‘Մարտի 1-ի հարցով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծը ‘

1255

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը ԱԺ է ներկայացրել Մարտի 1-ի գործով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծ:

iLur.am-ը ստորեւ ներկայացնում է օրենքի նախագծի տեքստն ամբողջությամբ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2008Թ. ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԱՍԸ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՈՒ ԱՅԼ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովը, նկատի ունենալով՝

1. որ մինչ օրս բացահայտված չեն Երեւան քաղաքում 2008թ. Մարտի 1-2-ին կատարված տասը սպանությունները, բացահայտված չեն նաեւ հարյուրից ավելի անձանց հրազենային (գնդակային ու բեկորային) եւ այլ մարմնական

վնասվածքներ պատճառելու դեպքերը.

2. որ թեեւ սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերով հարուցված քրեական գործերը կասեցված ու կարճված չեն, սակայն դրանցով որեւէ առաջընթաց չի արձանագրվել, ինչի արդյունքում սպանվածների իրավահաջորդները, մարմնական (այդ թվում ծանր) վնասվածքներ ստացած հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ մինչեւ օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել օրենքով նախատեսված համապատասխան փոխհատուցում.

3. որ թե՛ ԱԺ-ում ներկայացված եւ թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակության լայն շերտերն ու  միջազգային կառույցները շահագրգիռ են 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները բացահայտելու, բոլոր մեղավորներին ի հայտ բերելու եւ պատժելու հարցում.

4. որ Մարտի 1-2-ի դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու՝ իրավապահ մարմիններին ու ՀՀ գլխավոր դատախազությանը ուղղված՝ ՀՀ Նախագահի հանձնարարականից ավելի քան մեկ տարի անց էլ այդ սպանությունների, այլ ծանր հանցագործությունների բացահայտման հարցում որեւէ տեղաշարժ արձանագրված չէ.

5. որ մինչ օրս կատարված չեն ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ եւ վստահելի հետաքննություն անցկացնելու, մահվան բոլոր դեպքերը բացահայտելու՝ ՀՀ-ին ուղղված պահանջները.

6. որ միջազգային այլ կարեւոր կառույցներ իրենց փաստաթղթերում, մասնավորապես՝ Եվրոպայի Միությունն իր 2012թ. մայիսի 15-ի տարեկան զեկույցում, պահանջում են անցկացնել 2008թ. մարտիմեկյան դեպքերի լիարժեք հետաքննություն, բացահայտել այդ բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան պատճառները:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածներով, որոշում է՝

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության ու ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության հարցը ուսումնասիրելու եւ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրներն են՝ ուսումնասիրել՝ ա/ 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված սպանությունների, հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունները, բ/ ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները իրականացնելիս իրավունք ունի.

ա) հարցումներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում հետաքննության եւ նախաքննության մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություններ.

բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրել պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, իսկ քաղաքացիների համաձայնությամբ՝ նաեւ անհատ քաղաքացիների՝ հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով.

գ) իր աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների.

4. Հանձնաժողովի անդամները,  Հանձնաժողովի որոշմամբ, կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց հետ:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր՝ ԱԺ խմբակցություններից:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցությունների ներկայացմամբ 

7. Հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ:

8. Ազգային ժողովի աշխատակազմը ԱԺ մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

9. Հանձնաժողովը իր գործունեության արդյունքների մասին եզրակացությունը ԱԺ նիստում ներկայացնում է մինչեւ 2013թ. փետրվարի 4-ը: Եզրակացության վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

1) Մարտի 1-2-ին կատարված սպանություններից, քաղաքացիներին, զինծառայողներին ու ոստիկաններին հասցրած հարյուրավոր մարմնական վնասվածքներից անցել է շուրջ 4,5 տարի, սակայն այդ հանցագործութուններից ոչ մեկը բացահայտված չէ:Թեեւ Մարտի 1-2-ի դեպքերով շինծու ու անհիմն մեղադրանքներով մեղադրվել ու դատի են տրվել համաժողովրդական շարժման մի քանի տասնյակ ակտիվիստներ ու համակիրներ, բայց եւ այդ անձինք եւս չեն մեղադրվել ու դատապարտվել ոչ սպանությունների, ոչ էլ հրազենով եւ պայթուցիկ սարքերով մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Փաստորեն՝ կարելի է պնդել, որ Մարտի 1-2-ի ընթացքում կատարված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը մինչ այսօր բացահայտված չէ, եւ հարյուրավոր հանցագործներ մնացել են անպատիժ:

