‘Մեծ Բրիտանիայի դեսպան. Օսկանյանի ու ՀԱԿ ակտիվիստների գործերը զարմանք ու հարցեր են առաջացրել ‘

1160

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան դեսպան Քեթրին Լիչն իր բլոգում անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին՝ մասնավորապես նշելով, որ պետական կառույցները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք գործում են հանրային և ոչ թե կառավարության շահի համար: Լիչը, անդրադառնալով հայաստանյան արդարադատությանը, անդրադարձել է նաև ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների գործին: Դեսպանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այս շաբաթ մտորում էի երիտասարդ դեմոկրատիայի դժվարին խնդիներից մեկի մասին, այն մասին, թե ինչպես ստեղծել արդարադատություն, որին մարդիկ կարող են հավատալ: Սա մտքիս եկավ այն ժամանակ, երբ վերադառնում էի Մեծ Բրիտանիայից, որտեղ հանդիպումներ էի ունեցել բրիտանական բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և տարածաշրջանի հետ համագործակցությամբ: Ցանկացած բիզնեսմեն անցումային կամ զարգացող տնտեսության մասին մտածելիս անմիջապես ասում է. «եթե ես խնդիրներ ունենամ արդյո՞ք դատարանները ի զորու կլինեն դիտարկել իմ հայցը անաչառ ու ժամանակին: Թե դա լինելու է՝ ով վճարում է նա հաղթում է տարբերակով:

Վերադառնալով Երևան ես պատիվ ունեցա հանդիպել Փաստաբանների ասոցիացիայի ներկայացուցիների հետ, ովքեր պատմեցին իրենց նոր նախաձեռնության՝ մարզերում դատապաշտպաններին աջակցելու մասին: Նրանք ցանկանում են բարելավել այս ոլորտում շատ աշխատող, բայց ցածր վճարվող փաստաբանների հմտություններն ու ինքնավստահությունը, բարձրացնել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ իմացության մակարդակը: Սա միանշանակ կնպաստի մարզային դատարանների գործունեության որակի բարձրացմանը, հնաոճ ինկվիզիցոն համակարգից մրցակցայինին անցնելուն, որտեղ մեղադրյալի շահերի պաշտպանությունն առաջնային է:

Բայց ինչպես համակարգում վստահություն ստեղծել: Արդարադատության համակարգը, որը օրենքի առաջ հավասրություն է ապահովում բոլորի՝ աղքատի ու հարուստի, ուժեղի և թույլի համար, պետք է կազմվի մի քանի հզոր, անկախ հաստատությունների կողմից (ոստիկանություն՝ հետաքննելու և փաստարկներ գտնելու համար, դատախազություն՝ գտնելու գործի բավարար հիմքերն ու հանրային կարևորությունը, դատապաշտպաններ՝ մեղադրյալի իրավունքները պաշտպաննելու և դատավոր՝ գործընթացը օրենքով պաշտպանելու համար: Նման կառույցներ ստեղծելը բարդ է ցանկացած տնտեսապես փոքր երկրի համար, որտեղ աշխատավարձը համեմատաբար ցածր է:

Ահա ինչու մենք Մեծ Բրիտանիայում անվերապահորեն հավատում ենք ատենակալների համակարգին, տասներկու սովորական տղամարդիկ և կանայք ովքեր դատարանում հանդես են գալիս որպես հակակոռուպցիոն պատնեշ:

Իրականում արդարադատությունը պետք է լինի հակակշիռների ու զսպումների համակարգ: Եթե դրա մի հատվածը կամ այնտեղ աշխատողների մի մասը թույլ են ու կոռումպացված, ապա մյուս հատվածները պետք է բացահայտեն դրանք: Սակայն նույնիսկ ամենակայացած համակարգերում հաճախ ժամանակ է հարկավոր բացահայտումներ ու կանխումների համար:

Ես կարող եմ ներկայացնել բազմաթիվ դեպքեր Մեծ Բրիտանիայի վերջին քառասուն տարվա պատմության մեջ, երբ դատարանի թերի որոշումները՝ հիմնականում հիմնված կեղծ ցուցմունքների և/կամ դատախազության կողմից փաստարկների ոչ բավարար ներկայացման հետ, տևել են տարիներ: Կառույցները ենթագիտակցորեն պաշտպանում են իրենք իրենց և դժվարանում ընդունել սեփական սխալները:
ՄԲ-ի մեկ այլ օրինակում, որը տեղի է ունեցել անցյալ ամիս, անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի քան քսան տարի առաջ ոստիկանները շրջել են իրենց ցուցմունքները և փորձել են կոծկել սեփական սխալները 96 Լիվերպուլցի ֆուտբոլային երկրպագուների մահվան պատճառ դարձած Հիլսբորո մարզաֆաշտում տեղի ունեցած հանրային բախման ժամանակ:

Հավանաբար դեմոկրատական ուղին բռնած երկրների պետական ֆինանսավորում ունեցող կառույցների համար ամենադժվարը ներկայացնելն է, որ նրանք իսկապես անկախ են գործում կառավարությունից:

Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների, այլև հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված գործը): Իսկ ամենաթարմը՝ նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի դեպքն է: Սովորական մարդկանց համար դժվար է ասել, թե Վարդան Օսկանյանը մեղավոր է կամ անմեղ: Բայց մի բան ակնհայտ է, որ երբ մայիսի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ չի լինելու կոալիցիայի մեջ հաջորդ օրը՝ մայիս 25-ին Վարդան Օսկանյանի ֆինանսական գործի հետաքննությունը ընթացքի մեջ մտավ:

Իհարկե այս տվյալները պարզապես կարող են համընկած լինել, սակայն փաստն այն է, որ եթե մարդիկ հարցնում են խնդրի քաղաքական լինելու մասին, ապա համապատասխան պետական կառույցները 

պետք է կարողանան ապացուցել, որ իրենք գործում են հանրային և ոչ թե կառավարության շահի համար:

Գուցե սա հանրային վստահության պակասի արդյունք է: Ես կարծում եմ, որ այո… Հասարակության կողմից վստահության և աջակցության բացակայությունը ներկայացնում է արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը: Այնպես որ կայացման այս դժվարին պայմաններում անհրաժեշտ է մտածել պետական կառույցների աշխատանքի ձևի և որակի ապահովման մասին:

Իրավական համակարգում՝ հասարակական վստահություն ապահովելու հետ կապված անգլիական մի լավ խոսք կա. «Արդարադատությունը պետք է իրականացնել և այն նախ պետք է տեսնել, որպեսզի իրագործել»

Ամեն ինչ ունի իր նշանակությունը՝ ժամանակահատվածը, թափանցիկություն, արդարության ներկայացումը: Թրանսփարանսի Ինթերնեյշնալ-ի վերջին հաշվետվությունը ներկայացնում է, որ Հայաստանում բավարար կերպով չեն ներկայացվում պետական պաշտոնյաների և պատգամավորների ունեցվածքի տվյալները: Բարձրաստիճան անձանց ֆինանսական միջոցների թափանցիկությունը իսկապես կարևոր գործոն է ներկայացնելու հանրությանը, որ բոլորը իսկապես հավասար են օրենքի առաջ:

Նախորդ հոդվածը‘«Դորիանսի» համերգը Թումոյում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Կամ ՀՀԿ-ն պիտի փակվի, կամ Սերժ Սարգսյանը պիտի դուրս գա ՀՀԿ-ից ‘