‘Մեդինսկին «Օսկար» մրցանակաբաշխությանը մեղադրել է քաղաքականացված լինելու մեջ’

1259

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը բնութագրել է որպես ծայրաստիճան քաղաքականացված: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մշակույթի նախարարը հայտարարել է դեկտեմբերի 27-ի ասուլիսում, երբ ամփոփել է տարին մշակույթի ոլորտում:

Նախարարին հարցրել են, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» կինոնկարը չի ընդգրկվել «Օսկարի» անվանացուցակում: Մեդինսկին հայտարարել է, թե ինքն ի սկզբանե համոզված էր, որ այդպես էլ պիտի լինի: «Ես հենց սկզբից էլ ասացի Բոնդարչուկին՝ «Մտքիցդ հանիր»: Նախ՝ «Ստալինգրադում» բացարձակապես չի ցուցադրվում ամերիկյան լեն-լիզը՝ մսի պահածո-բան, երկրորդ՝ չի շեշտվում Ամերիկայի դերը հաղթանակի գործում, այնուհետև՝ դերասանների ընտրությունը քաղաքականապես պատշաճ չի արված»,- նշել է նախարարը:

Վլադիմիր Մեդինսկին խոստովանել է, որ ինքը «Օսկարի» քաղաքականացված լինելու մեջ համոզվել է այն ժամանակ, երբ 2010 թ. այդ մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց Քեթրին Բիգելոուի «Փոթորկի տիրակալը» կինոնկարը: «Այն ժամանակից, երբ «Ավատարին» «Օսկար» չտվեցին, այլ տվեցին «Փոթորկին», ես այլևս որևէ հարց «Օսկարին» չունեմ», հայտարարել է ՌԴ մշակույթի նախարարը:

Նախորդ հոդվածը‘Սաքուլիկենք պաշտոնական հայտարարություն են տարածել ԵՊՏՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողներից մեկը սխալմամբ 90% զեղչով է վաճառել ավիատոմսերը’