‘Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կհանգեցնի մի շարք ապրանքների սակագների աճի’

1066

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կհանգեցնի ապրանքների որոշ խմբերի սակագների աճի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա ասելով՝ որոշ ապրանքների և բաղադրիչների մաքսատուրքեր կարող են ավելանալ միջին հաշվով 4-5 տոկոսով: Մասնավորապես, կարող են բարձրանալ ավտոմեքենաների ներմուծման գները, քանի որ Ռուսատանը վարում է տեղական ավտոարդյունաբերության հովանավորման քաղաքականություն, և մաքսատուրքերն այդ երկրում ավելի բարձր են, քան Հայաստանում: Ղազարյանն ավելացրել է, որ ավտոմեքենան լայն սպառման ապրանք չէ, և մեքենաների գների աճը չի հանգեցնի բնակչության կենսամակարդակի նվազման:

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությունը ՄՄ-ին անդամակցությունից կշահի, քանի ոչ կնվազեն ռազմավարական կարևորություն ունեցող այնպիսի ապրանքների գները, ինչպես`էներգակիրներն ու հացահատիկը, որոնք Հայաստանը գնում է Ռուսաստանից և ՄՄ երկրներից:

ՀԱԳ(Գ)Մ նախագահը հաղորդել է, որ այժմ բանակցություններ են վարվում սակագների շուրջ, որոնք պետք է սահմանվեին Հայաստանի համար անցումային շրջանում: Նա հաստատել է, որ միջին սակագները Ռուսատանում ավելի բարձր են, քան Հայաստանում, քանի որ Հայաստանն ավելի շուտ է անդամակցել ԱՀԿ-ին և ընդունել է ներմուծման տուրքերի նկատմամբ խիստ պահանջները`  նույնիսկ ի վնաս իր տեղական արտադրողի: Սակայն տուրքերը կնվազեն նաև Ռուսաստանում, ավելացրել է նա: «Տառացիորեն երկու տարի անց Ռուսաստանում բարձր մաքսատուրքերը, ԱՀԿ պահանջին համապատասխան, կնվազեն մինչև միջին եվրոպական, որոնք այսօր գործում են Հայաստանում», — ասել է Ղազարյանը:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները շարժվում են դեպի ՄԻՊ-ի գրասենյակ եւ համազգային գործադուլի կոչ են անում ‘
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հեղափոխության տարբերակները’