‘Մեծ պայթյունին ընդառաջ’

2260

Մոսկվայի մերձակայքում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարին հետևած իրադարձությունների արձագանքներն իրականում գուժում են (հերթական անգամ) շատ ավելի մեծ, պետական մասշտաբի ողբերգության մասին: Խոսքը պետական ամենավերին օղակներում անիմաստ հարայ-հրոցով, զգացմունքային դանգուդվալով և կենդանական, բնազդային մակարդակի «դատողություններով» տրամաբանության խեղդման մասին է»:

Երբ նախորդ տարի Ադրբեջանը հասավ մարդասպան Սաֆարովի էքստրադիցիային, և, խախտելով միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ ու Հունգարիայի հետ երկկողմ պայմանավորվածությունը՝ անմիջապես ազատ արձակեց ցմահ դատապարտված հանցագործին, թվում էր, թե Հայաստանի դիվանագիտության ձեռքում մի այնպիսի հզոր հաղթաթուղթ հայտնվեց, որ այն օգտագործել չկարողանալու համար պետք է կա՛մ չուզենալ օգտագործել, կա՛մ լինել Գինեսի գրքում հայտնվելու արժանի աստիճանի բութ:

Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանը: Մենուաներ ու կարենավագյաններ բուծող երիտթևերը մի քանի լոլիկ նետեցին ՀՀ-ում Հունգարիայի պատվո հյուպատոսարանի ուղղությամբ, իսկ պետությունը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ փաստացի ավելորդ տհաճությունների և բյուրոկրատական լրացուցիչ քաշքշուկների առաջ կանգնեցնելով Հունգարիայի հետ այս կամ այն կերպ կապված ՀՀ քաղաքացիներին: Վերջ: Պատմությունն այսքանով ավարտվեց:

ՀՀ քաղաքացի վարորդի հետ Մոսկվայի մերձակայքում պատահածի արձագանքը լիովին տեղավորվում է վերոնշյալ «մտածելակերպի» շրջանակներում: Դեպքից հետո Մոսկվայի քաղաքապետն աչքի ընկավ իր ֆաշիստական գնահատականներով: Նրանից հետ չմնացին «դատական» համակարգի, հիվանդանոցի, հանրային հեռուստատեսության աշխատողները՝ 2-3 օր շարունակ աշխարհով մեկ սփռելով ֆաշիզմի յուրօրինակ ու ցցուն դրսևորումներ: Անգամ պետդումայում շրջանառության մեջ դրվեց «Օտարերկրացի վարորդների» մասին մի նախագիծ, որի հենց անվանումից արդեն ֆաշիզմ է ծորում:

Այս փաստերից յուրաքանչյուրը բավական էր՝ ողջ քաղաքակիրթ աշխարհի համակրանքը շահելու համար (առնվազն): Բայց ի՞նչ արեց հայկական կողմը. հատուկենտ բացառություններով, ըստ էության, ֆաշիզմին պատասխանեց ֆաշիզմով՝ կենտրոնանալով խալաթի վրայի ծաղիկների, վարորդի ազգության ու նախկին ազատամարտիկ լինելու հանգամանքի վրա՝ տպավորություն ստեղծելով, որ եթե վարորդը լիներ ՀՀ քաղաքացի քարտաշ ուզբեկ, հագին էլ՝ շարքային պիժամա, ուրեմն՝ ոչ մի խնդիր չէր լինի:

Թեև սթափությունից գրեթե զուրկ, բայց իրականում նման ռեակցիան անկեղծ էր: Այդ մասին է վկայում, օրինակ՝ այս օրերին Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկների հայտարարած հացադուլը, որն ուշադրության չի արժանանում ո՛չ պատկան մարմինների, ո՛չ սաստիկ հայրենասերների, ո՛չ էլ անգամ ԶԼՄ-ների կողմից:

Փաստերի համադրումը, սակայն, խոսում է այն մասին, որ ցանկության դեպքում պետությունը հեշտությամբ կարող էր պաշտպանել իր քաղաքացու իրավունքները, որովհետև դրան նպաստող շատ բան կա (կազմակերպություն, որը հանձնարարել է խիճը տեղափոխել շրջանառությունից հանված անսարք մեքենայով, ոստիկանություն, որը տարիներ շարունակ անտեսել է տարածքում համապատասխան կարգավորումներ տեղադրելու բնակիչների հորդորները, ավտոբուսի վարորդ, ով նախատեսված 35-ի փոխարեն տեղափոխում էր 64 ուղևոր և այլն): Սակայն հերթական անգամ պարզ դատողությունները խլացվում են զգացական աղմուկով, ինչը նորանոր կորուստների է հանգեցնում բոլոր ուղղություններով՝ սկսած այլ երկրում ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունից՝ վերջացրած Արցախի խնդրով ու Հայաստանի անվտանգությամբ: Իսկ նման կորուստները չեն կարող անցնել-գնալ: Դրանք պարզապես ավելի ու ավելի են մեծացնում սպասվելիք անխուսափելի պայթյունի ուժգնությունն ու ավերածությունների ծավալը:

Ռաֆայել Թեյմուրազյան 

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտը Երևանում կթանկանա հուլիսի 20-ից’
Հաջորդ հոդվածը‘«Անթրաշ» գյուղապետը՝ մարզպետին. Գնացեք, նախ, Տիգրան Սարգսյանին թրաշեք’