Մեդվեդև․ Ինչու պետք չէ գործ ունենալ Ուկրաինայի հետ

519

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Коммерсант»-ում հոդված է հրապարակել, որում հինգ թեզիսով փորձում է բացատրել, թե ինչու Ռուսաստանին հարկավոր չէ այժմ խոսել Կիևի ղեկավարության հետ։

Ուկրաինայի ղեկավարները, Մեդվեդևի կարծիքով, դժբախտ մարդիկ են, որոնք իրենց ինքնությունն են փնտրում և նոր պատմություն են հորինում, մինչդեռ իրենց նախագահը, «որը որոշակի էթնիկ արմատներ ունի», ստիպված է խուսանավել տարբեր ուժերի միջև և «բարոյական սալտո-մորտալե» գործել»՝ իշխանության ղեկին մնալու համար։

Ուկրաինական ղեկավարությունն ինքնուրույն չէ, այլ գտնվում է օտարերկրյա ուղիղ կառավարման տակ և լիովին կախված է ԱՄՆ-ից, մինչդեռ Վաշինգտոնին Կիևից ոչինչ պետք չէ, քան միայն Ռուսաստանի տոտալ զսպումը։ Այնպես որ՝ «իմաստ չունի գործ բռնել իշխանությունների հետ, պետք է գործ ունենալ սյուզերենի հետ»։

Մեդվեդևի կարծիքով՝ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը շահագրգռված է միայն սեփական հարստացմամբ՝ չմտածելով պետության շահերի մասին, ուստի նրանց հետ երկխոսելն անարդյունավետ է։

Չորրորդ թեզիսում Մեդվեդևը կրկնում է իր նախկին միտքը՝ նշելով, որ ուկրաինական ղեկավարությունն անպարտաճանաչ է և անհուսալի, նա ցանկացած պահի կարող է փոխել քաղաքական կուրսը։

Եվ վերջում, իսկական Չերնիշևսկու նման՝ հարց է տրվում՝ ի՞նչ անել։ Եվ Մեդվեդևը դրան սպառիչ պատասխան է տալիս՝ ոչ մի բան, ընդամենը սպասել, երբ Ուկրաինայում Մոսկվայի տեսակետից մեղսունակ ղեկավարություն կհայտնվի, որը պատրաստ կլինի Կրեմլի հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ կառուցել։ «Ռուսաստանը կարող է սպասել, մենք համբերատար ժողովուրդ ենք»,- եզրափակում է Մեդվեդևը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Աշխարհի ամենավտանգավոր մարդը» մահացել է
Հաջորդ հոդվածըԲաթումում փլվել է հիվանդասենյակի առաստաղը