‘Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակազմը հեռանում է Եմենից’

847

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարել է Եմենում իր դեսպանատան աշխատակազմի լիակատար տարհանման մասին, հաղորդում է France-Presse գործակալությունը: Բրիտանական արտաքին գերատեսչության հատուկ հայտարարության մեջ ասված է, որ դիվանագետները, տեխնիկական անձնակազմը և նրանց ընտանիքների անդմները կլքեն Եմենը «անվտանգության նկատառումներով»: Թե որքան ժամանակ դեսպանատունը Սանայում չի գործի՝ հայտարարության մեջ չի ասված, սակայն հայտնի է, որ դիվանագետները ժամանակավորապես են հեռանում Եմենից:

Բրիտանացիներից մի քանի ժամ առաջ իրենց դեսպանատան շտապ տարհանման մասին հայտարարեցին ամերիկացիները: ԱՄՆ պետդեպարտամենտը պարզաբանեց, որ տեղեկություններ ունեն «Ալ-Քաիդայի» հավանական հարձակման վերաբերյալ: Եմենում անձնական կամ գործնական նպատակներով գտնվող ամերիկացիներին պետդեպարտամենտը խորհուրդ  տվեց անհապաղ հեռանալ այդ երկրից:

ԱՄՆ քաղաքացիների շուտափույթ տարհանման նպատակով արդեն երկու ինքնաթիռ է ժամանել Սանայի օդանավակայան, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրեյվիքին հրաժարվեցին ընդունել Օսլոյի համալսարան’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդի խորհրդարանական ընդդիմությունը միանում է փողոցային բողոքի ցույցերին’