‘Մեդվեդևն առաջարկում է Pussy Riot-ի աղջիկներին ազատ արձակել’

1146

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կես տարվա ազատազրկումը բավարար պատիժ է համարում Pussy Riot պանկ-խմբի անդամների համար եւ առաջարկում է ազատ արձակել երկու տարվա բանտային պատժի դատապարտված աղջիկներին; Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին սկանդալային վարքագծով հայտնի խմբի անդամները Մոսկվայի Քրիստոս Փրկչի Մայր տաճարում «պատարագ» էին մատուցել՝ Մարիամ Աստվածածնից խնդրելով «քշել Պուտինին»:

«Ես չէի ուզենա փոխարինել դատավորին, բայց իմ կարծիքով, այն պատիժը, որը նրանք արդեն կրել են, բանտում բավական երկար ժամանակ նրանց գտնվելն արդեն իսկ բավարար է նրանց համար՝ մտորելու, թե ինչ է տեղի ունեցել իրենց կյանքում սեփական հիմարության պատճառով: Կարծում էմ՝ տվյալ դեպքում հետագա ազատազրկումը անարդյունավետ է», — ըստ Reuters-ի, իշխանական «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեդվեդեւը՝ առաջարկելով Pussy Riot-ի աղջիկների ազատազրկումը փոխարինել պայմանական պատժով:

Մեդվեդեւի խոսերով՝ աղջիկների արարքը,  նրանց արտաքին տեսքը եւ գործի շուրջ առաջացած «հիստերիկան» անձամբ իր մոտ զզվանք է առաջացնում:

Pussy Riot-ի երեք աղջիկների գործը լայն միջազգային արձագանք առաջացրեց: Կատարվածի վերաբերյալ ռուսական հասարակությունում տարբեր կարծիքներ հնչեցին: Աղջիկների շահերի պաշտպանությամբ հանդես եկան բազմաթիվ ռուս մտավորականներ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ: Մինչդեռ, համաձայն տարբեր սոցիոլոգիական հարցումների՝ ռուսաստանյան հասարակության ուղղափառ հատվածը մեծամասամբ խստորեն դատապարտում է երկրի գլխավոր տաճարում տեղի ունեցածը՝ համարելով, թե աղջիկների արարքը վիրավորում է ուղղափառ հավատացյալների կրոնական զգացմունքները: Ինքը՝  Pussy Riot-ի «աղոթքի» «օբյեկտը»՝ երրորդ անգամ Ռուսատանի նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինը դատապարտել է աղջիկների «զազրելի արարքը»՝ միաժամանակ հավաստիացնելով, թե չի միջամտելու գործի ընթացքին:  

Իրենց հերթին դատապարտյալները, որոնցից երկուսը անչափաս երեխաներ ունեն, պնդում են, որ նման ձեւով իրենց բողոքն են արտահայտել եկեղեցու եւ պետության սերտաճման դեմ՝ մասնավորապես նշելով այն փաստը, որ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նախընտրական շրջանում կոչ էր անում քվեարկել Պուտինի օգտին: Դատարանը Pussy Riot-ի արարքը գնահատեց որպես կրոնական ատելության քարոզ:

Դատապարտյալների պաշտպանները Դմիտրի Մեդվեդեւի հայտարարության մեջ իշխանությունների հռետորաբանության փոփոխություն են նկատում:

«Դրական է, որ իշխանությունները հասկանում են, որ այս ողջ պատմությունը չափազանց հեռուն է գնացել: Մեր հիմնական խնդիրն է՝ հասնել մեր պաշտպանյալների ամբոջական արդարացմանը», — Reuters-ին հայտնել է Pussy Riot-ի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:

Մոսկվայի քաղաքային դատարանը առաջին ատյանի վճռի բողոքը կքննի հոկտեմբերի 1-ին:

 

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. «Սովետական Հայաստան». Չարտոնված ցույց՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Apple–ը ներկայացրեց նոր iPhone 5–ը (լուսանկարներ)’