‘Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 30 տարեկան’

1630

Այսօր 2008թ.-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է՝ 30-ամյակը: Տիգրան Խաչատրյանը զոհվել է «Չերյոմուխա-7» զինատեսակից: Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով այժմ բնակվում է Բելգիայում, երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր տղայիս Տիգրանի ծննդյան օրն է:Տիգրանս կդառնար երեսուն տարեկան, սակայն արդեն յոթ տարի է, որ ծնունդը նշում ենք Տիկոյիս բացակայությամբ: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր հիշեցին տղայիս, այցելեցին նրան, և մեզ նորից ապացուցեցին որ Մարտի 1-ի զոհերը երբեք չեն մոռացվի, որ նրանք զուր չեն տվել իրենց կյանքն հանուն ժողովրդի»: 

Երեկ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանը և կուսակցության այլ ներկայացուցիչներ այցելել են Տիգրանի շիրիմին:

 

Այս առիթով վերահրապարակում ենք նախորդ տարի Տիգրան Խաչատրյանին եւ մյուս զոհերին նվիրված «Լույսն արդեն երևում է, քիչ մնաց» նյութը:

***

Իր ելույթներից մեկում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր հերոսի կոչում տալ այն տղաներին, ովքեր սպանվել էին մարտիմեկյան սպանդի ժամանակ: Չտվեցին: Փոխարենը` նրանց մասին մենք կարդացինք պատմության դասագրքում և սարսռացինք: Մեր ներկան զոռով պատմություն են դարձնում, և մեր աչքի տեսածն անգամ փոխում, վերափոխում և ձևափոխում են, խեղում են ու խեղում: Բայց դրանից հո մեր աչքի տեսածը չի՞ փոխվում: Առնվազն 10 ՀՀ քաղաքացի սպանվել է Երևանի սրտում, և ոչ մի մեղադրյալ, ոչ մի ձերբակալված: Չկա: Չեն բացահայտում: Եւ դա սպասելի էր: Ո՞ւմ պիտի ձերբակալեն, որ լռի, որ կծիկը մինչև ամենավերևները չհասնի: Դրա համար էլ լռում են: Ձևացնում են, թե ոչինչ էլ չի եղել: Այն հույսով, որ տարիներ են, կանցնեն, կգնան ու մարդիկ կմոռանան:

Ու սխալվեցին: Ինչպես միշտ: Սա այլևս ձեր իմացած, ձեր պատկերացրած, միայն հավատալով փոխվող Հայաստանը չէ, պարոնայք իշխանավորներ, պարոնայք Սարգսյան և Քոչարյան: Սա այն Հայաստանն է, որը մի բանին հավատալու համար այն պետք է տեսնի: 2007 թվականից այս կողմ, սա քաղաքական, քաղաքացիական նոր զարթոնք ապ՝րած Հայաստան է: Սա Հայաստանն է, որն այլևս չի լռում, սա Հայաստանն է, որն 2008-ին արդեն կատարել է իր ընտրությունը, և դրանով իր ընդվզումը չի դադարեցրել: Սա Հայաստանն է, որն արդեն 5 տարի շարունակ պայքարում է: Ու ի հեճուկս իշխանությունների բոլոր ջանքերի` քանակապես նվազեցնել պայքարողների շարքերը, այն որակապես ավելի է ամրանում ու հզորանում: Սա այլևս քաղաքացիական գիտակցության Հայաստանն է, որտեղ օտարը կարող է պայքարել մեկ այլ օտարի ոտնահարված իրավունքների համար, և այդ ընթացքն անկասելի է: Սա Հայաստան է, որի քաղաքացիները երկար տարիներ հետ վարժվելուց հետո, նորից սովորել են քաղաքական խոսք լսել: Սա այն Հայաստանն է, որն արդեն ունի քաղաքական խոսքի, քաղաքական գործչի, քաղաքական ուժերի իր չափման միավորը: Սա այն Հայաստանն է, որին այլևս «ծուռ բուսնող խիյարներով» անհնար է խաբել: Սա հնգամյա քաղաքական, քաղաքացիական դիմադրության Հայաստանն է, որտեղ քաղաքական միջակությունները սկսել են պարտվել: Սա Հայաստանն է, որի քաղաքացիները քաղաքական բարձրագույն դասընթացներ են անցել` օր ու գիշեր անցկացնելով Ազատության հրապարակում, դատարանների մոտ, փողոցներով երթ անցկացնելիս:

