‘Մարտի 8. Տոն, թե խնդիրների մասին խոսելու առիթ’

2568

Ժամանակակից աշխարհում, իհարկե, քչերն են հիշում, որ Մարտի 8-ն իրականում ոչ թե Տոն, այլ կանանց իրավունքների համար մղվող երկարատեւ, բայց խուլ ընդդիմության բախվող պայքարի կարեւոր հանգրվան է հանդիսացել:

1857 թվականին` հենց այդ օրը, ԱՄՆ տեքստիլ արդյունաբերության աշխատավորուհիները հզոր ցույց կազմակերպեցին Նյու Յորքում՝ պահանջելով աշխատանքային  պայմանների բարելավում եւ տղամարդկանց հետ հավասար վարձատրություն: Տարիներ անց` 1910-ին, մարքսիստական շարժման առաջատար կանայք` Կլարա Ցետկինն ու Ռոզա Լյուքսեմբուրգը, առաջարկեցին այդ օրը նշել որպես կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օր:

Եվրոպայում այս ավանդույթը երկար կյանք չունեցավ, որովհետեւ արդեն 30-ականներին, կանանց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների հաստատմանը զուգահեռ, մի տեսակ դրա անհրաժեշտությունն էլ վերացավ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այնուհետ նաեւ ԽՍՀՄ-ին, այստեղ թեպետ օրվա հիշատակումը սկիզբ դրվեց 1913-ին, բայց 20-ականներին` արդեն ԽՍՀՄ-ում, դարձավ երկրի պաշտոնական տոներից մեկը:  Ընդ որում, կոմկուսի ղեկավարությունը կարողացավ օրը ոչ միայն իսկապես տոնական դարձնել, այլեւ` գաղափարականացնել: Բնականաբար՝ հընթացս հարվածի սլաքներն ուղղելով դեպի «փտած կապիտալիզմ», որտեղ կինը միայն «միս էր եւ հարստահարման ու շահագործման ենթակա ապրանք»: 

Ուրիշ բան էլ կար. «կնոջն աշխատանքային ընկեր դարձնելով»՝ ԽՍՀՄ-ում նաեւ շատ կարեւոր, ամբողջ հանրությանը վերահսկելու խնդիրն էին լուծում: Եւ, թերեւս, դրանով էր պայմանավորված Մարտի 8-ին  խորհրդային կնոջը ձոնված պաստառների հիմնական ուղերձը. «Խորհրդային կնոջը պիտի ազատել ընտանեկան, խոհանոցային ստրկությունից եւ բերել ընկերային-հասարակական դաշտ»:

Ասել կուզի՝ մինչեւ 60-ականները տոնը քաղաքականացված էր, տոնվում էր պաշտոնական ժողովների կազմակերպմամբ, հատուկ խնդիրների առաջադրմամբ ու լուծման փնտրտուքներով: Բայց դրանից հետո, երբ աշխատող կինն այլեւս համատարած երեւույթ էր, իսկ խորհրդային գաղափարախոսութան սնանկությունն այս կամ այն չափով արդեն բոլորն էին տեսնում, թեպետ նաեւ՝ լռում, Մարտի 8-ն աստիճանաբար սկսեց ներկայացվել  որպես մայրության, գեղեցկության, ընդհանրապես Կնոջ Օր,  եւ դրա սկզբնական-քաղաքական բովանդակությունը լիովին ետին պլան մղվեց 80-ականներին:

Խորհրդային միության փլուզումից հետո հետաքրքիր պրոցեսներ ընթացան գոնե մեր հանրապետության մասշտաբով: Անկախության սերունդն, այսպես ասած, «պեղեց» Տոնի քաղաքական բովանդակությունը, մերժեց այն որպես այդպիսին եւ պաշտոնական տոնացույց մտցրեց Ապրիլի 7-ը, որը սոսկ եկեղեցական օրացույցով էր տոնվում՝ որպես հրեշտակի կողմից Մարիամի ավետման օր:

Քոչարյանը, սակայն, այս իմաստով էլ էր «ինքնատիպ». քանի որ, իր իսկ խոստովանությամբ, գիրք կարդալ չէր սիրում եւ դժվար թե ճանաչեր ու տարվեր Ցետկինի, Լյուքսեմբուրգի գաղափարներով, նա ակնհայտորեն տեղի տվեց կարոտախտով տապակվող որոշ նախկին կոմսոմոլուհիների խնդրանքին, վերականգնեց Մարտի 8-ը՝  երկրում կանանց միամսյակ հռչակելով եւ արդյունքում ամեն բան իրար խառնելով:

