‘Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի մասին նախագիծը մտավ ԱԺ օրակարգ’

1456

Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգ է ներառվել Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի հեղինակած՝ «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՀՀ ոստիկանության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների հիմնավորվածության եւ օրինականության հարցն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ նախագծի, հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված սպանությունների, հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունները, ինչպես նաեւ՝ ՀՀ ոստիկանության, հատուկ քննչական ծառայության եւ  գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Հանձնաժողովի կազմում ընգրկված կլինեն «Հանրապետական» խմբակցությունից երկու, եւ մյուս խմբակցություններից՝ մեկական պատգամավորներ: Հանձնաժողովն իր աշխատանքների մասին եզրակացություն Ազգային ժողովի նիստում կներկայացնի մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 29-ը:

Նախորդ հոդվածը‘«Էպոսագետը» կմնա կալանքի տակ’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՖ-ի կոչը երկրպագուներին’