլ, առաջին անգամ` սա այն Հայաստանն է, որտեղ մարդիկ սպասում են ոչ թե առաջադրված թեկնածուների, այլ ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերի խոսքին: Սա նշանակում է, որ սա այն Հայաստանն է, որը տեսնում է իրեն ու իր անելիքները նախագահական ընտրություններից հետո: Սա նշանակում է, որ սա այլևս ուրիշ Հայաստան է: Իսկ այդ ուրիշ Հայաստանը չի կարող ոչինչ մոռանալ և լռել: Չի մոռանա ոչ Տիգրանին Խաչատրյանին, ոչ Գոռ Քլոյանին, ոչ Վահե Ավետյանին, ոչ մյուս տղաներին, ովքեր մարտիրոսվեցին վերածնվող Հայաստանի համար մղվող պայքարի ընթացքում: Նրանք տվեցին առավելագույնը, մեզ մնաց ընդամենը մի բան` չհուսահատվել և չընկճվել: Լույսն արդեն երևում է: Քիչ մնաց:

Հանգչես խաղաղությամբ, մեր եղբայր Տիգրան:   

***

Ավելի վաղ iLur.am-ը Տիգրան Խաչատրյանի մասին կարճամետրաժ ֆիլմ էր պատրաստել: Ֆիլմում Տիգրանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը պատմում է որդու մասին ու նշում, որ վճռական պայքարելու են իրենց որդու սպանությունը բացահայտելու համար:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Ադրբեջանի կազմ ԼՂՀ վերադարձ նախատեսող աշխարհաքաղաքական փոխդասավորություն գոյություն չունի’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’