Չխոսենք արդեն այն մասին, որ վերջին տարիների ընթացքում տոնն, ըստ էության, զրկվեց իր բուն դիմագծից, որ կամ ընտանեկան էր, կամ առավելագույնը՝ նեղ-գործընկերային, ընտանիքից ու կոլեկտիվներից «տեղափոխվեց» ռեստորաններ, սրճարաններ, համերգասրահներ, վերջապես՝ Հանրապետական կուսակցություն, որտեղ կոմկուսի հանգույն, բայց նվազ պրոֆեսիոնալ կերպով` հերմինենաղդալյաններն սկսեցին պաթետիկ-կիսաքաղաքական տեքստեր երկնել:

Այնպես որ, այս առումով, ինչպես ամեն բան մեր երկրում՝ գլխիվայր շրջված է: Եւ ոչ միայն` կառավարման օղակներում:

Օրինակ, չնայած նրան, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է կանանց հիմնախնդիրներով զբաղվող մոտ 60 հասարակական կազմակերպություն, միանշանակ կարելի է փաստել, որ այսօր մեր երկրում կանայք իսկապես էլ պաշտպանված չեն թե՛ ընդհանրապես՝ հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից, թե՛ կոնկրետ իրենց վերաբերող սահմանափակ խնդիրների առումով:

Ակնհայտ է, որ չնայած` հատկապես երիտասարդության շրջանում առկա հուսադրող պրոցեսներին, մեր կանայք դեռեւս լիարժեքորեն ներգրավված չեն հանրային-քաղաքական գործընթացներում եւ չեն կարողանում այս դաշտում որոշումներ ընդունել: Շարունակում են նույնիսկ ընտանիքներում բռնության ենթարկվել, քիչ չեն սեռական շահագործման դեպքերը: Դժվարությունները, որ հատուկ են ընդհանրապես բիզնեսին՝ ձեռնարկատեր կանանց պարագայում կրկնապատկվում են: Լուրջ, ուղղակի սոսկալի մարտահրավերներ կան վերարտադրողական ու սեռական առողջության ոլորտում, եւ վարչակազմը, ընդհանրապես հանրությունը, ցավոք, հաճախ նաեւ իրենք՝ կանայք, դեռ չունեն այդ ընկալումը, որ առողջ է այն հասարակությունը, այն ընտանիքը, որի անդամ կինը, մա՛յրն է առողջ:

Արդյունքում՝ Մարտի 8-ը շարունակում է մնալ որպես ծաղկի, սպասքի, օծանելիքի, հագուստի եւ խիստ կանացի գործածման այլ ապրանքների սպառողական տոն, իսկ որոշ առումով էլ՝ տղամարդկանց փնթփնթոցի լայն դաշտ:

Եւ չնայած դրան, իսկապես ուզում եմ շնորհավորել մեր կանանց` Մարտի 8-ի կապակցությամբ, առանց դրանում որեւէ քաղաքական-գաղափարական, առաջադեմ կամ ետադիմական իմաստ դնելու (թե չէ այդ դեպքում ստիպված կլինեինք գնալ մինչեւ հռոմեական Յունոնա աստվածուհու տաճարներ, որտեղ այս օրերին կանանց տոնն էին նշում, եւ կամ տրվել դավադրությունների տեսություններին, որոնցից մեկի համաձայն՝ Մարտի 8-ն իրականում հրեական Փուրիմն է՝ Եսթեր թագուհու տոնը եւ բոլորիս, իբր, հիմարացնելու միջոց…):

Երջանիկ եղեք, սիրելի կանայք, սիրեք եւ սիրվեք առատորեն: Անպայման առո՛ղջ եղեք եւ փորձեք ձեր ընտանիքներում, ձեր որդիների դեմքով, իսկական տղամարդիկ դաստիարակել, որոնք հետո ուրիշ կանանց կերջանկացնեն, ոչ թե պատուհաս կդառնան նրանց համար:

Շնորհավոր բոլորիս տոնը: Կամ գոնե նրանց, ովքեր վաղը Տոն են համարում եւ ընդունում են այդպիսին:

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ» ակցիայի մասնակիցներին քաշքշելով բերման էին ենթարկել որպես «ականատես» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի հավաքականը մասնակցում է Սոչիի Պարալիմպիադային’