Սա այն Հայաստանն է, որը կարողացավ զերծ մնալ բռնապետի գլուխը ջարդելու գայթակղությունից, և գնաց քաղաքական-քաղաքացիական պայքարի այնպիսի ճանապարհով, որը թեև երկար էր, սակայն, վերջում չի կարող չտանել դեպի հաղթանակ: Սա Հայաստանն է, որտեղ բռնապետն այլև չի կարող ինքն իրենով, իր գոյությամբ ահաբեկել քաղաքացուն, սա Հայաստանն է, որտեղ բռնապետը անցել է պայքարի վերջին` հուսահատական` մարդկանց կաշառելու, գնելու փուլին: Իսկ երբ բռնապետը սկսում է կաշառել և գնելու փորձեր կատարել բոլորին և յուրաքանչյուրին, դա նշանակում է, որ բռնապետին քիչ է մնացել:

Սա արդեն թացը չորից զատող Հայաստան է: Այո, սա նաև մեկ-մեկ հուսահատվող ու հուսալքվող, արտագաղթող Հայաստան է, բայց եթե այդ ամենի կողքին հասունանում է պահանջատեր Հայաստանը, նշանակում է, պահանջատեր Հայաստանը շուտով իշխանությունից քշելու է բոլոր նրանց, ովքեր խրախուսում են արտագաղթը, ովքեր դարձել են արտագաղթի, հուսալքության և հուսահատության պատճառ: Սա Հայաստանն է, որտեղ մարդիկ 5 տարին մեկ անցկացվող նախագահական ընտրությունների քվեարկության մեկ օրը չեն դիտարկում որպես փրկության միակ պատուհան:  Սա Հայաստանն է, որտեղ մարդիկ իրենք են ստեղծում այդ պատուհանը, և իրենք են որոշում, թե այն երբ պետք է բացվի: Եւ հենց այդ պատճառով էլ, առաջին անգամ` սա այն Հայաստանն է, որտեղ մարդիկ սպասում են ոչ թե առաջադրված թեկնածուների, այլ ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերի խոսքին: Սա նշանակում է, որ սա այն Հայաստանն է, որը տեսնում է իրեն ու իր անելիքները նախագահական ընտրություններից հետո: Սա նշանակում է, որ սա այլևս ուրիշ Հայաստան է: Իսկ այդ ուրիշ Հայաստանը չի կարող ոչինչ մոռանալ և լռել: Չի մոռանա ոչ Տիգրանին Խաչատրյանին, ոչ Գոռ Քլոյանին, ոչ Վահե Ավետյանին, ոչ մյուս տղաներին, ովքեր մարտիրոսվեցին վերածնվող Հայաստանի համար մղվող պայքարի ընթացքում: Նրանք տվեցին առավելագույնը, մեզ մնաց ընդամենը մի բան` չհուսահատվել և չընկճվել: Լույսն արդեն երևում է: Քիչ մնաց:

Հանգչես խաղաղությամբ, մեր եղբայր Տիգրան:   

***

Ավելի վաղ iLur.am-ը Տիգրան Խաչատրյանի մասին կարճամետրաժ ֆիլմ էր պատրաստել: Ֆիլմում Տիգրանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը պատմում է որդու մասին ու նշում, որ վճռական պայքարելու են իրենց որդու սպանությունը բացահայտելու համար:

Նախորդ հոդվածը‘Չավին զարմացել է, որ Թուրանը կարմիր քարտ չի ստացել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ամեն օր կարդում եմ, որ մենք հետաքրքրված ենք այս կամ այն ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն անձամբ ինձ ոչ ոք չի հետաքրքրում»’