‘Մաքսիմ Վենգերովի համերգը Երեւանում նախատեսվածից մեկ ժամ երկար տեւեց ‘

1274

Դահլիճը լեփ-լեցուն էր, անգամ կանգնելու տեղ դժվար էր գտնել, չնայած որ տոմսերի արժեքն ամենեւին էլ մատչելի չէր միջին հայաստանցու համար:

Վենգերովին դաշնամուրով նվագակցում էր ճանաչված արտիստ Վահագն Պապյանը: Վիրտուոզ ջութակահարը երեւանցի հանդիսատեսի համար կատարեց Բախի, Բրամսի, Դվորժակի, Պագանինիի, Էժեն Իզայիի, Սեն Սանսի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:

Վենգերովն ինքն էր հայտարարում ծրագրում ներառված ստեղծագործությունները` համեմելով դրանք սեփական մեկնաբանություններով եւ հեղինակների մասին ուշագրավ պատմություններով:

Մասնավորապես, Վենգերովը պատմեց այն մասին, որ Նիկոլո Պագանինին, Կամիլ Սեն Սանսը, Էժեն Իզային եւ Ֆրից Կրայսլերը մոլի խաղացողներ էին, իսկ նրանցից երեքն անգամ կազինոյում տանուլ են տվել իրենց ջութակները:  

Համերգին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը:  

Երեւանյան շնորհակալ հանդիսատեսը չցանկացավ շուտ բաց թողնել ջութակահարին. համերգի ծրագրային մասի ավարտից հետո Վենգերովը դահլիճի պահանջով եւս չորս անգամ բեմ դուրս եկավ` կատարելով այդ թվում նաեւ Կոմիտասի «Կռունկը»: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կեղծ օրակարգերի մայրամուտը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի օգնականը դարձավ ՍԴՀԿ ատենապետ’