2) Միաժամանակ՝ հասկանալի է, որ  իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցների, հարյուրավոր ոստիկանների ու զինծառայողների աչքի առաջ, օպերատիվ հետախուզական մարմինների տեխնիկական հսկողության տակ կատարված տասնյակ սպանությունները եւ մարմնական վնասվածքները հնարավոր չէ չբացահայտել:

3)  Թեեւ այդ դեպքերով հարուցված քրեական գործերի վարույթները կասեցված ու կարճված չեն, սակայն փաստացի՝ դրանցով ակտիվ ու նախաձեռնողական քննություն չի կատարվում:

4) Ավելին,  Մարտի 1-2-ի դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու՝ ՀՀ նախագահի՝ իրավապահ մարմիններին ու գլխավոր դատախազությանը ուղղված հանձնարարականից անցել է ավելի քան մեկ ու կես տարի, սակայն այդ հանցագործությունների բացահայտման գործում որեւէ տեղաշարժ արձանագրված չէ:

5) Հետեւաբար՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Հատուկ քննչական ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը շահագրգռված չեն վերջիններիս բացահայտման գործում եւ պարտակում են թե կոնկրետ հանցագործությունները կատարողներին եւ թե Մարտի 1-2-ի իրադարձությունների բուն պատասխանատուներին:

6) Տասը սպանվածների իրավահաջորդները, հարյուրավոր մարմնական վնասվածքներ ստացած ՀՀ քաղաքացիներ, զինծառայողներ ու ոստիկաններ մինչ օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել համապատասխան փոխհատուցում:

7)  Մինչ օրս կատարված չեն ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի, ԵՄ 2012թ. մայիսի 15 տարեկան զեկույցի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ, անկողմնակալ ու վստահելի հետաքննություն անցկացնելու, տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերը բացահայտելու՝ ՀՀ-ին ուղղված պահանջները:

8) Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով Ազգային Ժողովի  16 հունիսի 2008թ. ստեղծված հանձնաժողովը եւ նրա կազմած եզրակացությունը այդպես էլ  չարժանացան սպանվածների հարազատների, կառավարող կոալիցիայից դուրս գտնվող հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակության լայն շերտերի հավանությանը: Այդ եզրակացությունը չբավարարեց նույնիսկ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցողներին: Այն  գնահատվեց որպես Մարտի 1-2-ի դեպքերի միակողմանի եւ քիչ վստահելի մեկնաբանություն:

9)  ՀՀ քաղաքական բոլոր ուժերը, իրավապաշտպան ու հասարակական այլ կազմակերպություններ, միջազգային կառույցներ միակարծիք են Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման եւ բոլոր մեղավորներին պատժելու հարցում:

Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու սույն նախագիծը իր ուսումնասիրման առարկայով, հետապնդող խնդիրներով լիովին տարբերվում է նախորդ հանձնաժողովից: Հիմնական տարբերիչ հատկանիշն այն է, որ վերջինս սահմանափակվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ եւ գնահատելու է ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների եւ կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Պակաս կարեւոր հանգամանք չէ նաեւ, որ այս հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի լիիրավ լիազորությամբ մասնակցելու է Մարտի 1-2-ի դեպքերի հիմնական պահանջատեր քաղաքական ուժը՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ինչն էականորեն կմեծացնի այդ հանձնաժողովի գործունեության եւ դրա արդյունքում կազմված եզրակցության հանդեպ հասարակական վստահությունը:

 

Հեղինակներ` Ստեփան ԴեմիրճյանԼեւոն ԶուրաբյանԳագիկ ՋհանգիրյանՆիկոլ ՓաշինյանԼյուդմիլա ՍարգսյանԱրամ Մանուկյան  

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձինք Սիվիլիթասի աշխատակիցներին ուղեկցում են մինչև տուն. հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը կուսումնասիրի ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