‘Մեծիկյանին թողած՝ Մանրիկյանին են ազատում ‘

1204

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Մանրիկյանին աշխատանքից ազատելու պատճառը «պաշտոնյային անհարիր պահվածքն է»: Դրդապատճառը՝ «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրձելյանի գործը, որը, սակայն, տեղի էր ունեցել այս տարվա մայիսին: Այսինքն՝ սրանից ավելի քան 5 ամիս առաջ: Մինչդեռ Մանրիկյանին պաշտոնանկ են արել Սերժ Սարգսյանի կողմից` դատախազության աշխատակիցների հետ հրավիրված խորհրդակցությունից հետո:

Մանրիկյանի գործը, սակայն, լավագույնս բնութագրում է, թե ինչի համար է նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ անցկացնում, եւ որոնք են դրանց իրական նպատակները:

Երբ մարդիկ ասում են` Հայաստանի ոստիկանական համակարգում կոռուպցիա կա, մարդիկ միանգամից հասկանում են` եթե ոստիկանապետը կոռուպցիոներ չէ, համակարգի կոռուպցիան առնվազն կիսով չափ կնվազի:  

Երբ մարդիկ ասում են` դատախազությունում կոռուպցիա կա, մարդիկ միանգամից հասկանում են՝ գլխավոր դատախազը եթե կոռուպցիոներ չէ, չի կարող դատախազությունում կոռուպցիա լինել:

Երբ ասում են՝ բանակում կա կոռուպցիա, մարդիկ հասկանում են` «նախարարի ականջը կանչի»:

Ավելին, երբ ասում են՝ այս կամ այն գերատեսչությունների ղեկավարները կոռուպցիոներներ են, մարդիկ հասկանում են՝ եթե նրանց պաշտոնի նշանակող վարչապետը կոռուպցիոներ չէ, ապա նախարարները չեն կարող համատարած կոռուպցիոներներ լինել:

Է՛լ ավելին. երբ մարդիկ ասում են՝ նախարարներն ու վարչապետը կոռուպցիոներներ են, ապա մարդիկ հասկանում են նաեւ, որ այդ պաշտոնյաները չեն կարող թաղված լինել կոռուպցիայի մեջ, եթե նախագահի աթոռին բազմած անձը կոռուպցիոներ չէ: Այսինքն՝ սա մի շղթա է, եթե կուզեք` Առաջին նախագահի խոսքերով ասած՝ «վերից վար կոռումպացված մի բուրգ», որտեղ կոռուպցիան, հանցավորությունը մետաստազներով հասել են մինչեւ գագաթը: Ավելին, տվյալ դեպքում, հիվանդությունը տարածվում է գագաթից դեպի ստորին հատվածները, եւ հիվանդության ամենավտանգավոր եւ մահացու օջախը հենց բուրգի գագաթում է: Այնպես որ՝ երբ Սերժ Սարգսյանը գնում է դատախազներին հյուր եւ հաթաթա է տալիս, թե ոլորտում այնպիսի բաներ են կատարվում, որոնք սովորական տրամաբանության մեջ չեն տեղավորվում, մարդիկ հասկանում են, որ դատախազության համակարգը քայքայումից փրկելու համար միայն մեկ ճանապարհ կա. կամ Սերժ Սարգսյանը պետք է անմիջապես սկսի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության գործընթացը, կամ` հակառակը, Աղվան Հովսեփյանը պետք է սկսի Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը: Այսինքն՝ գլխավոր օջախները պետք է մարվեն: Կամ էլ` Սերժ Սարգսյանը պետք է սկսի Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության գործընթացն այն հիմնավորմամբ, որ վերջինս չի սկսել իր պաշտոնանկության գործընթացը: Ասել է թե` Սերժ Սարգսյանի շուրթերից հնչած եւ թեւավոր խոսք դարձած «գլխից է պետք բռնել, մեծերին» արտահայտությունը պետք է  վերջապես ի կատար ածվի: Թե չէ ստացվում է, որ ասում-խոսում են, որից հետո էլ, մեծիկյաններին բռնելու փոխարեն՝ միայն մանրիկյանների հախից են գալիս:

Արդարացի չէ:


Պարգեւ Ապրեսյան

 

Կոլաժը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Սաֆարովի արտահանձնումից երկու ամիս է անցել, սակայն կոնկրետ գործողություններ չկան’
Հաջորդ հոդվածը‘Վաղը բողոքի ցույց կանցկացվի՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների ‘