‘Մեթյու Բրայզա. Քլինթոնը շահագրգռված է Ադրբեջանին և Հայաստանին օգնություն տրամադրելու հարցում’

1434

ԵԱՀԽ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան կարծում է, որ ամեն դեպքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները պետք է շարունակվեն: Ադրբեջանական 1news.az գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահները պետք է առավելագույն ջանքերը գործադրեն՝ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար:

«Տիկին Քլինթոնի հետ զրույցներից դատելով՝ կարող եմ ասել, որ նա շահագրգռված է  բանակցությունների ընթացքում կողմերին օգնություն տրամադրելու հարցում, և նա եռանդագին զբաղվում է այդ հարցով, ինչը շատ կարևոր է: Միաժամանակ՝ ասեմ, որ համանախագահները կարող են միայն նպաստել բանակցությունները շարունակելուն, սակայն վերջնական խոսքը  կողմերինն է, որոնք պետք է գտնեն դիրքորոշումների մերձեցման կետերը: Հուսով եմ, որ, այնուամենայնիվ,  բանակցությունները կշարունակվեն: Կարծում եմ՝ Թուրքիայի վարչապետ պարոն Էրդողանը նույնպես կարող է աջակցել այդ գործընթացին:Հակամարտության դիվանագիտական լուծումը ոչ միայն հնարավոր է, այլև արդեն դրված է սեղանին: Համանախագահների և նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունները իրական տարբերակներ են, և կարծում եմ՝ կողմերը կարող են շարունակել բանակցությունները»,- նշել է Բրայզան:

 «Խաղաղ գործընթացների այլընտրանք գոյություն չունի: Եւ որքան գիտեմ՝ թե Ադրբեջանը և թե Հայաստանը հակված չեն հարցի ռազմական լուծմանը»,- ասել է Բրայզան, միաժամանակ հավելել, որ Ռամիլ Սաֆարովի գործը, այնուամենայնիվ, որոշակի լարվածություն է մտցրել կողմերի միջև:

Նախորդ հոդվածը‘ԵՄ Խորհրդարանի խմբակցությունները Սաֆարովի գործով համատեղ բանաձևի նախագիծ են մշակել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի նախագահը խեղաթյուրում է փաստերը. Ռ.Քոչարյանի գրասենյակ’