‘Մարտունիում Արցախյան հերոսամարտի մարտունեցի զոհերին նվիրված հուշարձան կանգնեցվեց’

2452

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոյեմբերի 11-ին բացվեց Արցախյան ազատամարտի մարտունեցի զոհերին նվիրված հուշարձան: Այն օծեց Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Արցախյան ազատամարտում Հայաստանի Մարտունու վարչական շրջանը տվեց ավելի քան 100 զոհ եւ 150 վիրավոր, այդ թվում` 10 զոհ, 2 անհայտ կորած եւ 30 վիրավոր՝ Մարտունի քաղաքից: Մարտունին, սակայն, մինչ օրս թե քաղաքի, թե նախկին շրջանի բնակավայրերի համար չուներ Արցախյան գոյամարտում զոհված մարտունեցիների հիշատակը եւ գոյամարտի խորհուրդը հավերժացնող հուշարձան: Այդ բացը լրացնելու ձեռնարկը սկսվեց այս տարվա ընթացքում, եւ նախաձեռնողը Մարտունի քաղաքի բնակիչ, ՀՀ նկարիչների եւ քանդակագործների միության անդամ Արամայիս Խլղաթյանն էր:

Նրա հրավերով Մարտունու քանդակագործության սիմպոզիումին մասնակցեցին ՀՀ նկարիչների եւ քանդակագործների միության անդամներ Ռաֆիկ Սարգսյանը, Արտիկ Քոչարյանը, Սամվել Մարտիրոսյանը, Գարեգին Դավթյանը, Արմեն Վարդանյանը, ովքեր Արամայիս Խլղաթյանի հետ միասին հեղինակեցին վեց  բարձրարվեստ քանդակներ, որոնք շուք են տալու քաղաքի գլխավոր փողոցներին: Սիմպոզիումի շրջանակներում էլ ձեռնարկվեց գլխավոր աշխատանքներից ու կոթողներից մեկը՝ Արցախյան ազատամարտում զոհված մարտունեցիների հուշարձանի կերտումը: Այն հեղինակեց ՀՀ նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արտիկ Քոչարյանը, ում ընկերակցեցին Արամայիս Խլղաթյանը եւ Ռաֆիկ Սարգսյանը: Սիմպոզիումը փակվեց սեպտեմբերի սկզբին, սակայն երեք քանդակագործները շարունակեցին հուշարձանի կերտումը՝ այն ավարտին հասցնելով նոյեմբերի սկզբներին:

Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ, Մարտունի քաղաքի եւ տարածաշրջանի համայնքների մտավորականներ, մանկավարժներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, քանդակագործության սիմպոզիումը նախաձեռնող խմբի անդամներ, բարեգործներ եւ հովանավորներ: Հուշարձանի բացման պատիվը Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո տրվեց զոհված ազատամարտիկ Արամ Խլոյանի մայր Տատյանա Խլոյանին եւ զոհված ազատամարտիկ Գեիմ Գուլեյանի հայր Ռաֆիկ Գուլեյանին: խոսք հղեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն, քանդակագործության սիմպոզիումի նախաձեռնող խմբի անդամ Անահիտ Գեւորգյանը, զոհված ազատամարտիկ Գագիկ Զաքարյանի այրի Անահիտ Զաքարյանը, Արցախյան ազատամարտում Մարտունու վաշտի հրամանատար Թաթուլ Կարապետյանը: Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն իր խոսքում դրվատեց Արամայիս Խլղաթյանի եւ նրա գործընկերների հայրենանվեր, դարերի մեջ ապրող ու ապրեցնող աշխատանքը եւ մասնավորապես Մարտունի քաղաքի բնակիչ Իշխան Գրիգորյանի բարերարությունը, ում նվիրատվությամբ էլ կյանքի կոչվեց այս հուշարձանի կերտումը:

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը սիմպոզիումի շրջանակներում քանդակների իրականացումը հովանավորելու համար ԵԿՄ մեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, բարերարներ Սեւակ Շահինյանին, Իշխան Գրիգորյանին, Ավետիք Նազարյանին, Դավիթ Երանոսյանին: Քանդակագործության սիմպոզիումի անդամների անունից բարերաներին նվերներ հանձնեց Արամայիս Խլղաթյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քանդակի գլխավոր հեղինակ Արտիկ Քոչարյանը նշեց, որ հուշարձանը պատկերում է զոհված ազատամարտիկին, ով համբարձվում է երկինք Հազարան Բլբուլի թեւերի վրա: Նա իր կյանքը տվել է՝ աշխարհն ապրեցնելու եւ հավերժացնելու համար: «Ես ոչ մի վայրկյան մարտում զոհված իմ ընկերներին չեմ պատկերացնում մեռած, այլ՝ ապրող ու Հազարան Բլբուլի թեւերի վրա անմահության հեռաստաններ գնացող»,-եզրափակեց խոսքը Արտիկ Քոչարյանը:

Նախորդ հոդվածը‘Հրմշտոց Վերաքննիչ քրեական դատարանի շենքի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Գալուստյանը ազգայնականների հարձակման զոհ է դարձել’